«Բարի լույս» սոցիալական դրամայի նկարահանման ողջ ընթացքում ռեժիսորը հղի էր (լուսանկարներ)
«Վան» ռադիոկայանի հիմնադիր և ղեկավար Շուշան Արևշատյանի պրոդյուսերական գործունեության արդյունքում շուտով էկրան կբարձրանա նրա դստեր՝ ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը, որը, ռեժիսորի համոզմամբ՝ լինելու է դրական էմոցիաներով և շատ բարի մի ֆիլմ:
Ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին պատմող լուսանկարներում առաջին հերթին ուշադրություն են գրավում հղի ռեժիսորի կադրերը, ով իր գործին մեծ նվիրումով` շրջում է նկարահանման հրապարակում: Աննան ևս մեկ անգամ ապացուցում է, որ հղիությունը հիվանդություն չէ, ինչպես կարծում են շատերը և ծանր են տանում այդ ընթացքը, այլ Աստծո պարգև է, որը պետք է վայելել:
– Աննա, կպատմե՞ք ֆիլմի մասին: Ո՞ւմ մասին է այն:
– Ֆիլմի մասին խոսելն իրականում անշնորհակալ գործ է, քանի որ այդ գործառույթը պատկանում է հանդիսատեսին և կինոքննադատներին: Կարող եմ համառոտ ասել միայն, որ ֆիլմը պատմում է Արշակ անունով լրագրողի մասին, ով կյանքի ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով՝ որոշում է իր կյանքը փոխել և սկսել այն բոլորովին նոր էջից: Նա որոշում է իր նոր կյանքի սկիզբը սկսել բոլորովին այլ վայրում, այլ երկրում: Սակայն նա որքան շատ է մտածում այդ ամենի մասին, այնքան ավելի հաճախակի է սկսում հիշել իր մանկությունը, որն անցել էր մութ ու ցուրտ 90-ականներին: Հենց այդ կորած հիշողությունների մեջ էլ նա գտնում է իրեն անհանգստացնող շատ հարցերի պատասխանները: Ընդհանուր առմամբ ֆիլմը լինելու է բավականին դրական, գեղեցիկ և շատ ակտուալ: Ժանրը՝ սոցիալական դրամա:
Ֆիլմում նկարահանվել են մեծամասամբ ոչ դերասաններ: Դա եղել է իմ սկզբունքային որոշումը: Չնայած, մի քանի դերասաններ, ի վերջո, խաղացել են ֆիլմում, սակայն միայն էպիզոդիկ տեսարաններում: Դրանով իսկ ֆիլմին հաղորդել եմ բավական հետաքրքիր միջավայր, ինչի համար շատ ուրախ եմ:
– Պատմեք ֆիլմի ստեղծագործական խմբի մասին:
– Ֆիլմի օպերատորն է Պավել Դիլուսը` Լեհաստանից: Շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը: Միշտ չէ, որ հնարավոր է հանդիպել մեկին, ում հետ խոսում ես նույն մտքի շուրջ` անգամ տարբեր լեզուներով: Բախտս իրոք բերել էր: Պավելը դարձավ իմ աչքերը` նկարահանման հրապարակում, ինչի արդյունքում և շատ գեղարվեստական հարցեր ինքնին ստացան իրենց ճիշտ լուծումներն ու ազատեցին ինձ ավելորդ «զոհերից»: Սցենարի հեղինակն է իմ ընկեր Սևադա Գրիգորյանը: Մենք զուգահեռ ավարտել ենք ուսումը` Մոսկվայում: Այս ֆիլմը նաև նրա դեբյուտային աշխատանքն է` իբրև գեղարվեստական ֆիլմի սցենարիստ: Ֆիլմի պրոդյուսերն է Շուշանիկ Արևշատյանը:
– Ասում են՝ ֆիլմի, հատկապես գեղարվեստական ֆիլմի նկարահանումները բոլորովին այլ անիրական աշխարհ է:
– Ֆիլմի արարման ընթացքն ինքնին անհամեմատելի և աննկարագրելի «արարողակարգ» է: Այդ զգացողությունն անիրական է, ճիշտ խոսքերով բնութագրելը դժվար է: Դա յուրահատուկ հաճույք է: Արդյունքը, որը ստացվում է ֆիլմի գաղափարից, մինչև իրականացում և հետագայում արդեն՝ վերջնական արդյունք, բոլորովին այլ և շշմեցուցիչ բան է` բոլոր իմաստներով: Այդ իսկ պատճառով շատ եմ ուզում, որ ֆիլմը «հասնի» և ինքնուրույն գտնի իր ճակատագիրը: Այս ֆիլմից մեծ ակնկալիքներ ունեմ, քանի որ այն շատ դժվար է ծնունդ առել` դժվար է սկսվել: Ամենակարևոր ցանկությունս այն է, որ ֆիլմն իրապես լինի հայկական` իր լավագույն իմաստով: Ֆիլմը նախատեսում ենք էկրան բարձրացնել 2015 թվականին:
– Ձեր ամուսնու հետ բավական հետաքրքիր ֆոտոսեսիա եք իրականացրել` հայկական տարազներով: Ո՞ւմ մտահղացումն էր այն, և ո՞րն էր առիթը:
– Տարազներով ֆոտոսեսիան մեզ է նվիրել իմ մայրը` մեր ամուսնության 1-ին տարեդարձի կապակցությամբ: Մենք շատ էինք ուզում մեր ապագա բալիկի հետ ֆոտոնկարահանումներ իրականացնել, սակայն երկար ժամանակ թեմատիկա չէինք գտնում: Մեր ամուսնության 1-ամյակն ու մեր բալիկին նախատեսված նվերը` լուսանկարների տեսքով, իրականացրեցինք հայկական տարազներով: Բավականին ուրախ նկարահանումներ ստացվեցին, և անչափ շնորհակալ եմ մայրիկիս և լուսանկարչուհի Էմմա Մարշալյանին:
– Ձեր ամուսնու հետ, գոնե լուսանկարներից թվում է, թե «մի ջրից եք դուրս եկել»: Հաճույքով խենթություններ եք անում և լուսանկարվում: Իսկ որքանո՞վ եք նման իրականում, նույն մասնագիտական ոլորտի՞ց եք:
– Անկեղծորեն կարծում եմ, որ նույն խառնվածքի և մասնագիտական առումով նույն ոլորտին պատկանող մարդկանց համատեղ կյանքը բավականին ծանր է և ձանձրալի: Անընդհատ վեճեր, թե ո՞վ է ավելի լավը, ո՞վ է առավել կայացած… Ուրախ եմ, որ մենք ամուսնուս` Ալեքսանդրի հետ շատ տարբեր ենք: Ամուսինս իմ հակապատկերն է, այդ իմաստով ամուսնական կյանքն ինձ համար բավականին հետաքրքրաշարժ առիթ դարձավ: Ես և Ալիկը ճանաչում ենք իրար դեռ դպրոցական տարիներից, այդ պատճառով միմյանց ընդունում ենք այնպիսին, ինչպիսին կանք: Նա ինձ աջակցել է ֆիլմի սկսման պահից ի վեր` ամեն հարցում: Կինոն իրական փորձություն է ընկերության և սիրո համար: Եթե այդ փորձությունը հաղթանակած անցար, ուրեմն ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում:
– Հնարավոր էր, որ հենց նկարահանման հրապարակում էլ մայրանայիք, որքա՞ն է մնացել փոքրիկի լույս աշխարհ գալուն:
– Հնարավոր էր, քանի որ նկարահանման վերջին օրերն անցկացրել ենք քաղաքակրթությունից, մեղմ ասած, հեռու տարածքում: Բայց չէ՞ որ 2000 տարի առաջ էլ էին կանայք մայրանում… Նկարահանումներն ընթացան բարեհաջող և այդպես էլ ավարտվեցին: Երեխայի լույս աշխարհ գալուն սպասում ենք հունիսի սկզբին:
– Ինչպե՞ս է ապագա տատիկը` Շուշան Արևշատյանը, պատրաստվում իր նոր կարգավիճակին:
– Մայրս շատ է սպասում իր թոռնիկին:
– Կինը հղիության ընթացքում սովորաբար կտրուկ փոխվում է ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև էմոցիոնալ առումով, անգամ, եթե նա կինոռեժիսոր է:
– Այո, ես էլ բացառություն չեմ: Ասեմ ավելին, ամուսինս էլ է փոխվել: Մենք դարձել են առավել հոգատար միմյանց հանդեպ: Մեր սերն է շատացել: Միասին մենք ուժ ենք: Երեխայի ծնունդից հետո սիրո և համբերության ուժը մեզ հաստատ պետք կգա…