Փորձագետը դատարան էր ներկայացել գրքով՝ ապացուցելու համար, որ Լիա Միսակյանի մոտ եղել են թոքաբորբի ախտանիշներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2,3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստը:

Շարունակվում է փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Վերջինս դատարան էր եկել գրքերով, և, դրանցից մեջբերումներ կատարելով՝ նշում էր, որ Լիա Միսակյանի մոտ եղել են թոքաբորբի ախտանիշներ: Փորձագետը վկայակոչեց ռուսական աղբյուրներից մեկը՝ նշելով, որ այնտեղ որպես թոքաբորբի ախտանիշներ նշված են՝ երեխայի մոտ շնչառության հաճախականացումը՝ է 1-4 տարեկան երեխաների համար մեկ րոպեի ընթացքում 40 շնչական ակտ, միջկողային մկանների ներքաշում, տնքացող շնչառություն, քիթ-շրթունքային եռանկյան ցիանոզ՝ կապտություն, տոքսիկոզի երևույթներ, հիվանդագին տեսք, սննդից և հեղուկներից հրաժարվել, քննկոտություն, գիտակցության խանգարում, մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում գունատություն:

Ըստ փորձագետի՝ բոլոր վարկվածները համարվում են մեծ հավանականությամբ թոքաբորբ: Փորձագետը հիշեցրեց, որ Լիա Միսակյանի հիվանդության պատմագրում որպես անամնեստիկ տվյլաներ նշված են, որ երեխան հիվանդ է մոտ 14 օր, ունեցել է հազ, կատարալ երևույթներ, երեք օր առաջ փսխել է, 2012թ. դեկտեմբերի 31-ին հրաժարվել է սննդից, հեղուկներից, դարձել է թույլ, երեկոյան ցնցում է ունեցել, գիտակցության բացակայություն, շուրջբերանային ցիանոզ:

Բժիշկը հիվանդության պատմագրում նշել էր, որ երեխան 38.4 աստիճան ջերմություն է ունեցել, ընդհանուր վիճակը ծանր է, թույլ է, շնչառությունը տնքոցով է, մաշկը՝ գունատ, կոշտացած շնչառություն: Փորձագետի խոսքով՝ երեխայի պատմագրում նշված երևույթների 80 տոկոսն, իր կարծիքով համընկնում է գրքում նշված տվյալներ հետ:

Կարդացեք նաև

Ընդունող բժիշկը Լիա Միսակյանի մոտ ախտորոշել է սուր շնչառական վարակ. դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ երեխան մահացել է թոքաբորբից:

Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք մեջբերված դասագիրքը հաստատվա՞ծ է Հայաստանում կամ Ռուսաստանում (փորձագետը մեջբերում էր ռուսերեն գրքից): Գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ ՀՀ-ում տիեզերական ձգողության օրենքը որևէ իրավական ակտով հաստատված չէ, սակայն դրա շնորհիվ «մենք բոլորս նստած ենք»:

Գիվի Հովհաննիսյանն էլ հակադարձեց, որ գրականությունը պետք է հաստատված լինի, ցանկացած անձ կարող է գիրք հրատարակել, սակայն՝ որքանո՞վ է դա ընդունելի, այլ հարց է: Դատավոր Լևոն Ավետիսյանն ասաց, որ չի ընդունվում տուժողի իրավահաջորդի առարկությունը՝ նշելով, որ որպեսզի աշխատությունը, գիրքը դառնա ուսումնական ձեռնարկ, պետք է հաստատվի համապատասխան նախարարությունների կողմից, ցանկացած մենագրություն չի կարող հիմք հանդիսանալ փորձաքննության եզրակացության համար:

Գիվի Հովհաննիյանի դիտարկմանը, թե նշված ախտանիշներից, օրինակ, ցիանոզը նշված չէ տվյալներում, դա նշվել է միայն երեխայի մոր պատմածով, փորձագետն արձագանքեց. «Մոր պատմածը հիմք չե՞ք ընդունում»:

Փորձագետը նշեց, որ երեխաների դեպքում պետք է հաշվի առնվեն երեխայի անամնեստիկ տվյալները. «Եթե հաշվի չեք առնելու ընդհանրապես կարելի է և չգրել, եթե կա այդպիսի առաջարկություն, այդպիսի գիտություն, որ անամնեզը չեք առնում, մի առեք:

Ուրեմն՝ կարելի է երեխային բերել հիվանդանոց, անլեզու, անբերան երեխային ծնողը բերի, հանձնի բժշկին ու ասի՝ հանձնում եմ ձեզ, ու բժիշկ-ծնող կոնտակտն ընդհանրապես վերանա: Ոչ մի հարց չլինի, ոչ մի պատասխան չստանան: Այդ պարագայում ինչպե՞ս եք ախտորոշում կատարելու: Եթե դուք հաշվի չեք ցանկանում առնել, թե ինչ է կատարվել երեխայի մոտ, եթե հաշվի չեք առնում, որ ծնողն ասել է, որ մոտ 14 օր հիվանդ է եղել, եթե հաշվի չեք առնում, որ երեք օր առաջ երեխան ունեցել է ջերմության բաձրացում, որը շատ մեծ, էական նշանակություն ուներ, այո, թոքաբորբն ախտորոշելու համար…: Թե մեր հայկական, թե ռուսական գրականության մեջ դա կարմիր գծի նման նշված է, որ երեք օր ջերմության բարձացումն ուղղակի ցուցում է՝ պոլիկլինիկական պայմաներում երեխային ուղարկելու կլինիկական, իսկ ստացիոնարում՝ ախտորոշելու թոքաբորբ հիվանդությունը: Եթե հաշվի չեք առնելու, որ հրաժարվել է սննդից, հրաժարվել է հեղուկներից, դարձել է թույլ, դարձել է քնկոտ, էլ ինչո՞ւ եք գրում այս ամեն ինչը: Ուրեմն՝ ղեկավարվեք ձեր օբյեկտիվով»:

Մեղադրողը խնդրեց դատարանի ուշադրությունը՝ նշելով, թե դահլիճում գտնվող անձինք ծիծաղում են, ռեպլիկներ անում: Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի մեջբերած Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները պարզապես չափորոշիչներ են, իսկ մասնագետները տվել են իրենց գնահատականները:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ «երեխայի ծնողների աչքերին թոզ փչելու համար հերթական ապօրինի մեղադրանքն առաջադրվել է մեղադրող կողմի կողմից, ուղարկվել դատարան. որպեսզի ցույց տա հերոսի կեցվածք, դատախազությունը հերթական անգամ՝ տեսեք, մենք բացահայտել ենք, ինչ ենք կատարել, գործողություններ կատարելով բացահայտել ենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս