Կուրկումայի բուժիչ արմատը

Բուժիչ նամակներ

Կուրկուման կոճապղպեղազգի (Zingiberaceae) բազմամյա բույս է։ Տարբերվում են կուրկումայի մոտ 40 տեսակներ, որոնցից առավել հայտնի են կուրկումա տնականը (Curcuma domestica), բուրավետը, ցիտվարայինը և Ջավայանը։ Այս տեսակների արմատներն օգտագործվում են որպես համեմունք և ունեն բուժիչ հատկություններ։

Կուրկումա տնականը, նույնն է` կուրկումա երկար, հաճախ անվանում են նաև հնդկական զաֆրան։ Այս հանգամանքը որոշ խառնաշփոթ է առաջացել հայերենի բառարաններում, որոնցում հաճախ կուրկումա և զաֆրան խոտաբույսերի անվանումները թարգմանվում են նույն բառով` քրքում։

Կարևոր է իմանալ, որ զաֆրանը (Crocus sativus) հիրիկազգիների ընտանիքին (lirdaceae) պատկանող բույս է, իսկ որպես համեմունք և ներկող նյութ` օգտագործվում են բույսի ձագարանման, նարնջագույն առէջքները։ Զաֆրանն անհամեմատ ավելի թանկ է, քան կուրկուման (տե՛ս, Ջ. Սահակյան, Զաֆրան, «168 Ժամ», 10.04.2013թ.)։

Կարդացեք նաև

Կուրկումա տնականի հայրենիքը Արևելյան Հնդկաստանը և Վիետնամն են, մշակվում է Կամբոջայում, Շրի Լանկայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Մադագասկարում, հարևան Վրաստանի հարավ-արևմուտքում։
Բազմանում է կոճղարմատից առանձնացված մանր կտորներով։
Եվրոպական երկրներում, բացառությամբ Անգլիայի, կուրկուման քիչ է տարածված։
Շատ հարգի է և մեծ կիրառում ունի ԱՄՆ-ում։

Ուտեստների պատրաստման համար և բուժիչ նպատակներով օգտագործում են բույսի կոճղարմատները, որի հիմնական հարստությունը կուրկումին կոչվող ներկանյութ պարունակող եթերային յուղն է։

Կոճղարմատը սկսում են մթերել, երբ դեղնում են արտաքուստ ղամիշ հիշեցնող կուրկումի տերևները։

Դրանք ընկղմում են եռջրի մեջ, ինչի հետևանքով արագանում է արմատի հասունացումը, և կուրկումին պարունակող բջիջները տրոհվում և տարածվում են արմատի ողջ զանգվածում։ Արդյունքում` արմատը «քարանում» է, ստանում է վառ դեղին գույն և սուզվում է ջրի մեջ։ Ամբողջական արմատը շատ գեղեցիկ է և հաճախ վաճառվում է` որպես հուշանվեր-հուռութ։

Փոշիացրած արմատը մութ տեղում երկար է պահպանվում։ Կուրկումը, ի տարբերություն զաֆրանի, լավ է լուծվում ճարպերի մեջ։
Կուրկուման պարունակում է նաև օսլա, կամֆորա, ճարպեր, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, յոդ, վիտամիններ` B2, B3, C, K, օքսալատներ։

Կուրկուման լավագույն բնական հակաբիոտիկներից մեկն է։Կուրկումին ներկանյութը նպաստում է «վատ» խոլեստերինի հեռացմանը` արյան հոսքից, և լեյկոցիտների ընդհանուր թվի ավելացմանը։

Արևելյան բժշկությունը կիրառում է կուրկուման նաև շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, ռևմատիկ արթրիտի, սակավարյունության, դաշտանի, պարբերականության խանգարման, մաշկային հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի դեպքում, նաև` որպես շնչառությունը լավացնող միջոց` թոքերի հիվանդությունների և կոկորդի բորբոքման (ֆարինգիտի) դեպքում։
Կուրկումա տնականն ունի ցավազրկող, հակաօքսիդանտ, լուծողական, վերքամոքիչ, հակակարկամային և նույնիսկ հակաուռուցքային ազդեցություն։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ստամոքսի, լեղապարկի, լյարդի և երիկամների գործունեությունը, աղիների օգտակար բակտերիալ միկրոֆլորան։ Յուրահատուկ հատկություն ունի կուրկումայի թւրմի մեջ ներկված կտորեղենը, որից պատրաստված ներքնազգեստը վերացնում է քորը, ալերգիկ ցանը, խորհուրդ է տրվում հագնել մաշկային հիվանդությունների դեպքում։

Զգուշացում։ Հակացուցված է լեղաքարային հիվանդության, սուր հեպատիտի դեպքում, հղիության շրջանում։ Մեկ օրվա թույլատրելի չափաբաժինը 0,5-1 գ է։ Խորհուրդ է տրվում խմել եփանծ կաթի հետ, ջրային թուրմը, կամ ուտել մեղրի հետ։

Ժողովրդական դեղատոմսեր
Անեմիա. 0,5-1գ կուրկումայի փոշին խառնեք 2 թ/գ մեղրի հետ։ Կերեք նախաճաշից առաջ։ Մրսածության դեպքում 1 թ/գ խառնուրդը 5-10 րոպե պահեք լեզվի տակ, կատարեք օրը 2-3 անգամ։
Ֆարինգիտ. 200 մլ գոլ ջրի մեջ լուծեք 1-ական թ/գ կուրկումայի փոշի և աղ (ցանկալի է ծովի)։ Կատարեք ողողումներ։
Հայմորիտ. 250 մլ տաք ջրի մեջ լուծեք 0,5 գ կուրկումայի փոշի և կես թ/գ աղ։ Ներարկիչի օգնությամբ (առանց ասեղի) կատարեք քթի ներլվացում, բերանում հավաքվող հեղուկը կուլ չտաք։
Լնդերի բորբոքում. 1 թ/գ կուրկումայի փոշին խառնեք 200 մլ տաք ջրի մեջ։ Կատարեք ողողումներ գոլ թուրմով։
Շաքարային դիաբետ. Խմեք մումիոի 1 հաբ և 0,5 գ կուրկումայի փոշի` օրը 1 անգամ, 100 մլ գոլ ջրի հետ։
Ասթմա. 0,5 գ կուրկումայի փոշին լուծեք 100 մլ տաք կաթի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։

Մրսածության դեպքում խմեք նույն չափաբաժնով` օրը 4-5 անգամ։

Վիտիլիգո. 250 գ կուրկումայի փոշին 8 ժամ թրմեք 4 լ ջրի մեջ, եփեք մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, ավելացրեք 300 մլ մանանեխի յուղ, կրկին եռացրեք ու եփեք, մինչև հեղուկն ամբողջովին գոլորշիանա։ Քսուքը պահեք հով տեղում, մուգ տարայի մեջ։ Օրը 2 անգամ մշակեք մաշկի սպիտակ հատվածները։ Բուժման ժամկետը կախված է հիվանդության ընթացքից` 1-6 ամիս։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Այրվածք. Խառնեք հալվեի (ալոէ) հյութ և կուրկումայի փոշի` մինչև ստացվի համասեռ խիտ զանգված, քսեք վերքին։ Ունի ցավազրկող, ախտահանող և վերքամոքիչ ազդեցություն։

Ախորժակը և մարսողությունը լավացնող, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող. 1 գ կուրկումայի փոշին 15 րոպե թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք թանզիֆով։ Խմեք 100-ական մլ` օրը 2-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Լեղամուղ. Խմեք «Curcuma» հոմեոպատիկ դեղամիջոցի D1-D3 լուծույթը` 5-ական կաթիլ` օրը 3-5 անգամ։
Սնկային ինֆեկցիաներ` միկոզներ. Կուրկումայի փոշին խառնեք ջրի հետ։ Ոչ խիտ համասեռ զանգվածը 2-3 ժամ թրմեք մութ տեղում։ Քսեք մաշկի վնասված հատվածին։
Ջիլերի ոլորման, վնասվածքի, մաշկի քորի և ցանի դեպքում. Կուրկումի և ջրի խառնուրդին ավելացրեք մեղր (3։1, 3։2)։

Կարևոր է իմանալ, որ կուրկուման ունի գեղարարական կիրառում, որպես մաշկը ամրացնող և հարթեցնող միջոցների բաղկացուցիչ մաս, ինչի մասին կարող եք կարդալ հաջորդ համարում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները:

Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս