
«Հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաշինգտոնի «խաղաղության» իրական գինը
Շահող №1 – Ադրբեջան
Ստացավ Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում․ հռչակագրում հստակ գրված է՝
«…Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը…»
Եվ, ամենաուշագրավը, հռչակագիրը ստորագրելով, իր անունը դրեց Սյունիքի ճանապարհի շահագործման փաստաթղթի տակ, ինչը նշանակում է՝ Ալիևը դե ֆակտո դառնում է այդ ճանապարհի «փայատեր»։
Ստեղծեց քաղաքական հիմք ԼՂ հարցի վերջնական փակման համար․
«…միջազգային սահմանների անքակտելիությունը… երբեք չպետք է ենթակա լինի վերանայման…»
Հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին,
Նախօրեին կնքեց SOCAR–ExxonMobil նավթային խոշոր գործարք՝ ամրապնդելով էներգետիկ դաշինքը ԱՄՆ-ի հետ,
Ստացավ նաև առավել վտանգավոր քաղաքական խոստումը՝ Ալիևի խոսքերով՝ «Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոխելու Սահմանադրությունը»,
Շահող №2 – ԱՄՆ
Իր վերահսկողության տակ վերցրեց TRIPP միջանցքի ծրագիրը․
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է… «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով…»
Նվազեցրեց Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում,
Թրամփի համար ստացավ «խաղաղարարի» միջազգային իմիջ և PR։
Հայաստան – կարճաժամկետ դադար, բայց ոչ համակարգային հաղթանակ
Խուսափեց ռազմական նոր էսկալացիայից,
Ստացավ միայն ներդրումային խոստումներ և «տրանսպորտային հանգույց» դառնալու մասին բարձրաձայն PR, առանց որևէ կոնկրետ երաշխիքների կամ ամրագրված պարտավորությունների,
Իրական, կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման ուղղությամբ, արդյունքներ չկան։
Բայց Հայաստանի համար չլուծվեցին անգամ ամենահրատապ հարցերը.
- Ապաշրջակման հստակ պայմաններ չկան,
- Բաքվում պահվող հայ գերիները չեն վերադարձվել,
- Հայաստանի որոշ տարածքների դեօկուպացիան չի իրականացվել,
- Եվ այժմ արդեն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Երևանի ընդունած պարտավորությունը՝ փոխել Սահմանադրությունը։
Հռչակագրի բովանդակությունն ու կողմերի հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանը համաձայնել է 99 տարով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը՝ առանց վերանայման հնարավորության, փակել ԼՂ հարցի միջազգային հարթակը, պատրաստակամություն հայտնել փոխել Սահմանադրությունը և փաստացի դարձրել Ալիևին Սյունիքի ճանապարհի «փայատեր»։
Արդյունքը
Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում։
Հայաստանը՝ ժամանակավոր շունչ, բայց նաև նոր կախվածություններ, սահմանափակ ինքնիշխանություն և աշխարհաքաղաքական պայթունավտանգ կիզակետում հայտնվելու վտանգ։
Բնական է, որ հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ:
Իսկ Հանրապետության բոլոր կողմնակիցները՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարտավոր են համախմբվել՝ Անկախության շարժում սկսելու համար:»: