Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա
Տղամարդու սերմնահեղուկը բաղկացած է սերմնաբջիջներից և սերմնահեղուկից: Սերմնահեղուկի միայն 5 տոկոսն է արտադրվում ամորձու կողմից, իսկ մնացած 95 տոկոսը` շագանակագեղձի և սերմնաբշտերի կողմից:
Սերմնահեղուկի նորմալ քանակն օրգանիզմում կազմում է մոտավորապես երեք միլիլիտր, իսկ սերմի խտությունը կարող է տատանվել 20-100 միլիոնի սահմանում: Սերմնաբջիջներն ունեն շարժունակ և անշարժ ձևեր: Հետևաբար, կախված սերմի ընդհանուր քանակից, շարժունակությունից կամ նորմալ սերմնաբջիջների պատկերից` կարող են դիտվել տղամարդու անպտղության տարբեր պատճառներ: Անպտղություն առաջանում է հատկապես սերմի քանակի և որակի նվազման ժամանակ: Իսկ ինչպիսի գործոններ կարող են ազդել սերմի որակի վրա:
Տղամարդու ապրելակերպը նույնպես կարող է ազդել սերմի քանակի և որակի վրա: Ալկոհոլը, նիկոտինը, թմրամիջոցները ու նաև բազմաթիվ այլ դեղորայքներ կարող են ժամանակավորապես նվազեցնել սերմի քանակը: Միջավայրի թունավոր նյութերը, ճառագայթումը կարող են նույնպես անպտղության պատճառ դառնալ:
Սերմնարտադրության պրոբլեմներն ընդհանրապես կարող են սկիզբ առնել մանուկ հասակից կամ զարգանալ հետագայում` որպես մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների (հատկապես` խոզուկի), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ամորձիների վնասվածքների, շագանակագեղձի հիվանդությունների, ամորձու ուռուցքի և այլ հիվանդությունների արդյունքում:
Շատ կարևոր են նաև սերմնաժայթքման խանգարումները, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է սերմը: Իսկ վերջինս կարող է հանդիպել շաքարային դիաբետի, շագանակագեղձի և միզուկի վիրահատությունների, հակագերճնշումային դեղորայքների և իմպոտենցիայի ժամանակ:
Քանի որ սերմնարտադրությունը տեղի է ունենում փոշտում, որի ջերմաստիճանը օրգանիզմի ջերմաստիճանից ավելի ցածր է, փոշտի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջացնել սերմնարտադրության խանգարումներ: Այսպես, օրինակ, բոլոր սեղմող և սինթետիկ ներքնազգեստները, տաք բաղնիքները, սաունաները, առաջացնելով փոշտի ջերմաստիճանի բարձրացում, կարող են վնասել սերմնարտադրությունը: Այսպիսի ազդեցություն ունի նաև սերմնալարի երակների լայնացումը (վարիկոցելե), որը տղամարդկանց անպտղության պատճառների մեջ մեծ տոկոս է կազմում: Կան նաև մի շարք դեղորայքներ (ցիտոտոքսիկ, ստերոիտգ), որոնք ազդում են սերմի գոյացման ու քանակի վրա:
Այս իմաստով շատ կարևոր է տղամարդկանց ու հատկապես երիտասարդների համար (մինչ ամուսնությունը) կատարել սերմի քննություն և ուռոլոգիական կոնսուլտացիա` իմանալու համար իրենց առողջության և վերարտադրողական ֆունկցիայի մասին շատ կարևոր տեղեկություններ: Կան բազմաթիվ բուժական միջոցներ, որոնք կարող են բարելավել սերմի որակն ու քանակը: Իսկ առողջ լինելու և առողջ ապագա ունենալու համար ամենակարևորը հեռու մնալն է բոլոր վնասակար սովորույթներից:
ՌԱՖՖԻՀ. ՋԱՆԵՑՅԱՆ, ուռոլոգ
urolog.am