
Պուտինը Չինաստան մեկնելուց առաջ Ուկրաինայի հարցը քննարկել է ՌԴ ԱԽ անդամների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ Շանհայ, ուր նա մասնակցելու է նաև Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների խորհրդաժողովին: Թռիչքից առաջ նախագահը Սոչիում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Միջազգային թեմատիկայի քննարկման ժամանակ շեշտը դրվել է Ուկրաինայի իրավիճակի վրա, ուր կանոնավոր բանակի ներգրավմամբ պատժիչ գործողության շարունակման ֆոնին վերջին օրերին նկատվում է լարվածության հետագա աճ: Քննարկվել են նաև միջազգային այժմեական այլ խնդիրներ, որոնք լինելու են շանհայան առաջիկա բանակցությունների օրակարգում»: