«Մասնագիտությունն ընտրում են սրտով, ոչ թե վարձատրության չափով»

Համակարգչային գիտությունների դոկտոր, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների դասախոս, Հայաստանում առաջին ՏՏ ընկերություններից մեկի` «Ինստիգեյթի» համահիմնադիր Վահագն Պողոսյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1990-ականների կեսերից, երբ Հայաստանում չկար գիտության զարգացման համար գրեթե ոչ մի պայման… Բայց պարզվում է` գոյություն չունեցող պայմանները ոչինչ են այն մեծ կամքի դեմ, որն ուներ Վահագնը և նրա նման տասնյակ երիտասարդներ, ովքեր ջարդելով բոլոր պատերն ու քայլելով խոչընդոտների վրայով` հասան նրան, որ այսօր Հայաստանն էլեկտրոնային սարքերի նախագծման ասպարեզում արդեն աշխարհի քարտեզի վրա է:

Հայկական առաջին պլանշետները, անօդաչու թռչող սարքերը, խոսող գրքերն ու ժամանակին անիրական թվացող նման ծրագրերը Հայաստանում իրականություն են շնորհիվ նաև «Ինստիգեյթ» ընկերության:

Բարդագույն սարքերով, անհասկանալի գծագրերով անվերջ զբաղվող Վահագն Պողոսյանը, սակայն, «չորուցամաք» ինժեներ չէ. նա վստահ է, որ հոգեպես և ֆիզիկապես լիարժեք մարդ լինելու համար ամեն ինչ պետք է սկսել սկզբից` վերադառնալով արմատներին: Ազգային երգի, պարի, հայկական մշակույթի տարածումը, գրաբարի վերականգնումն ամենօրյա մտահոգություն և աշխատանք են` նրա գծագրերին ու ինժեներական նախագծերին զուգահեռ: Ինքն անձամբ արդեն սկսել է որոշ տեքստեր գրել գրաբարով:

– Դուք ուսումնասիրում եք գրաբար, հետաքրքիր է` Ձեր ինչի՞ն է պետք:

Կարդացեք նաև

– Գրաբարը մեզ մեր արմատներին կապող մի միջոց է: Այսօր մարդը չի կարող լիարժեք լինել` առանց իր ֆիզիկական ու հոգևոր գեների: Հոգևոր գեներից լեզվի մեջ է նաև կոդավորված մեր տեսակը, որը կորցրել ենք: Ժողովուրդը հեռացել է ազգային պարից, որ միայն բեմերում ենք տեսնում, կամ երգից, որ միայն հատուկ առիթներով է հնչում, մինչդեռ ժամանակին դրանք ամենօրյա ներկայություն են եղել ժողովրդի կյանքում: Ես շատ փոքր էի, հիշում եմ` պապս իր եղբայրների և քույրերի հետ գյուղում «Քոչարի» էր պարում, ես շունչս պահած հետևում էի…

Այսօր սակավաթիվ մարդիկ փորձում են վերականգնել այդ ամենը, մենք համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի նորագույն ուսումնական ծրագրերի, սարքերի միջոցով դպրոցներում դասավանդվի ազգագրություն, գրաբար: Հայրիկ Մուրադյանի կայքը` www.hayrik.am, մենք ենք ստեղծել, համագործակցում ենք «Կարինի» հետ: Իսկ գրաբարը մի լեզու է, որն ուսումնասիրելուց փոխվում է մարդու խոսքը, մտածողությունը, կեցվածքը, շարժուձևը: Պատահական չէ, որ Եվրոպայում վերականգնում են լատիներենը, որն արդեն անհրաժեշտ է ոչ միայն բժշկության, այլև` շատ մասնագիտությունների համար, քանի որ մարդիկ ուզում են վերադառնալ իրենց ազնվական անցյալին:

Նկատելի է, որ այն մարդիկ, ովքեր լատիներեն գիտեն, նրանց և՛ խոսքն է տարբեր ու ազնվական, և՛ պահվածքն ու ոգին է ուրիշ: Մենք նույնպես ունենք այդպիսի ոգու անհրաժեշտություն, բայց կարիք չկա լատիներեն սովորելու, քանի որ մենք ունենք մեր հրաշալի գրաբարը… Այսօր ես կարճ տեքստերը, հրավերներն արդեն գրաբարով եմ գրում, թող մարդիկ տեսնեն, սովորեն. դա և՛ հանդիսավոր է, և՛ գեղեցիկ, և՛ հզոր:

– Վահագն, Ձեր ընտանիքում գիտական ավանդույթներ եղե՞լ են, ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը:

– Ոչ, չեն եղել նման ավանդույթներ: Հայրս բարձրագույն կրթություն չուներ, հեռուստացույց նորոգող էր, մայրս ուներ բարձրագույն կրթություն, բայց չէի ասի, թե ընտանիքում ինժեներական ավանդույթներ կային… 7-8-րդ դասարանում հրապուրվել էի ֆիզիկայով, հորս ընկերն ասում էր` գնա կոմպյուտեր սովորի, ֆիզիկայի մեջ փող չկա, բայց դա ինձ վրա չէր ազդում, ասում էի` մեծ մարդ է, թող խոսի: Ինձ վրա 10-11-րդ դասարանում ազդեց շփումն իմ ավագ ընկերների հետ, որոնք կիբեռնետիկայի ֆակուլտետում էին սովորում, երբ մի օր պատմեցին, թե ինչեր են անցնում, ինչպես են համակարգիչներն օգտագործելով` համակարգիչներ նախագծում` ինձ շատ հետաքրքրեց, և սկսեցի զբաղվել կիբեռնետիկայով: Այսինքն` ես հմայված էի մասնագիտությամբ, ինձ չէր հետաքրքրում ոչինչ: Մեր ֆակուլտետն Այգեձորում էր:

Հիշում եմ, որ իմ շատ կուրսեցիներ ինֆորմատիկան էին ընտրել և երկրորդ տեղով ընկել էին կիբեռնետիկա և վատ էին զգում, որ կենտրոնական մասնաշենքում չէին սովորում, իսկ ես ուրախ էի, քանի որ հենց կիբեռնետիկան էի ընտրել` մասնագիտությունը, քանի որ իմ ընկերն էր ինձ պատմել դրա մասին:

– Այսօր կա՞ն մասնագիտությամբ հմայված երիտասարդներ:

– Այսօր մասնագիտության քարոզչություն չի արվում ոչ մի տեղ` սկսած ընտանիքներից: Որևէ մասնագիտության հմայք կամ ռոմանտիկ կողմ չի ներկայացվում: Ծնողներն իրենց երեխաներին ուղղորդում են ինչ-որ ֆակուլտետներ, որոնք միշտ չէ, որ երեխաների սրտով են: Իսկ մասնագիտություն ընտրում են սրտով և ոչ թե վարձատրության չափով: Նույն ծնողները մոռացել են, որ ժամանակին իրենք իրենց սրտի ուզածն են արել: Եթե դու ուզում ես` քո երեխան սալիկ խփի, դրա համար պետք չէ նրան ինստիտուտ ուղարկել, դրա համար կան ուսումնարաններ: Իհարկե, ուսումնարանները հիմա վարկաբեկված են, որովհետև պահանջարկը դրա նկատմամբ անառողջ է, քանի որ բոլորն ուզում են, որ իրենց երեխաները բարձրագույն ուսումնական հաստատություն գնան:

Չգիտես ինչու` բոլորն այսօր չորս տարի պիտի անցկացնեն համալսարանում, իսկ թե երեխան ուզո՞ւմ է, ինքը տեսնո՞ւմ է այդ ապագան, գիտի՞ ինքն ինչի համար է համալսարան գնում, կապ չունի` ծնողն ուղարկում է, փողը տալիս է, ընդ որում` սկզբից երեխայի ավագ դպրոցի տարիներն է փչացնում, որովհետև երեխան փոխանակ դպրոց գնա, բազմակողմանի ուսում ստանա, պատմություն սովորի, ֆիզկուլտուրա անի, մայրը նրան ստիպում է գնալ պարապել: Երեխան միայն երեք առարկա է սովորում, որ բարձր գնահատականներ ստանա… Արդյունքում` մենք ունենում ենք միակողմանի պարապած, վատ առողջությամբ երեխաներ:

Ավագ դպրոցի այդ երեք տարիները երեխաների մեծ մասի վրա կործանարար ազդեցություն են ունենում, որովետև, եթե մի քիչ հնարավորություն կար, որ այդ երեխան կսիրի գիտությունը և կփորձի այդ ուղղությամբ գնալ, այդ հնարավորությունն էլ սպանվում է հենց ավագ դպրոցում: Այն շտեմարանները, որոնցով սովորեցնում են, իրականում գիտելիք էլ չեն տալիս, այլ դրանք կազմված են բարձր գնահատական ստանալու համար:

Մասնագիտության ընտրության հարցում այսօր շատ գործնական, դատողական մոտեցում կա, որը երեխայի վրա չի ազդում: Եթե մի մասնագիտության մասին խոսում են` դատելով ըստ նրա վարձատրության չափի, դա քարոզչություն չէ, դա չի կարող երեխային հետաքրքրել, նա կարող է գնալ սովորել, բայց չզգալ այդ մասնագիտության գեղեցկությունը, նրա մոտ չի կարող ցանկություն առաջանալ ամեն օր սովորելու, գնահատելու մասնագիտությունը… Կոնկրետ մեր ոլորտի զարգացման համար ծնողների այս մտայնությունն ամենամեծ արգելակող հանգամանքներից մեկն է, և մենք ստիպված ենք PR-ով և քարոզչությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչպես երեխան պիտի կրթություն ստանա և կարիերա անի, չեն համապատասխանում իրականությանը` ընդհանրապես, և ՏՏ ոլորտում` մասնավորապես:

– Բայց այնպիսի տպավորություն է, որ այսօր ՏՏ ոլորտի հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրություն կա:

– Շատ քիչ է: Շատ-շատերը, հատկապես մարզերում, չգիտեն էլ, որ այսպիսի ոլորտ կա, որը տարեկան 20 տոկոս աճում է, չգիտեն, որ աշխատավարձերը սկսում են 150 հազարից և տարեկան 100 հազարով ավելանում են: Վեց տարվա մասնագետը, որը նորմալ միջին կարիերայի աճ է ունեցել, այսօր մոտ 600 հազար աշխատավարձ է ստանում: Իհարկե, այսպես կոպիտ է հնչում, նորից եմ ասում` մասնագիտության հմայքը աշխատավարձի մեջ չէ, բայց նրանք, ովքեր գիտեն մասնագիտության մասին, միայն այդ կոպիտ մասն են տեսնում: Ենթադրենք` գիտեն մասնագիտության մասին` նրան հասնելու ճանապարհն էլ սկզբից հստակ է թվում, բայց հետո շփոթեցնող է: Հասնում են ինստիտուտ, պարզվում է` երկրորդ-երրորդ կուրսից պետք է աշխատեն, սկսում են աշխատել ու չեն գնում դասի: Այսպես, ուսանողները սխալ մի դասավորության մեջ են ընկնում:

Մեր ընկերությունը հիմա փորձում է իր հնարավորությունների սահմաններում այդ բացը լրացնել, աշխատում ենք ավագ դպրոցի աշակերտների հետ: Ավագ դպրոցից հետո ով ուզում է աշխատել` մենք նրանց ենք խրախուսում:

– Դուք ապրում էիք ԱՄՆ-ում, ինչո՞ւ վերադարձաք:

– Մշտական մնալու նպատակ չի եղել, գնալու, գումար վաստակելու և ետ գալու նպատակ է եղել: Հինգ տարի աշխատել եմ Սիլիկոնային հովտում:

– Ինչպիսի՞ն է կյանքն այնտեղ:

– Սիլիկոնային հովիտն աշխատանքային գաղութ է, այսպես ասած, խոպանի տեղ է, մեծ մասամբ` չինացիներ, հնդիկներ և նախկին Խորհրդային Միության երկրների բնակիչներ են, եվրոպացիներ քիչ կան ընդհանրապես, Կալիֆոռնիայի մնացած մասերից տարբերվում է: Մենք հայերով փորձում էինք իրար մոտ վարձել մեր բնակարանները, որպեսզի երեխաները խաղան, կամ կանայք, ովքեր աշխատելու իրավունք չունեին (սովորաբար ամուսիններից մեկն է ստանում այդ իրավունքը), միմյանց հետ ժամանակ անցկացնեին:

– Դուք երեք երեխա ունեք. Ձեր երեխաների մեջ արդեն դրե՞լ եք ինչ-որ նպատակներ:

– Ոչ, բացարձակ: Տղաս արդեն 13 տարեկան է, և երբ ընտանիքում կամ հարազատների միջավայրում քննարկվում են նրա բանակ և ինստիտուտ գնալու հարցերը, ես ասում եմ, որ բանակ չգնալու հարցը չի քննարկվելու, ինստիտուտ գնալու հարցն էլ չի քննարկվելու:

Միայն այդքանը: Իսկ թե ի՞նչ մասնագիտություն կընտրի նա` ազատ է: Եթե իմ տղան որոշի նկարիչ դառնալ, ես իրեն միայն հարցնելու եմ` ինչո՞ւ ես ուզում, տեսե՞լ ես մի նկարչի, որին հավանել ես, ուրեմն գնա խնդրիր և իր արվեստանոցում, չգիտեմ, հատակ մաքրիր, առավոտյան իր հետ մտիր արվեստանոց, երեկոյան դուրս արի, երբ որ որոշես, որ դա բավարար չէ, և ուզում ես սովորել, գնա սովորիր, փողդ չի հերիքում` կտամ, եթե կարող ես աշխատել` ինքդ կտաս քո փողը… Ես ընդամենն այս ձևով կարող եմ խոսել նրա հետ մասնագիտության հարցում, երբեք չեմ ուղղորդի, թե ինչ դառնա:

– Դուք այդպիսի մտածողությամբ մարդկանցո՞վ եք շրջապատված Հայաստանում:

– Ոչ, այդպես չեն մտածում իմ շրջապատում: Բայց ես տեսել եմ իմ իսրայելցի, գերմանացի ընկերներին, որոնք այդպես են մտածում: Իմ իսրայելցի ընկերների երեխաները հենց դպրոցն ավարտում և 18 տարեկան են դառնում, մի տարի ունեն մինչև բանակ գնալը, իրենց ասում են` գնա աշխարհ տես: Վերցնում են ուսապարկը, դուրս են գալիս տնից, Լատինական Ամերիկա կամ ինչ-որ տեղ աշխատելու են գնում, փող էլ չեն վերցնում իրենց հետ, աշխատում են` ինչ պատահի, ետ են գալիս լրիվ ուրիշ մարդ, բանակո՛ւմ էլ իրենց կարող են պահել, երկրո՛ւմ էլ գիտեն ոնց պահել… Բայց հիմա պատերացնո՞ւմ եք` հայ ծնողին ասես` երեխան թող ուսապարկը վերցնի, տնից դուրս գա…

– Ի՞նչ ունեք ասելու երիտասարդությանը:

– Ճամփորդեք: Բայց ճամփորդեք ա՛յս ձևով, ոչ թե գնացեք ծովափին և հյուրանոցներում ժամանակ անցկացրեք, այլ մտեք կյանքի մեջ: Թողեք մի տարի գնան երեխաները: Թող գնան թեկուզ դպրոցում սովորելու տարիներին, թեկուզ` ճամբար, թեկուզ Հայաստանի տարածքում թող ճամփորդեն: Իրականում մեր երիտասարդները Հայաստանում էլ չեն ճամփորդում:

Ես խորհուրդ եմ տալիս բոլորին առհասարակ ճամփորդել Հայաստանում, հատկապես նրանք, ովքեր ուզում են որևէ ձևով առնչվել երկրին, ինչ մասնագետ էլ լինեն, այցելեն բոլոր սահմանամերձ շրջանները, մտնեն ժողովրդի մեջ, գյուղում քնեն, արթնանան, եկեղեցի մտնեն, գյուղի խանութից գնում կատարեն, միայն այդ դեպքում նրանք կսկսեն երկրի մասին ադեկվատ մտածել: Այսօր որոշ պաշտոնյաներ գնում, դրսում քննարկում են Հայաստանի սահմանների հարցը` այնտեղ երբևէ եղած չլինելով: Կարծում եմ` ճիշտ է, որ պաշտոն ստանձնելուց առաջ որևէ պաշտոնյա ուղարկվի սահմանում որոշ շրջան ապրելու:

 

Տեսանյութեր

Լրահոս