Ուղղակի ամոթ է՝ բոնուսով «հաղթանակած» քաղաքական ուժի լիդերը փորձում է իրենով անել Վաղարշապատի հաղթանակը. ՔՊ-ն նպատակ ունի Գյումրիում իշխանությունը խլել ընդդիմությունից. Գագիկ Համբարյան
Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահների կողմից Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, համայնքապետի պարտականությունները սկսեց կատարել նրա առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը։
Արդյո՞ք իշխանությունները կբավարարվեն այս վիճակով, թե՞ կփորձեն այնպիսի սցենար իրագործել, որպեսզի Գյումրիում համայնքապետի պաշտոնը ստանձնի ՔՊ-ական որևէ մեկը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի օրվա իշխանությունը Վարդան Ղուկասյանին բանտարկելով չի բավարարվի և թույլ չի տալու, որպեսզի Վ. Ղուկասյանի տեղակալը շարունակի ղեկավարել քաղաքը։
«Այս իշխանությունը նպատակ ունի Գյումրիում խլել իշխանությունն ընդդիմությունից։ Եթե պետք է տեղակալը ղեկավարեր Գյումրիում, ապա իմաստը ո՞րն էր Վարդան Ղուկասյանին հեռացնելու իշխանությունից։ Այսինքն՝ նրանք նպատակ ունեն Գյումրիում խլել իշխանությունն այն մեթոդներով, ինչպես խլեցին Վանաձորում, Ալավերդիում, Ախուրյանում, որտեղ կար ընդդիմության կոալիցիայի միավորում։ Տարբեր տեղերում, տարբեր ձևերով են խլում։ Գյումրիում քաղաքապետին բանտարկել են և հիմա, ըստ պտտվող լուրերի, փորձում են ընդդիմությունից ավագանիների գողանալ, եթե դա չստացվի, ապա գոնե ամեն ինչ անեն, որպեսզի ավագանու նիստեր տեղի չունենան, ցրեն ավագանին ու նշանակեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ պարզ է, իրենց սրտի ներկայացուցչին, որպեսզի վաղը-մյուս օրը վերարտադրվեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը։
Խոսելով Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններից, մեր զրուցակիցն ասաց՝ եթե խոսի միայն Էջմիածին քաղաքի մասին, ապա այնտեղ ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել։ ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկել է ընդհանուր ընտրողների միայն 30 տոկոսը։ ՔՊ-ն հաղթել է միայն հարակից 15 գյուղերի քվեարկության արդյունքում։
«Ինչ վերաբերում է այս ընտրության արդյունքները պրիզմայով տարածելուն համապետական ընտրությունների վրա, ապա դա սխալ է։ Միշտ եմ ասել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից։ ՏԻՄ ընտրություններում մեծ կարևորություն է ներկայացնում այն, թե համապատասխան քաղաքական ուժի թեկնածուն ով է և ինչ թիմ է ձևավորվում։ Այսինքն՝ եթե ՏԻՄ ընտրություններում որևէ մեկը ստանում է բարձր ձայներ, դա մեծ մասամբ կապված է նրա հետ, թե այդ քաղաքական ուժի լիդերն այդ տեղում ով է, և ինչ ցուցակ ունի։
Օրինակ՝ նույն «Հայրենիք» կուսակցությունը, որը Վաղարշապատում պարտվեց, Գյումրիում բավականին պատկառելի ձայներ տարավ, և այստեղ խնդիրը նրանում չէ, որ մարդիկ ընտրեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, այլ այն, որ մարդիկ ընտրեցին կուսակցության Գյումրու թեկնածուին»,- հավելեց քաղաքագետը։
Շարունակելով՝ Գագիկ Համբարյանը նաև ասաց՝ Գյումրիում հաղթեց Կոմունիստական կուակցությունն այն պատճառով, որ այն գլխավորում էր Վարդան Ղուկասյանը, եթե լիներ մեկ այլ մարդ, գուցե այդ կուսակցությունը հաղթանակ չտաներ։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է Արգիշտի Մեխակյանի և նրա որոշ թիմակիցների կողմից հավաքված ձայները Վաղարշապատ խոշորացված համայնքում ներկայացնել՝ որպես իր հաղթանակ։ Նախ բերեք ճշտենք մեկ շատ կարևոր կետ, թե ինչպես է ՔՊ-ն հաղթանակ տարել Վաղարշապատում։ Այստեղ կա մեկ հանգամանք՝ երբ ինչպես ընդունված է քաղաքականության մեջ, քաղաքական ուժը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, և կա Նիկոլի հաղթնակ, որը նշանակում է, որ դա բոնուսային է։ Բերեք պարզ մաթեմատիկական հաշվարկ անենք, ընդհանուր առմամբ Վաղարշապատում ընտրողների 51,5 տոկոսը փաստացի դեմ է քվեարկել ՔՊ-ին, այսինքն՝ նրան ձայն չի տվել։ Նրան ձայն է տվել ընդամենը 48,5 տոկոսը։ Այս հանգամանքը մի կողմ դնելով և դիմելով էժանագին մանիպուլյացիաների և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկիններից ստացած օրենսգրքի խայտառակ հնարավորություններից օգտվելով՝ 48,5 տոկոս ստացած քաղաքական ուժը ստանում է 50 տոկոսից ավելի ձայներ, սա զավեշտ է, բայց փաստ։
Ուղղակի ամոթ է՝ բոնուսով «հաղթանակած» քաղաքական ուժի լիդերը փորձում է իրենով անել Վաղարշապատի հաղթանակը, թե իբր ժողովուրդն իրեն է ընտրել, ո՛չ, իրեն չի ընտրել, ընտրել է Արգիշտի Մեխակյանին»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում համայնքապետի ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 16-ին։

