Ուկրաինայի նախագահական ընտրություններն անգամ ինքնին մարտահրավերի են վերածվել Երևանի համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է ընտրվել Պյոտր Պորոշենկոն, ուկրաինացի օլիգարխ, որը ընտրվելուց հետո հայտարարել է, որ վաճառքի է հանում իրեն պատկանող «Ռոշեն» կոնֆետների ձեռնարկությունը:
Պորոշենկոյի հաղթանակով, ըստ էության, ամփոփվեց ուկրաինական ճգնաժամի մի փուլ, ինչը սակայն ամենևին չի նշանակում, որ ճգնաժամը մոտեցել է հանգուցալուծման: Ավելին` չի բացառվում, որ ճգնաժամը նոր փուլ է մտնում և էլ ավելի թափով է զարգանալու, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարում է Պորոշենկոյի ընտրությունը հարգելու մասին: Մի կողմից` հասկանալի է, որ Ռուսաստանը ինչ-որ ձևեր է փնտրում արևմտյան մեկուսացումից դուրս գալու, մեղմելու համար, մյուս կողմից, սակայն, հիշենք, որ օրինակ` 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախությունն առաջինը ճանաչել է Թուրքիան, և առաջինն էլ հարձակվել նորանկախ հանրապետության վրա: Այնպես որ, Ռուսաստանի ճանաչումը գրոշ չարժե, քանի որ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչ կանի Մոսկվան ուկրաինական արևելյան շրջաններում:
Եվ այստեղ շատ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի Պորոշենկոն տապալվի Ուկրաինայում, և այդպիսով Կրեմլը ցույց տա, որ ուկրաինական խնդիրը շատ ավելի խորն է, և այն առանց Ռուսաստանի հետ համագործակցելու Արևմուտքին լուծել անհնար է:
Սակայն ողջ հարցն այն է, որ Արևմուտքը միգուցե և չի էլ ուզում արագ լուծել ուկրաինական խնդիրը և այն դիտարկում է նախևառաջ որպես Ռուսաստանին վերջնականապես մաշելու հնարավորություն: Այս տեսանկյունից Պորոշենկոն, ըստ էության, նախագահելու է երկու կրակի արանքում, և ըստ էության` նաև երեք կրակի, եթե հաշվի առնենք նրա օլիգարխիական կենսագրությունը:
Այպիսով, Ուկրաինայում ըստ էության մենք ականատես ենք լինում սկզբի վերջին ընդամենը, և սկսվում է շարունակության սկիզբը: Սա նշանակում է, որ համաշխարհային իրողությունները շարունակելու են թելադրվել ուկրաինական իրադարձություններով, բխել ուկրաինական իրադարձություններից:
Եվ այս տեսանկյունից Հայաստանի համար շարունակվելու են պարբերական մարտահրավերները, երբ Երևանը հարկադրված է լինելու այս կամ այն հարցում արտահայտել բավական դժվարին դիրքորոշումներ:
Եվ այս տեսանկյունից Ուկրաինայի նախագահական ընտրություններն անգամ ինքնին մարտահրավերի են վերածվել Երևանի համար: Պորոշենկոյի ընտրության կապակցությամբ պաշտոնական Երևանը գոնե երեկվա դրությամբ ձեռնպահ էր մնացել գնահատականներից, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ Երևանը սպասում է Մոսկվայի արձագանքների ամբողջացմանը կամ ցուցումներին: Ի վերջո, ռուսները հարգում են ընտրության արդյունքները, սակայն վերջին խոսքը դեռևս չի հնչել»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։