Տրանսպորտային ապաշրջափակումից հետո Վրաստանը կարող է կապ հաստատել Պարսից ծոցի հետ․ Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով․ տեղեկանում ենք նախագահականի տարածած հաղորդագրությունից։

ՀՀ նախագահն ասել է, որ քննարկումների առանցքում էր երկկողմ տնտեսական համագործակցությունը, տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական և երիտասարդական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ, քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները:

Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք տնտեսական հնարավորություններին։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:

Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը և կայունությունը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ «TRIPP» նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաև տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին ևս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս