Պուտինն արդեն սեղմել է կոճակը
Հունիսի 27-ին Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրն ու դրա մասը կազմող Խորը և ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանը չստորագրեց, որովհետև նաև չէր նախաստորագրել, չնայած վերը նշված երեք երկրների հետ միաժամանակ ու, ըստ եվրոպացիների, այդ երեք երկրներից ավելի բարեհաջող էր ավարտել բանակցություններն ու համաձայնագրի մշակման աշխատանքը: Հայաստանը դեռևս չի ստորագրել նաև Եվրասիական միությանն անդամակցության համաձայնագիրը, որը ստորագրելու համար հրաժարվեց, ավելի ճիշտ՝ ստիպեցին, իսկ ավելի ճիշտ՝ ստիպեցին, ու Հայաստանը չդիմադրեց ու չդիմադրելով՝ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից:
Հունիսի 27-ից վերը նշված երեք երկրներն այլևս այլ քաղաքական ու քաղաքակրթական համակարգի մաս են դարձել: Հայաստանի համար, բնականաբար, առաջին հերթին՝ կարևոր է մեր անմիջական հարևանի՝ Վրաստանի եվրոասոցիացումը: Մեր եվրասիականացման համատեքստում դա ոչ միայն կարևոր, այլ նաև վտանգավորության աստիճանի կարևոր հանգամանք է: Թեև այս օրերին հանրային-քաղաքական շրջանակներում քննարկվում են Վրաստանի՝ եվրաասոցիացման ու Հայաստանի՝ եվրասիականացման պարագայում՝ տնտեսական հարաբերությունների, մաքսային ռեժիմների ու դրույքաչափերի հետ կապված հարցեր, սակայն իրականում շատ ավելի կարևոր են քաղաքական տարբերությունները, որոնք անխուսափելիորեն վերաճելու են ռազմաքաղաքական տարբերությունների:
Վրաստանը հետևողականորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մի քանի քայլով Վրաստանին մոտեցնելու է Հյուսիսատլանտյան դաշինքին: Հայաստանը ոչ մի տեղ էլ չի ձգտում ու ոչ միայն տեղում չի դոփում, այլև ավելի են խորանում բոլոր տեսակի կախվածությունները Ռուսաստանից, այդ թվում և առաջին հերթին՝ վերջինիս ռազմական ներկայության իմաստով:
Այսինքն՝ Վրաստանի եվրոասոցիացումից ու որպես դրա հետևանք՝ 5 կամ 10 տարի անց՝ նաև ՆԱՏՕ-ի անդամակցությունից հետո հայ-վրացական սահմանը դառնալու է ՀԱՊԿ-ՆԱՏՕ-ական, իրականում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ-ական երկրորդ սահմանը Հայաստանի արդեն հյուսիսային հատվածում: Առաջինը, հայտնի է, հայ-թուրքական սահմանն է, որը հսկում են մեր կողմից՝ ռուս սահմանապահները, հակառակ կողմից՝ թուրքական զինուժը, որն իր հերթին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինուժ է, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորամիավորումը: Այսինքն՝ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը հայտնվում է նաև ռազմաքաղաքական շրջափակման մեջ՝ կողմերի միջև դիմակայության առաջացման դեպքում ռազմական գործողությունների վերածվելու երաշխավորված հեռանկարով:
Հունիսի 27-ից հետո տարածաշրջանում ստեղծվել են միանգամայն նոր իրողություններ, որոնք կարճ ժամանակ անց կարող են տարածվել նաև «մեծ տարածաշրջանի վրա»: Առաջիկա շաբաթներին նախատեսվում է «Վեցյակի» և Իրանի միջև համապարփակ համաձայնագրի ստորագրում, ինչը նշանակում է Իրան-Արևմուտք հարաբերությունների զգալի սերտացում՝ դրանից բխող հետևանքներով: Հասկանալի է, որ Իրանը չի դառնալու ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ: Սակայն հասկանալի է նաև, որ Իրանը չի դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության կամ ՀԱՊԿ անդամ: Եվ եթե շատ ընդհանուր գծերով ներկայացնենք, ուժերի տարածաշրջանային հարաբերակցության առումով Իրանը տեսանելի ապագայում, մեծ հավանականությամբ, թեքվելու է ավելի շատ դեպի արևմտյան, քան՝ դեպի ռուսական բևեռը: Բնականաբար, պահպանելով տարածաշրջանային խոշոր խաղացողի իր կարգավիճակը:
Նշված և բազմաթիվ այլ գործոնների համադրության արդյունքում Հայաստանը, ըստ էության, հայտնվել է տարածաշրջանային «արգելակի» դերում: Առաջին հերթին՝ ռազմաքաղաքական, և միայն հետո՝ տնտեսական առումով: Ընդ որում, այնպես չէ, որ Հայաստանը տարածաշրջանային վեկտորալ զարգացմանն արգելակում է սեփական շահերից ելնելով: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի շահերից էր (է) բխում՝ ընթանալ այն ուղիով, որով ընթանում է տարածաշրջանը, պարզապես Հայաստանին այդ ուղղությունն ընտրել թույլ չտվեց Ռուսաստանը:
Որովհետև Հայաստանի եվրոասոցիացման դեպքում Ռուսաստանը ոչ հեռավոր ապագայում ստիպված էր լինելու հեռանալ տարածաշրջանից: Իսկ Ռուսաստանը, ինչպես անցած տարվա դեկտեմբերին Գյումրիում հայտարարեց Վլադիմիր Պուտինը, չի պատրաստվում հեռանալ ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանից, որտեղից արդեն հեռացել է՝ մնալով միայն Հայաստանում: Մի խոսքով, եթե շատ ավելի պարզ ձևակերպենք, հունիսի 27-ին Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որովհետև այդ դեպքում Պուտինի վերը նշված հայտարարությունը կդառնար փուչիկ:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանի շահը զոհաբերեց Պուտինի հայտարարությանը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կամավոր դարձավ Պուտինի ռեգիոնալ «տոռմուզը», որը սեղմելու համար անգամ պետք չէ հասնել Հայաստան: Այն այլևս հեռակառավարվող «տոռմուզ» է, որի կոճակը երևի գտնվում է Ռուսաստանի նախագահի այն ճամպրուկներից մեկում, որում գտնվում են նաև աշխարհին վախեցնող այլ կոճակներ: Դրանք, բարեբախտաբար, չեն սեղմվել, և պետք է հուսալ, որ երբևէ չեն սեղմվի: Ի տարբերություն Հայաստանի կոճակի, որը Պուտինը սեղմել է անցած տարվա սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայում, նույն տարվա դեկտեմբերի 2-ին՝ Գյումրիում: Ու կշարունակի սեղմել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում առանձնակի հաճույք են ստանում ռուսական ցանկացած սեղմումից: