Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացում են խաղաքարտերը

ՀՀԿ 15-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ են տրվել: Ոմանց կարծիքով՝ դա բացահայտ ակնարկ է կոմունիստական կուսակցությունը վերականգնելու մասին, ոմանք գտնում են, որ դրանում առկա են «պետությունը ես եմ» սկզբունքի ակնհայտ դրսևորումներ, բոլորը համակարծիք են, որ դա Բաղրամյան 26-ը՝ բովանդակության ու նշանակության իմաստով, Մելիք-Ադամյան 2-ում հավերժորեն ամրագրելու հայտ է: Թե որոնք են իրականում Սերժ Սարգսյանի դրդապատճառները, միանշանակ դժվար է ասել:

Հնչած այդ և էլի չթվարկված բոլոր գնահատականներում կարող է լինել ճշմարտության հատիկ: Բայց բոլոր այդ կարծիքներն ու վարկածները վերաբերում են համեմատաբար ավելի երկարաժամկետ հեռանկարներին, առնվազն՝ 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանին վերաբերող հեռանկարին: Սակայն Սերժ Սարգսյանի ելույթը, ըստ էության, առաջին հերթին՝ համարյա անթաքույց ակնարկներ էր պարունակում ընթացիկ, մինչև հաջորդ ընտրական ցիկլն ընդգրկող ժամանակահատվածի վերաբերյալ: Իսկ դրա իմաստը, էությունն այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության սկսում են «խաղաքարտերը բացելու» գործընթացը՝ քաղաքական դաշտին և հասարակությանը հասկացնելով՝ սկսվում է «փոխանցում» օպերացիայի երրորդ՝ ավարտական փուլը, որի հանգրվանը քաղաքական «երկբևեռ համակարգի կայացումն է»:

«Բևեռ» և «կուսակցություն» բառերի փոխատեղումն ավելի շատ քարոզչական հնարք է: Թեև, գուցե առաջիկա 10, անգամ 15 տարիներին Հայաստանում շարունակեն գործել մի քանի տասնյակ կուսակցություններ, խորհրդարանում էլ ներկայացված լինեն այսօրվա նման 6 կամ ավելի ուժեր, սակայն բովանդակային առումով քաղաքական դաշտում կլինեն երկու «բևեռներ», որոնք կսպասարկեն Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական և տնտեսական շահերը:

Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ակնարկներն ուղղված էին քաղաքական կուսակցություններին՝ կողմնորոշվեք, թե որ բևեռի շուրջ եք «համախմբվում»: Հարցերը՝ 2017-18 թվականներին որ ուժը մեծամասնություն կկազմի ԱԺ-ում, ով կզբաղեցնի նախագահի կամ վարչապետի պաշտոնները՝ գուցե որոշակիորեն կարևոր և հետաքրքիր, սակայն սկզբունքորեն երկրորդական հարցեր են:

Գլխավորն այն է, որ ցանկացածի հաղթանակի դեպքում մյուսը ոչ թե կպարտվի, այլ կրկին կհաղթանակի միջնորդավորված՝ «հակառակորդի» հաղթանակի միջոցով: Պարտվողը, ինչպես միշտ, լինելու է հասարակությունը, քանի որ քաղաքական ուժերը, պետք չէ կասկածել, կանսան Սերժ Սարգսյանի կոչին ու «ճիշտ կկողմնորոշվեն»՝ ընտրելով բևեռներից որևէ մեկը: Իսկ հասարակության պարտությունը կլինի արդեն ոչ միայն Սերժ Սարգսյանի կամ/ու Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև բոլորի՝ իրենց ու բևեռներից որևէ մեկի շուրջ համախմբվածների հավաքական հաղթանակը: Երկբևեռ համակարգում գործելու է, ավելի ճիշտ ՝ այդ համակարգը կարող է միայն կայանալ «երրորդն ավելորդ է» սկզբունքով: Երրորդը հասարակությունն է:

Տեսանյութեր

Լրահոս