
Տարեկան 15 միլիոն դրամ՝ անորակ դատական թարգմանության համա՞ր

Այսօր ԱԺ-ի պետա-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովների նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խնդիրներ առաջացան դերասան Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ՝ նրա ֆրանսիացի փաստաբանի խոսքիթարգմանության հետ կապված, և ինչո՞ւ բանիմաց թարգմանիչ չէր տրամադրվել, ի՞նչ արդյունավետությամբ է ընդհանրապես օգտագործվում թարգմանության համար տրամադրվող տարեկան 15 մլնդրամը:
Կ. Փոլադյանը հավաստիացրեց, որ խնդիրն իրենց էլ է անհանգստացրեց, այդ կապակցությամբ քննարկումներ են եղել Դատական դեպարտամենտում: Ըստ նրա՝ թարգմանչական ծառայությունների համար հայտարարվում է բաց մրցույթ և հաղթող էր ճանաչվել «Բի գրուպ» ՍՊԸ-ն: Կ. Փոլադյանը հայտնեց, որ ընկերությանը գրություն է ուղարկվել` այսուհետ նման երևույթները բացառելու պահանջով: