Որևէ իրավական նորմով պարտադրված չենք Հրազդանի ՋԷկ-ից էներգիա գնել. Վարդան Այվազյան
«Վերջիվերջո, գնանք էս կողմ, թե գնանք էն կողմ, գալիս ուղիղ կպնում է քաղաքացու գրպանին»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նա ընդունեց ԱԺ փոխոխոսնակ Հերմինե Նաղդալյանի առաջարկը՝ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն առավել մանրամասն կուսումնասիրի խնդիրը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «Գազպրոմի» հետ կնքված «տխրահռչակ» պայմանագիրը, որով հայկական կողմը պայմանավորվել է առաջնային կարգով Հրազդանի ՋԷԿ-ից գնել էլեկտրաէներգիա, որն ավելի թանկ է, և հետևանքներն արդեն երևում են: Ըստ նրա՝ մյուս տարի նախատեսված է շատ ավելի էլեկտրաէներգիա գնել, որը 3.3 մլրդ դրամով ավելի թանկ ենք գնելու: «Այդ տխրահռչակ պայմանագրի ազդեցությունը ինչպե՞ս եք գնահատում»,- հարցրեց Լ. Զուրաբյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Նազարյանը նշեց, որ ՋԷկ-ը վաճառվել է 31 մլն դոլարով, ներդրումները 15 տարում պետք է վերադարձվեն: Նա շեշտեց, որ պայմանագրում դա է ամրագրվել, մնացած այլ որևէ ծախսային հոդված այդ պայմանագրում չկա:
«Մնացած ազդեցությունները դուք որոշեք»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ վարկերի սպասարկման հարցի հետ կապված եթե ի սկզբանե բարձր գին դնեին, կասեին՝ «տոկոսների մարումը սկսվում է 2014թ-ից, շուտ եք դրել, որ ֆռռացնեն էդ փողը»:
Վ. Այվազյանը հերքեց, թե պայմանագրով պարտադրված են Հրազդանի ՋԷԿ-ից առնել. «Մենք առնում ենք էժանից, հերթով գնում, հասնում ենք ամենաբարձրին: Որևէ իրավական նորմով պարտադրված չենք Հրազդանի ՋԷկ-ից առնել»: