Բաժիններ՝

Ե՞ս, թե՞ մենք

Բոլոր նրանց, ովքեր մեկ շնչով ընթերցել են Ջորջ Օրուելի «1984»-ը և դեռևս չեն կարդացել Եվգենի Զամյատինի «Մենք» հակաուտոպիան, խորհուրդ եմ տալիս օր առաջ լրացնել այդ բացը: Զամյատինի «Մենք»-ը մեկն էր արգելված գրքերից: Գիրքն ընթերցողներին վերադարձավ միայն 1988-ին, սակայն այդ վերադարձը բարդ էր այնքանով, որ «Մենք»-ն ու Օրուելի «1984»-ը, որը ևս մինչ այդ արգելված էր, ընթերցողներին վերադարձան միասին: Եվ Զամյատինի գործը մնաց «1984»-ի ստվերում: Թվում էր՝ «Մենք»-ը գրված է «1984»-ի ազդեցությամբ, սակայն այդպես չէ: Ավելի ստույգ՝ հակառակը: «Մենք»-ը գրվել է 1920թ., «1984»-ը` 1948-ին:

Էմոցիոնալ այն շոկը, որն ապրում եք «1984»-ի ընթերցման ժամանակ, կրկնապատկվում է «Մենք»-ն ընթերցելիս: Եթե «1984»-ում Ավագ եղբոր կայսրությունում սպառնալիք էր սեփական միտքը (մտահանցագործություն), ապա «Մենք»-ում պետության դեմ ուղղված մահացու սպառնալիքը մարմնի մեջ հոգի ունենալն էր:

– Վատ են ձեր գործերը. ամենայն հավանականությամբ՝ ձեզ մոտ գոյացել է հոգի:
Հոգի՞: Այդ տարօրինակ, հին, վաղուց մոռացված բառը:

– Իսկ գդա շա՞տ վտանգավոր է,- կմկմացի ես:

– Անբուժելի է:

«Մենք»-ում իրադարձությունները տեղի են ունենում 26-րդ դարում: Մարդիկ այնքան են կորցրել անհատականությունը, որ նրանք այլևս անուններ չունեն, նրանք մարդիկ էլ չեն, այլ համարներ: Համարներն ապրում են ապակե տներում, ինչը թույլ է տալիս քաղաքական ոստիկանությանը՝ Պահապաններին, առանց դժվարության հետևել բոլորին: Բոլորը նույն համազգեստով են:

«Սերն ու քաղցը կառավարում են աշխարհը»: Միասնական Պետության հիմնադիրները հաղթահարել են նաև այդ խնդիրները. քաղցը՝ նավթային սնունդով, սերը՝ վարդագույն կտրոններով: Յուրաքանչյուրին կցված է անձնական օգտագործման մեկ այլ համար, որի հետ, օրվա մեջ հատկացված հատուկ ժամին, կարող է զբաղվել սեքսով: Եվ միայն այդ ժամանակ համարները խոհեմաբար իջեցնում են շերտավարագույրները:

Միասնական Պետությունը լրիվ կառավարում է համարների սեքսուալ կյանքը և, ինչպես անասնաբուծությունը, զբաղվում է նաև երեխայաբուծությամբ. սահմանում է՝ ով երբ պետք է երեխա ունենա: Ամուսնության ինստիտուտը չի գործում: Միասնական Պետությունը Կանաչ պատով առանձնացված է շրջապատող իռացիոնալ աշխարհի քաոսից: Յուրաքանչյուրն ունի անբեկանելի մեկ իրավունք՝ պատժվել, և համարներից ոչ ոք չի կարող հրաժարվել իր այդ միակ և այդքանով արդեն՝ անգնահատելի իրավունքից:
Միասնական Պետության գլխին Բարերարն է: 26-րդ դարում Միասնական Պետությունում ընտրությունները կատարվում են ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում՝ 21-րդ դարում. «Ընտրություններին պատահականությանը առհասարակ տեղ չի թողնված, ոչ մի անակնկալ լինել չի կարող. ընտրություններն իրենք էլ, ավելի շուտ, ունեն խորհրդանշական նշանակություն»: Ընտրությունները ամեն տարի տեղի են ունենում ամենայն ճշգրտությամբ կանխատեսելի արդյունքով. ամեն տարի ընտրվում է Նա՝ Բարերարը:

Պետության կառավարման սկզբունքն այն է, որ երջանկությունն ու ազատությունն անհամատեղելի են: Ինչպե՞ս էին Ադամն ու Եվան՝ Դրախտում. նրանց ընտրության հնարավորություն էր տրված՝ կա՛մ երջանկություն՝ առանց ազատության, կա՛մ ազատություն՝ առանց երջանկության: Նրանք անխոհեմաբար ընտրեցին ազատությունը:

Իսկ Միասնական Պետությունն իր բնակիչներին տվել է երջանկություն՝ զրկելով նրանց ազատության բեռից:

«Մենք»-ի հերոսը տաղանդավոր ինժեներ է՝ D-503-ը: Նա իր շուրջն իրավիճակը համարում է իդեալական, քանի որ այլևս ոչինչ չի կատարվում: Ինչպես 21-րդ դարի Հայաստանում, Միասնական Պետությունում ևս ոչինչ նոր տեղի չի ունենում, նոր բան մտածելու անհրաժեշտություն չկա. ամեն ինչ քո փոխարեն արդեն մտածված է: Եվ քանի որ մտածելու ոչինչ չկա, բնակիչները բավարարվում են վաղուց կատարվածը վերհիշելով: D-503-ը երջանիկ է՝ շուտով Միասնական Պետության առաջին տիեզերանավի՝ «Ինտեգրալի» արձակումն է, որի վրա էլ աշխատում է ինքը:

Տիեզերանավը մյուս աշխարհներ պիտի տաներ անխուսափելի երջանկության ծանր բեռը՝ Միացյալ Պետության մասին գրված ձոները, պոեմներն ու մանիֆեստները:
Կատարվում է անկանխատեսելի մի բան՝ D-503-ը սիրահարվում է I-330-ին: Զգում է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, և այդ «ինչ-որ բանը» հաստատ տարօրինակ մի հիվանդություն է: «Դու զգում ես քե՞զ, քո անհատականությո՞ւնըգ Բայց չէ՞ որ աչքդ նկատում ես այն ժամանակ, երբ փոշի է լցվել, ատամդ՝ երբ ցավում է, մատդ, երբ կտրում ես: Առողջ ժամանակ ոչինչ չես զգում»:

Ուրեմն՝ եթե զգում ես քեզ, դու հիվանդ ես:
I-330-ն ընդհատակյա դիմադրության շարժման մասնակից է և
D-503-ին ևս ներգրավում է այդ շարժման մեջ:

Շարժման անդամները ոչ միայն պետական հեղաշրջում են նախապատրաստում, այլև իջեցված շերտավարագույրների ետևում տրվում են այնպիսի սարսափելի մեղքերի, ինչպիսին են ալկոհոլն ու ծխախոտը: Միակարծության օրը, հրաշալի այդ տոնին (ընտրությունների օրը), երբ բոլոր համարներն ընտրում են Բարերարին, տեղի է ունենում չտեսնված իրադարձություն. «Ո՞վ է դեմ Բարերարին» հարցին, երբ, սովորաբար, ձեռք չէր բարձրանում, և տոնը դրանով ավելի էր արժևորվում, մի քանի հարյուր ձեռք է բարձրանում: Ձեռք բարձրացնողները «Երջանկության թշնամիներն» էին: Նրանց մեջ էր նաև I-330-ը:

Անհնազանդ խմբի ծրագիրն էր՝ գրավել «Ինտեգրալ» տիեզերանավը: Եվ երբ I-330-ն այդ մասին հայտնում է D-503-ին, վերջինս բացականչում է.

– Դա աներևակայելի է: Դա անմտություն է: Մի՞թե քեզ պարզ չէ, որ այն, ինչ դուք ձեռնարկում եք, հեղափոխություն է:

– Այո՛, հեղափոխություն է: Իսկ ինչո՞ւ է անմտություն:

– Անմտություն է, որովհետև հեղափոխություն լինել չի կարող: Որովհետև մեր հեղափոխությունը վերջինն էր: Եվ այլևս ոչ մի հեղափոխություն չի կարող լինել: Դա հայտնի է բոլորին:

– Սիրելի՛ս, դու մաթեմատիկոս ես: Այդ դեպքում՝ ասա վերջին թիվը…

– Այսինքն… Չեմ հասկանում, ինչպե՞ս թե՝ վերջին:

– Դե, վերջինը, ամենաբարձրը, ամենամեծը…

– Բայց, I, ախր դա անհեթեթություն է: Եթե թվերն անվերջ են, այդ դեպքում ի՞նչ վերջինի մասին է խոսքը:

– Իսկ ի՞նչ վերջին հեղափոխություն ես ուզում: Վերջին չկա: Հեղափոխություններն անվերջ են:

Վերջին հաշվով, D-503-ին հաջողվում է իր չմտածված քայլից ժամանակին ետ կանգնել: Իշխանությունները հայտարարում են, որ անհնազանդության պատճառը տարօրինակ մի հիվանդություն է, որի անունն է ֆանտազիա: Սակայն Միացյալ Պետությունում այդ հիվանդությունը ռենտգենյան ճառագայթների միջոցով բուժվում է: D-503-ին ևս բուժում են, ինչից հետո նա այնքան հեշտությամբ կատարում է այն, ինչը միշտ համարում էր իր պարտքը՝ մատնում է համախոհներին: Եվ ամենայն հանգստությամբ հետևում, թե ինչպես են տանջում I-330-ին և նրա համախոհներին:

Տանջանքի ենթարկվածներից ոմանք ավելի ազնիվ գտնվեցին և առաջին իսկ փորձությունից մատնեցին իրենց համախոհներին: Բայց ոչ I-330-ը. նա սարսափելի տանջանքներից հետո անգամ չմատնեց D-503-ին: Իսկ հաջորդ օրը նրանց սպասում էր Բարերարի Մեքենան՝ գիլիոտինը: Գիլիոտինը հին ժամանակների կոպիտ մեքենան չէ: Այն 26-րդ դարում արդեն կատարելագործված մեքենան է, որը վայրկյանաբար ոչնչացնում է զոհին:

«Մենքը» մարդկության ապագայի ամենասարսափելի կանխատեսումն է: Մարդիկ չեն կարողանում ոտքի կանգնել ու տապալել բռնակալներին: Ինչո՞ւ: Եվ Զամյատինը տալիս է պատասխանը՝ իսկ մի՞թե մարդկանց հոգիները հակված չեն չարին, և մի՞թե չարի դեմ անհնազանդությունը դատապարտված չէ, որովհետև չարը՝ վախկոտության, դավաճանության, մորթապաշտության դեմքով, խոչընդոտում է պայքարին. և մարդիկ իրենք են դառնում այն, ինչի դեմ ցանկանում են պայքարել:
Միայնակ ձայն. Ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ մեղավոր: Ինչպե՞ս ենք մենք ապրում, ինչի՞ համար ենք պայքարում:

Մենք. Մենք չգիտենք, մենք գիտենալու թույտվություն չունենք:
Միայնակ ձայն. Ո՛չ, ես պետք է հասկանամ: Ի վերջո, ո՞վ ենք մենք:
Մենք. Մենք չգիտենք և չենք էլ ուզում գիտենալ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս