Ընդդիմությանը հնարավորություն է տրված համոզել մեծամասնությանը. Դավիթ Հարությունյան

«Ընդդիմությունը պետք է որոշակի վերահսկողական ֆունկցիաներ ունենա, բայց քննարկման հարց է, թե որտեղ է այդ ֆունկցիաների սահմանը լինելու»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողնեaրին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանադրական բարեփոխումների ժամանակ արդյոք նախատեսվո՞ւմ է ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալ:

«Պետք չէ հեծանիվ հայտնագործել, պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ կուսակցություններն ունեն մոտավորապես նույն զարգացվածության մակարդակը, ինչ մեր մոտ: Մենք դեռևս չենք կայացրել մեր քաղաքական դաշտը»,- ասաց Դ.Հարությունյանը:

Ըստ նրա՝ աշխարհում միտում կա, որ մարգինալ տարրերը սկսում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ հասարակությունը սկսում է կորցնել հետաքրքրությունը:

Դ.Հարությունյանը շեշտեց, որ աշխատանքի գնահատման ժամանակ պետք է կարևորել ոչ թե քանակական, օրինակ կառավարությունում քանի նամակ է ստացվել, այլ՝ որակական ցուցանիշները: Ըստ նրա, օրինակ ԱՄՆ-ում որպես որակական ցուցանիշ ընդունում են, թե քանի աշխատակից է որոշակի դասընթացների մասնակցել:

Դ.Հարությունյանը հայտարարեց, որ ընդդիմության իրավունքներն այսօր ու 10 տարի առաջ նույնը չեն, շատ բան է փոխվել, մասնավորապես՝ նախկինում ընդդիմությունը ներկայացված չէր հանձնաժողովներում, չէր կարող օրինագծեր ներկայացնել և այլն:

168.am-ի դիտարկմանը՝ քանակական փոփոխություն կա, բայց որակական փոփոխություն չկա, Հարությունյանը պատասխանեց, որ ընդդիմության հնարավորություն է տրված համոզել մեծամասնությանը, իսկ հակառակ դեպքում կլիներ փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության նկատմամբ.

«Այն, որ ընդդիմության առաջարկները չեն ընդունվում, հիմք են տալիս ընդդիմությանը քննադատելու իշխանությանը և ժողովրդին համոզելու հաջորդ ընտրությունների հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս