Ո՞ւմ է ուղղված Դատախազության մեսիջը
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 22-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումն` առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, առաջացնում է քրեական պատասխանատվություն: Դատախազությունը զգուշացրել էր, որ հսկողություն իրականացնող դատախազները ԶԼՄ-ներում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների դեպքում ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, դրանց` լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Միաժամանակ Դատախազությունը զգուշացրել էր, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
Դատախազության այս հայտարարությանը հետևեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությունը, ըստ որի՝ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը պարունակում է ակնարկ լրագրողին հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անգամ` եթե ոչ միտումնավոր, սակայն նման ակնարկը ենթադրելի է, ընկալվում է որպես այդպիսին հաղորդագրության ձևակերպումներից:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պարզաբանելով Դատախազության վերոնշյալ հաղորդագրությունը, ասել էր, թե իր համար տարօրինակ էր, որ այն բուռն քննարկումների կամ շահարկումների տեղիք է տվել: Ըստ նրա՝ հաղորդագրությունները տարածելիս Դատախազությունն ապավինում է իրավական տարրական գիտելիքների առկայությանը: «Որովհետև նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է` նախատեսված Քրեական օրենսգրքով: Եվ հանցագործության կատարման դեպքում համապատասխան անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Եվ այստեղ շատ մեծ գիտելիքներ կամ ջանքեր չէին պահանջվի, եթե որևէ մեկը հետևություններ, մեկնաբանություններ, տպավորություններ կիսելուց առաջ ընդամենը դիմեր մասնագետի գոնե խորհրդին՝ նկատի ունենալով, որ…»:
Այնուհետև Գ. Կոստանյանը՝ փորձելով պարզաբանել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, ասել էր. «Նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար քրեական պատասխանատվությունը նախատեսվում է առնվազն այն սուբյեկտի համար, ով դեպքերի հանգամանքների բերումով տեղեկատվություն է ձեռք բերել այդ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների մասին: Եվ հետևաբար՝ մեկնաբանություններ կատարելուց առաջ եթե որևէ մեկը բացեր քրեական իրավունքի ցանկացած դասագիրք, կհասկանար, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն առնվազն սահմանվում է տվյալ գործով դատավարության մասնակիցների համար:
Այսինքն՝ եթե այն մասնակիցը, որին հանգամանքի բերումով հասու է դարձել նախաքննության տվյալը, նա այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվել է և ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:
Ինչ վերաբերում է լրագրողների կողմից աղբյուրները չբացահայտելու հանգամանքին, ապա Գ. Կոստանյանն ասաց, թե դա ևս օրենքի պահանջ է: ««Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ (հատուկ ուզում եմ այդ կետի վրա շեշտադրել) հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը:
Այսինքն՝ դա լրագրողի իրավունքն է. լրագրողը կօգտվի՞ այդ իրավունքից և չի՞ հրապարակի՝ դա լրագրողի իրավունքն է, լրագրողը կհրապարակի՞՝ դա ևս լրագրողի իրավունքն է: Համենայնդեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվություն, և ինքը փորձում է հրապարակել:
Իսկ եթե լրագրողն օգտվի իր իրավունքից և չհայտնի իր տեղեկատվության աղբյուրը, այստեղ արդեն օրենքով այլ ընթացակարգ է սահմանված, որ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված հարցերով դատական կարգով լրագրողը կարող է պարտավորություն կրել՝ տեղեկատվության աղբյուրը հրապարակելու համար: Հետևաբար՝ այդ բոլոր մտահոգությունները, գնահատականներըգ իրավունք ունի ցանկացած անձ նման կարծիք արտահայտելու, բայց լավ կլինի, որ կարծիքը գոնե մի քիչ մասնագիտական հենք և հիմք ունենա»,- ասել է Գ. Կոստանյանը:
Մեզ հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը թեմայի շուրջ ծավալված քննարկումները գնահատեց` «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: «Բանն այն է, որ մի կողմից` Դատախազությունը պետք է մտածեր միայն այն մասին, որ այդ նախաքննական գաղտնիքը և առհասարակ ցանկացած գաղտնիք դուրս չգար պետական մարմնի, այն էլ` Դատախազության պատերից: Բայց լրագրողներն ու լրատվամիջոցները դա ինչ-որ տեղ ընդունեցին իրենց հասցեին արված հաղորդագրություն, որովհետև ենթադրվում է, որ եթե դա դուրս է եկել, ապա պետք է տարածվի լրատվամիջոցների կողմից:
Բայց մյուս կողմից, իհարկե, լրատվամիջոցներն ու լրագրողները պաշտպանված են «Զանգվածային լրատվության մասին» օրենքով` այն իմաստով, որ նրանք պարտավոր չեն բացահայտել այն աղբյուրները, որոնցից ստացել են այդ ինֆորմացիան: Այդ առումով, իհարկե, լրագրողներն են ճիշտ: Եթե Դատախազությունը նկատի է ունեցել հենց լրագրողներին և լրատվամիջոցներին, որ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն, դա, իհարկե, ճիշտ մոտեցում չէ:
Բայց ես կարծում եմ, որ Դատախազությունն առաջին հերթին` այս մեսիջն ուղղում էր հենց իր կառույցներին, ինչպես նաև, երևի թե, փաստաբաններին, որովհետև շատ ժամանակ իրենք են միտումնավոր ինֆորմացիա տարածքում նախաքննության գաղտնիքից: Ամեն դեպքում Դատախազությունը հիշեցրեց, որ գաղտնիքը պետք է մնա գաղտնիք, իսկ լրատվամիջոցներն ու լրագրողական հանրությունը Դատախազությանը հիշեցրին, որ իրենք պարտավոր չեն այդ գաղտնի տեղեկությունը հրապարակողի անունը կամ աղբյուրը բացահայտել միանգամից, և դրա համար նախատեսված է այլ ընթացակարգ:
Այսինքն՝ միայն դատարանը կարող է ստիպել՝ այն էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու պարագայում: Ընդ որում, այդ պարագայում լրագրողը կամ լրատվամիջոցը կարող է պահանջել դռնփակ դատական նիստ: Այնպես որ՝ ամեն կողմն իր տեսակետը ևս մեկ անգամ արտահայտեց, բայց կարծես իրենք դրանով ոչ մի նոր բան չասացին, որովհետև նախաքննական գաղտնիքը, եթե դրա հրապարակումը հանրային շահ չի հետապնդում, ուրեմն պետք է գաղտնիք մնա: Իսկ եթե նախաքննական գաղտնիքի հրապարակումը հետապնդում է հանրային շահ, և լրատվամիջոցը որոշում է այն հրապարակել, ուրեմն՝ նա կարող է չբացահայտել տեղեկատվության աղբյուրը: Այնպես որ, ես կարծում եմ, որ այս բանավեճում յուրաքանչյուր կողմ մնաց իր կարծիքին»:
ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար: Անդրադառնալով հնչեցված այն մտահոգություններին, թե ՔՕ 342-րդ հոդվածում նշվում է` հետաքննության և նախաքննության «տվյալ» և ոչ թե` գաղտնիք, հետևաբար՝ ցանկացած հանգամանք՝ մեղադրյալի, վկայի անունը, հարցաքննությանը օրը, կարող է ևս դիտվել որպես նախաքննության գաղտնիք, Աշոտ Մելիքյանն ասաց.
«Իսկապես կարող են լինել քրեական գործեր, երբ հենց անունները կարող են գաղտնիք պարունակել: Բայց առհասարակ լրագրողական համայնքի մտահոգությունն այն է, որ նմանատիպ հոդվածները կամ ցանկացած, նույնիսկ ողջամիտ սահմանափակում կարող է շատ հեշտ և ազատ օգտագործվել: Այսինքն՝ իսկական գաղտնիքի փոխարեն կարող է նաև ոչ այնքան գաղտնի տեղեկությունը չհրապարակվել, չտրամադրվել լրագրողներին և լրատվամիջոցներին՝ համարելով նախաքննության գաղտնիք: Կարծում եմ, որ այս առումով են մտահոգությունները, և այսպիսի փաստեր հանդիպելիս լրագրողները շատ հիմնավոր դժգոհություններ են արտահայտում: Մտավախությունը հիմնականում սա է: Ես չեմ կարծում, որ մարդիկ նպատակուղղված (նկատի ունեմ լրագրողներին ու լրատվամիջոցներին) ուզում են հրապարակել հենց գաղտնիքները: Մտահոգություններն ավելի շատ վերաբերում են նրան, որ գաղտնիքից բացի՝ այլ տեղեկություններ ևս գաղտնի չմնան»:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանելով մեր հարցին՝ արդյոք որևէ միտում տեսնո՞ւմ եք Դատախազության հաղորդագրությունում, ասաց, որ իր 16-ամյա աշխատանքային փորձի ընթացքում Դատախազությունը պարբերաբար նման հարց բարձրացրել է. «Երբ ծագում են հանրային հետաքրքրության գործեր, և փաստաբանները հանրությանը որոշակի տվյալներ են ներկայացնում, որի արդյունքում հանրային աղմուկ է բարձրանում, և Դատախազությունն այդ հանրային ճնշման տակ ստիպված է լինում որոշակի նահանջի գնալ, այս հանգամանքը միշտ առաջ է գալիս: Այնպես չէ, որ սա նոր բան է»:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ անձը պետք է նախազգուշացված լինի նախաքննական գաղտնիք չհրապարակելու համար, և նախազգուշացնելու դեպքում պետք է նշվի, թե անձը ինչ ծավալով տեղեկատվություն իրավունք չունի հրապարակելու: Իսկ երբ անձը ցանկանում է որոշակի տեղեկատվություն հրապարակել, ապա, ըստ փաստաբանի՝ պետք է դիմի վարույթ իրականացնող մարմնին, խնդրի հայտնել՝ ինչ ծավալով տեղեկատվություն ինքը կարող է հրապարակել:
Նրա խոսքով՝ թույլատրված ծավալից ավելի տեղեկատվության հրապարակումն արդեն պատասխանատվություն է առաջացնում: Խոսելով հնչեցված այն մտահոգությունների մասին, թե ՔՕ 342-րդ հոդվածում նշվում է` հետաքննության և նախաքննության «տվյալ» և ոչ թե` գաղտնիք, հետևաբար՝ ցանկացած հանգամանք՝ մեղադրյալի, վկայի անունը, հարցաքննությանը օրը` կարող է ևս դիտվել որպես նախաքննության գաղտնիք, Ն. Բաղդասարյանն ասաց, որ որպես քրեական գործերով զբաղվող փաստաբան՝ դրանում այդքան էլ մեծ խնդիր չի տեսնում:
«Խնդիրը հետևյալն է: Քրեական գործին կցված ցանկացած նյութ համարվում է տվյալ, իսկ ցանկացած տվյալ կարելի է դիտարկել որպես գաղտնիք: Այդ թվում` որպես գաղտնիք կարելի է դիտարկել այն, թե երբ է անձին մեղադրանք առաջադրվել, ում և ինչի համար է մեղադրանք առաջադրվել: Եթե ճիշտ ըմբռնում ենք հանցակազմի օբյեկտիվ բնույթը, «գաղտնիք» կամ «տվյալ» բառերը դառնում են ոչ կարևոր: Կարևորն այն է, թե ձեզ ինչ թույլ չեն տալիս հրապարակել:
Այսինքն՝ եթե ես վարույթ իրականացնող մարմինն եմ, դուք փաստաբանն եք, ես ձեզ նախազգուշացնում եմ՝ ասելով, որ ես կարող եմ ձեզ թույլ չտալ հրապարակելու ցանկացած տվյալ, մի հրապարակեք այսինչ տվյալները: Երբ ես ասում եմ՝ մի՛ հրապարակեք որոշակի տվյալներ, դրանք դառնում են գաղտնիք:
Եթե ես ասում եմ՝ մի՛ հրապարակեք մեղադրյալի անուն-ազգանունը, այդ պահից մեղադրյալի անուն-ազգանունը տվյալից վերածվում է գաղտնիքի: Եթե զգուշացումից հետո դուք հրապարակում եք մեղադրյալի անուն-ազգանունը, դուք կատարում եք քրեորեն պատժելի արարք: Բայց եթե ես ձեզ ասում եմ՝ մի՛ հրապարակեք մեղադրյալի անուն-ազգանունը, բայց չեմ արգելում՝ հրապարակեք փորձագիտական եզրակացությունը, սա համարվում է տվյալ, որի համար օրենքը պատասխանատվություն չի նախատեսում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նաև վստահեցրեց, որ կան փաստաբաններ, ովքեր երբևէ չեն նախազգուշացվել նախաքննության գաղտնիք հրապարակելու համար: Փաստաբանը նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում մի դեպք է եղել, երբ իրեն նախազգուշացրել են նախաքննական գաղտնիք չհրապարակելու համար. «Գործը քննվում էր Ղարաբաղում: Այն ժամանակ գործում էր հին՝ խորհրդային ժամանակաշրջանի՝ 1965թ. Օրենսգիրքը, որի ժամանակ հոդվածն ակտուալ էր: Անձին մեղադրանք առաջադրելու պահից կարող էիր ծանոթանալ քրեական գործի բոլոր նյութերին. ներկայումս նախաքննության ընթացքում պաշտպանը կարող է ծանոթանալ քրեական գործի սահմանափակ թվով նյութերի:
Երբ ես հրապարակեցի որոշակի տվյալներ, ինձ հրավիրեցին և նախազգուշացրին, որ քրեական գործի բոլոր նյութերը հանդիսանում են գաղտնիք, և ես դրանք հրապարակելու իրավունք չունեմ: Դրանից հետո մենք չհրապարակեցինք, բայց շատ շուտով նախաքննությանն ավարտ հայտարարեցին, այսինքն՝ իրենց նախազգուշացումն ակտուալ չէր արդեն»:



