Քրեական պատասխանատվություն՝ այլ երկրի քաղաքացիության մասին չհայտնելու համար
Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքում և «ՌԴ իրավական այլ ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը: Ըստ ՌԴ Պետական դումայի կայքում տեղադրված տարբերակի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվել ՌԴ այն քաղաքացիների համար, ովքեր որոշակի ժամանակահատվածում պետական մարմիններին չեն տեղեկացնի այլ երկրում քաղաքացիություն, բնակություն հաստատելու թույլտվություն ստանալու մասին:
Ո՞ւմ վրա է տարածվում օրենքը
Այն տարածվում է Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների վրա, ովքեր այլ երկրի քաղաքացիություն, բնակություն հաստատելու թույլտվություն կամ այլ փաստաթուղթ ունեն, որը հաստատում է երկրորդ երկրում նրա մշտական բնակության իրավունքը: Օրենքով նախատեված է, որ երկրորդ երկրի քաղաքացիություն կամ այնտեղ բնակություն հաստատելու թույլտվություն ունեցող քաղաքացիները պարտավոր են նշված փաստաթղթերը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց բնակության վայրում գտնվող գործադիր իշխանության այն մարմնին, որը լիազորված է միգրացիայի ոլորտում հսկողություն իրականացնել:
Օրենքով նախատեսված պարտավորությունից ազատվել են ՌԴ այն քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են ՌԴ տարածքից դուրս:
Օրենքում նշված է նաև, որ եթե միջազգային պայմանագրերով կամ ՌԴ դաշնային այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա 18 տարին չլրացած կամ գործողության սահմանափակում ունեցող անձի ներկայացուցիչը նշված փաստաթղթերը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ձևով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված պարտավորությունը չկատարելու դեպքում
ՌԴ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ ամրագրված պարտավորությունը չկատարելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Նման արարքը պատժվում է մինչև 200 հազար ռուբլի տուգանքով կամ աշխատանքի վարձատրության չափով կամ մինչև մեկ տարվա ընթացքում ստացված եկամտի չափով կամ մինչև 400 ժամ պարտադիր աշխատանքով:
ՌԴ այն քաղաքացիները, ովքեր համապատասխան ծանուցումը գործադիր իշխանության մարմիններին կներկայացնեն ուշացումով, ոչ ամբողջական ծավալով կամ ոչ արժանահավատ տեղեկություններով, կենթարկվեն վարչական տուգանքի 500 կամ 1000 ռուբլու չափով:
Ինչպե՞ս տեղեկացնել քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք ստանալու մասին
Այլ երկրի քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք ստանալու մասին ծանուցումը գործադիր իշխանության համապատասխան մարմիններին փոխանցվում է առձեռն կամ փոստի միջոցով:
Ծանուցման մեջ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.
1. անուն, ազգանուն, հայրանուն,
2. ծննդյան թիվ և վայր,
3. բնակության վայր,
4. ՌԴ քաղաքացու անձնագրի սերիան կամ այն փաստաթղթի համարը, որը նրան ՌԴ-ում բնակվելու իրավունք է տալիս,
5. երկրորդ երկրի կողմից տրված անձնագրի կամ մշտական բնակության իրավունք տվող փաստաթղթի համարը, սերիան,
6. երկրորդ երկրի քաղաքացիության կամ մշտական բնակության իրավունք ստանալու ժամանակն ու դրա հիմքը,
7. երկրորդ երկրում մշտական բնակություն հաստատելու փաստաթղթի ժամկետի երկարացման կամ նոր ձեռք բերված փաստաթղթի մասին վկայող տեղեկությունների ներկայացում,
8. երկրորդ երկրի պետության համապատասխան մարմիններին ուղղված դիմումի ներկայացում, որով քաղաքացին հրաժարվում է տվյալ երկրի քաղաքացիությունից կամ մշտական բնակության իրավունք վերապահող փաստաթղթից:
Պատրաստեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ