Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանն ու Հովհաննես Մանուկյանը հանդիպել են դատապարտված աշակերտների հարազատների հետ (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչները: Անցած տարի սեպտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աշակերտների մեղադրանք էր առաջադրվել, իսկ մայիսի 13-ին դատարանը նրանց մեղավոր ճանաչեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտեց Մեսրոպին 1 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:

Նախքան կառավարության նիստի սկսվելը նրանց հետ կարճատև զրուցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ նիստից հետո բնակիչներից մի քանիսը հանդիպում են ունեցել Աբրահամյանի ու ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

«Դատական պրոցես է, գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտել, ուղղակի մենք ուզում ենք հասկանանք որոշ հարցերում օրինականության խնդիրը: Որոշակի ուսումնասիրման աշխատանքի կարիք կա»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց նախարարը:

Հարցին՝ դատական գործընթացն արդա՞ր է եղել, Մանուկյանը պատասխանեց. «Ես հիմա նման անլուրջ հայտարարություններ չեմ անելու, որպեսզի մեկ կողմին լսելով ընդամենը ասեմ՝ դա արդա՞ր է, ազնի՞վ է, թե՞ օրինական: Միակ հնարավոր լուծումը օրինական պետք է լինի»:

Կարդացեք նաև

Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը 168.am-ին հայտնեց, որ աշակերտների ծնողներին խորհուրդ է տրվել դիմել վերադաս դատարան և բողոքարկել վճիռը:

Մինչդեռ մեզ հետ զրույցում դատապարտվածների հարազատները նշեցին, որ իրենց «ռեալ» պատասխան չի տրվել և հայտարարեցին, որ երեխաներն անմեղ են ու իրենք մինչև վերջ պետք է պայքարեն: Վանիկ Շահինյանն էլ ասաց, որ վարչապետը վստահեցրել է, որ կլսեն, կտեղեկանան, ընթացքում էլ իրենց կտեղեկացնեն, թե որը որից հետո է: «Հույսով սպասում ենք»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս