
ՏՏ ոլորտի ընկերությունները պատրաստ են թեթևացնել Հայաստանի արտաքին պարտքը

«Նաիրի կոնսորցիումի» կազմակերպած հերթական դասախոսության ընթացքում «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հայտնի մասնագետ Վահագն Պողոսյանը հետաքրքիր մի դիտարկում արեց` ՏՏ ոլորտի ներկա արագ զարգացումը հնարավորություն է տալիս ասելու, որ եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն նույն տեմպերով պարտք տրամադրել Հայաստանին, և երկրի ՏՏ ոլորտը շարունակի այս տեմպերով զարգանալ (տարեկան 20-25% աճ), ապա մինչև 2020 թվականը ՏՏ ոլորտի վճարած հարկերով կարելի է զգալիորեն թեթևացնել Հայաստանի արտաքին պարտքը:
Մեր հարցին, թե` պարտք կուտակողներն ինչպե՞ս են արձագանքել այս լուրին, Վահագն Պողոսյանը պատասխանեց. «Երբ մենք այս դիտարկումը ներկայացնում էինք կառավարությանը, արձագանքի առումով այլ ակնկալիք ունեինք: Փոխանակ ուրախանային, ոգևորվեին, հարցնեին` այդ ինչպե՞ս եք հաշվարկել, և այլն, ընդամենն ասացին` մեզ որտեղի՞ց այդքան բախտ, որ մինչև 2020 թվականը պարտք տան: Զավեշալի ու ցավալի արձագանք էր»:
Իսկ որ ՏՏ-ն, ի տարբերություն շատ այլ ոլորտների, իսկապես անընդհատ աճի մեջ է, ոչ միայն թվերն են վկայում, այլև միջազգային ասպարեզում հայ մասնագետների ունեցած հաջողությունները և դրանք Հայաստան բերելու ձգտումը, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում է ՏՏ ոլորտի համաժողովների ու տարբեր հավաքների ընթացքում:
Վահագն Պողոսյանը հիշեցրեց, որ 1995 թվականին, երբ ինքը սկսում էր իր մասնագիտական կարիերան, Հայաստանի ՏՏ ոլորտում ընդամենը 1-2 հայտնի ընկերություն կար, իսկ աշխատողների քանակը 100-ից չէր անցնում. «Այսօր մենք ունենք 300 ընկերություն, 12000 աշխատող, իսկ տարեկան աճի պահանջարկը գերազանցում է նշված թվերի 20%-ը»:
Հայաստանը տարեկան մոտ 2000-3000 ՏՏ մասնագետի կարիք ունի, բայց պարզվում է` արգելքները, որոնք խոչընդոտում են ակնկալվող աճն ապահովել, ամենևին էլ այն չէ, ինչ կարծում ենք. «Մի կարծեք, որ փողի պակասն է կամ կառավարության ոչ անհրաժեշտ վերաբերմունքը, ոչ էլ սփյուռքի քիչ ներգրավվածությունը: Այդ ամեն ինչից մենք բավարար ունենք: Հիմնական խնդիրը մեր հասարակության մտածելակերպի մեջ է: Երեխաների ապագայի, կարիերայի հանդեպ հայ ծնողների սխալ պատկերացումները, նրանց կրթություն տալու սխալ մոտեցումները, առաջնահերթությունների սխալ դասակարգումն են պատճառը:
Մեր ընտանիքներում սովորաբար չկան ինժեներական ավանդույթներ, մարդիկ ձգտում են տնտեսագետ դառնալ, մինչդեռ այդքան շատ տնտեսագետ մեզ անհրաժեշտ չէ:
Արգելակող խնդիր են նաև ձեռնարկատիրության, նոր գործ սկսելու մասին մարդկանց պատկերացումները: Կարծում եմ` արդեն այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ եթե մարդիկ առաջ մտածում էին, թե համալսարանն ավարտելուց հետո դռներ կծեծեն և կտեսնեն, թե որտեղ իրենց աշխատանք կտան, ապա այսօր շատերն են մտածում սեփական գործ սկսելու մասին: Եվ դրանք ոչ միայն ընկերությունների աշխատակիցներ են, այլև` շրջանավարտներ: Այս գործում մեծ դեր ունեն այդ ասպարեզում արդեն հաջողության հասած մարդիկ, ովքեր տարիներով նման քարոզչություն են անում Հայաստանում, ինչպես, օրինակ, Ալ Եսայանը:
ԻՏՁՄ-ն էլ իր հերթին` նույնպես փորձում է կառավարության հետ համագործակցաբար բարեփոխումներ անել, որպեսզի Հայաստանը բարենպաստ միջավայր դառնա սկսնակ բիզնեսների համար»,- նշեց Վահագն Պողոսյանը` հիշեցնելով, որ շուտով Հայաստանն աշխարհում հայտնի է դառնալու իր տեխնոլոգիական ապրանքանիշով, որ կրելու է «Զարմանալի նորարարություններ» անվանումը: «Ի դեպ, սա այնքան էլ հավակնոտ գաղափար չէ: Ինչպես ասում են` եթե արևին ես ձգտում, գոնե լուսնի վրա կիջնես»,- ասաց Վահագն Պողոսյանը:
Հ.Գ. Հայ լավագույն ծրագրավորողներից մեկի` Վահագն Պողոսյանի հետ «168 Ժամի» հարցազրույցը, որում հայտնի ինժեները պատմում է իր ընտանեկան ավանդույթների, ամերիկյան կյանքի, ինչպես նաև գրաբար սովորելու և երեխաներին կարծրատիպերից դուրս դաստիարակելու անհրաժեշտության մասին` առաջիկայում: