Վաղը Նիկոլի հետ դատի ենք. «Հրապարակ»
Hraparak.am-ը գրում է. Վաղը 14:30 գնալու եմ առաջին ատյանի Աջափնյակի դատարան՝ դատվելու Նիկոլի հետ: Գործով որևէ կարգավիճակ չունեմ, եթե չհաշվենք, որ Նիկոլը դատի է տվել «Հրապարակին», իսկ ես ստեղծագործում, գրում և հեռուստահաղորդում եմ վարում «Հրապարակում»: Չեմ կարծում, թե ինձ խոսք կտան այնտեղ, բայց, ամեն դեպքում, գնալու եմ, որովհետև ինձ անչափ շատ են հետաքրքրում հատկապես այն դատերը, որոնց ժամանակ «մեղադրվող» կողմը սահուն ձևով դառնում է «մեղադրող»: Ինձ հետ նման մի դեպք պատահել է արդեն, և պետք է ասեմ, որ մի անբացատրելի զգացում ունեցա, որ ոչ այն է զայրույթ էր, ոչ այն է՝ հաճույք: Ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա նաև վաղը առաջին ատյանի Աջափնյակի դատարանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը դատի մեջ է լինելու «Հրապարակի» հետ: Կարճ ասած՝ հաջողություն եմ մաղթում մեզ և հիասթափություն Նիկոլին:
Նման դատերի ժամանակ շատ բան, իհարկե, կախված է դատավորից: Փառք Աստծու, «Հրապարակը» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող որևէ բան չի արել, որևէ պետական գաղտնիք չի հրապարակել, «քֆուր» չի տվել… Այո, քննադատել է իր գոյության տարիների բոլոր իշխանություններին, բայց երբեք չի «թքել» նրանց հոգու մեջ, դեմ է եղել հանրությանը միավորող բոլոր կամուրջներն այրելու անխոհեմ քաղաքականություններին: Դարձյալ ինձ օրինակ բերեմ… Մինչև Նիկոլի գալը ես իշխանության մաս էի կազմում, բայց գրում էի «Հրապարակում», և ինձ տպագրում էին, որովհետև ես էլ ընդդիմության հոգու մեջ չէի «թքում», համարում էի, որ շուն-գել՝ մեր ընդդիմությունն է: Լևոն պապիի ականջը կանչի:
Բայց թեմայից չշեղվենք: Եվ ուրեմն, վաղը դատի եմ: Նիկոլը «Հրապարակին» դատի է տվել մի հրապարակման համար, որտեղ, ասացեք խնդրեմ, «Հրապարակի» հոդվածագիրը մի անմեղ հարց է հնչեցրել՝ հավատարի՞մ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան առագաստին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, ամիսներ շարունակ սրա-նրա անկողինները քրքրած, սրա-նրա անձնական կյանքը մունդռած Փաշինյանը վիրավորվել է, երբ հարց է բարձրացվել՝ իսկ դու հավատարի՞մ ես քո ընտանեկան առագաստին: Ըստ երևույթին հանկարծակիի է եկել մեծարգո վարչապետը, քանզի երբեք մտքով չէր էլ անցկացրել, որ մի օր իր սրած բիզը կարող է մտնել իր փափուկ տեղը:
Մի խնդիր էլ կա: «Հրապարակի» հարցադրումը, ճիշտ է, Նիկոլի մասով է միայն, բայց, այդուհանդերձ, հարցադրումը Նիկոլին ու Աննային վերաբերվում է հավասարապես: Եվ ուրեմն, ինչո՞ւ է միայն Նիկոլն աղմկում: Եթե այդ հարցադրումն իսկապես այնքան լուրջ է, ինչքան Նիկոլն է կարծում, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ Աննա Հակոբյանը նրա գլխին, ինչ տեսարաններ կսարքեր: Մեր դեպքում, սակայն, գործը կոչվում է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հրապարակի», իսկ Աննա Հակոբյանի մասին, որպես մեղադրողի, նույնիսկ հիշատակություն էլ չկա:
Ասում են նաև, որ մեր երկրում գործերը դատավորներն մակագրում է համակարգիչը: Սա մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից՝ վատ: Հիմա էս «Նիկոլն ընդդեմ «Հրապարակի» գործը, որ հնարավոր է վերածվի հայկական «Սանտա Բարբարայի», մակագրվել է մի երիտասարդ կնոջ, որին բացարձակապես պետք չէր խառնել այս պատմության մեջ: Այսինքն, համակարգիչն այսպիսի բաներ հաշվի չի առնում: Կարող էին, չէ՞ մի տարեց կնոջ կամ տղամարդու հանձնարարել քննել Նիկոլի բարոյական կերպարը, հասկանալ՝ ի վերջո նա հավատարի՞մ է իր ընտանեկան առագաստին: Էս աղջիկ երեխուն նման գործ եք տվել քննելու… Նա, ախր, կարող է նաև ամոթից կարմրել:
Ի դեպ, երբ Նիկոլն ինձ էր դատի տվել իրեն «քաղաքական պուտանկա» ասելու համար, դատավորը մի պատկառելի անձնավորություն էր, բոյով, ջանով, տարիքով: Ազգանունը չեմ տա անվտանգության նկատառումներով, բայց դատավոր եմ ասել… Ճիշտն ասած՝ սկզբում ինքն էլ չգիտեր, թե ինչ ասել է՝ «քաղաքական պուտանկա» և կենտրոնացել էր այդ բառակապակցության վերջին բաղադրիչի վրա: Բայց երբ ինձ խոսք տվեց, և ես բացատրեցի արտահայտության իմաստը, նա իսկույն գործը կարճեց, որ ստիպված չլինի Նիկոլին մեղադրել անգրագիտության մեջ: Ընթերցողիս էլ ծանոթի կարգով ասեմ, որ «պուտանկա» և «պուտանա» բառերը խիստ տարբեր են․․․
Ինչևէ, վաղը դատի ենք: Իհարկե, հույս չունեմ, որ Նիկոլին այնտեղ կտեսնեմ, բայց որ այս դատը դառնալու է իսկական էշի հարսանիք, ինչպես մամուլի դեմ նրա բոլոր նախաձեռնությունները, չեմ էլ կասկածում: Թե բա 1 միլիոն էլ փող պիտի տաք… Էդ լո՞ւրջ ես ասում:

