«Անձամբ պատրաստ կլինեմ զենքը ձեռքիս սատարել այդ ապստամբությանը». Անդրիաս Ղուկասյան
Նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ցանկացած պետության անկախության ճանաչումը հանդիսանում է մյուս պետությունների հետ միջազգային հարաբերություններում նրա ինքնիշխան հավասարության և ինքնուրույն պատասխանատվություն կրելու կարողության ճանաչում:
Հայաստանի իշխանությունների կողմից ԼՂՀ իրավահավասարության մերժումը լոկ արհեստականորեն ստեղծված քաղաքական ռեսուրս է, որը թույլ է տալիս ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում առևտուր անել ԼՂՀ օրինական իրավունքներով:
Համընդհանուր հայտնի է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն արդեն քսան տարուց ավել է կազմում են միություն՝ ունեն ընդհանուր զինված ուժեր, կազմում են միասնական տնտեսական և մաքսային տարածք:
Այն, որ երկու պետությունների միջև բացակայում են միջպետական հարաբերությունները կարգավորող հրապարակային համաձայնագրեր, չի նշանակում, որ այդ համաձայնագրերը չկան:
Այդ պատճառով այն կարծիքը, որ Հայաստանը կարող է մտնել Եվրասիական տնտեսական միություն առանց ԼՂՀ իրավական համաձայնության, չի համապատասխանում իրականությանը:
Այսօր ողջ հայկական հանրությանը պարզ է, որ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել Հայաստանի սահմանների կառավարումը հանձնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Հանրային հեռուստատեսությամբ հունիսի 17-ի իր ելույթում Սերժ Սարգսյանը լռեց այն մասին, որ ապագայում իր որոշման հետևանքով ԼՂՀ քաղաքացիների համար այդ սահմանը հատելու դեպքում կարող է վիզային ռեժիմ մտցվել, իսկ ապրանքներից գանձվելու են մաքսատուրքեր:
Նա նույնպես կարիք չհամարեց բացատրել, թե ինչպես են լուծվելու ԼՂՀ պաշտպանությունը իրականացնող հայկական զինված ուժերի մատակարարման հարցերը:
Եվ իշխող կուսակցությունը և խորհրդարանական ընդդիմությունը քաջատեղյակ են այդ որոշման բոլոր հետևանքների մասին:
Դրա համար է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ հրապարակայնորեն հանդես եկան Սերժ Սարգսյանի գործողությունների դեմ և, իրենց վրայից հանելով պատասխանատվությունը դրանց հետևանքների համար, կազմակերպված «արձակուրդ գնացին» մինչև սեպտեմբեր:
Այդպիսով՝ այդ քաղաքական գործիչները ապահովեցին իրենց «ալիբին», որպեսզի ոչ ոք չկարողանա ապագայում մեղադրել իրենց այդ որոշմանը աջակցելու մեջ:
Հայ հանրությունը տեղյակ է, որ Սերժ Սարգսյանը ստում է, երբ ասում է, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն վնաս չի պատճառի Հայաստանի և ԼՂՀ ընդհանուր ազգային շահերին:
Սակայն Հայաստանի քաղաքացիները ստիպված են հաշվի առնել այն փաստը, որ արդեն շատ տարիներ ԼՂՀ անունից իր քաղաքական կարգավիճակի և սահմանների համար որոշումներ ընդունելու մանդատը շնորհված է Հայաստանի նախագահին:
Այդ մանդատը Սերժ Սարգսյանին իրավունք է տալիս հանրության և բոլոր քաղաքական ուժերի կարծիքը հաշվի չառնելով, միջազգային պայմանագիր ստորագրել, որի կատարումը Հայաստանի կողմից անխուսափելիորեն կհանգեցնի երկրի սահմանների նկատմամբ օտարերկրյա մաքսային վերահսկողության հաստատմանը:
ԼՂՀ իշխանություններն իրենց լռությամբ համերաշխություն են հայտնել Սերժ Սարգսյանի որոշման հետ:
Այդպիսով, նրանք փորձ են առել ապագայում խուսափել ԼՂՀ քաղաքացիների առջև պատասխանատվությունից՝ այդ որոշման բոլոր բացասական հետևանքների համար:
Ես իմ պարտքն եմ համարում բոլորի ուշադրությունը հրավիրել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի և ԼՂՀ պետական ինքնիշխանության ճակատագիրը գտնվում է քաղաքացիական հանրության ձեռքերում:
Այսօր գորձող հայ պետական և քաղաքական գործիչները աշխարհում հայտնի են պատասխանատվությունից ճարպկորեն խուսափելու իրենց բացառիկ կարողությամբ:
Իրենք հուսով են, որ վաղն իրենց կհաջողվի պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև փոխանցել Պուտինի և Եվրասիական Տնտեսական միության կառավարման մարմինների ուսերին:
Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրության խնդիրը ես տեսնում եմ այդպիսի իրավիճակը բացառելու մեջ:
Բոլոր պետական և քաղաքական գործիչները արդեն այսօր պետք է հստակ իմանան, որ չնայած ցանկացած «ալիբիների»՝ բարձր գին կվճարեն Սերժ Սարգսյանի որոշման բացասական հետևանքների համար:
Հայկական կառավարության ցանկացած միակողմանի գործողություն, իրականացված առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական համաձայնության, որը կսահմանափակի Հայաստանի և ԼՂՀ միջև գոյություն ունեցող պետական սահմանի ազատ ռեժիմի գործելը կդառնա զինված ժողովրդական ապստամբության առիթ:
Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում ես անձամբ պատրաստ կլինեմ զենքը ձեռքիս սատարել այդ ապստամբությոանը մինչ դրա լիակատար հաղթանակը»: