Հայաստանը դեռ բանակցում է (տեսանյութ)
Վերջերս հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ամսաթիվը՝ մայիսի 29: Պայմանագիրը ստորագրելու են Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ինչպես նաև նրանց կմիանա Ղրղզստանը: Հայաստանն այդ օրը կստորագրի փաստաթուղթը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Ինչպես այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, դա կախված է բանակցություններից. «Բանակցում ենք, բանակցությունները երբ կավարտվեն, պարզ կլինի, ժամկետ չկա»:
Նա հերքեց, թե Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան և հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքերը. «Պարզապես մի քանի տեխնիկական հարց կա, շուրջ 800-ից ավելի ապրանքների ցանկը գրեթե կարելի է համարել համաձայնեցված: Ամեն դեպքում Հայաստանի համար սոցիալական ապրանքների հարցը կարելի է համարել լուծված: Ցանկացած միության մեջ մտնելիս, նույնը ԱՀԿ-ին անդամակցության գործընթացի ժամանակ էր, որտեղ 150 երկիր էր, ամեն մի երկիր իր շահերն էր պաշտպանում, իսկ քանի որ տարբեր երկրներ են, տարբեր մոտեցումներ են լինում: Իսկ նախագահների խոսքերը չեմ մեկնաբանում՝ ո´չ մեր, ո´չ ուրիշների»:
168.am-ի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի հետ ՀՀ ժամանած գործարարներն ինչպե՞ս են գնահատում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունը Մաքսային միությանն անդամակցության դեպքում, Կ. Ճշմարիտյանը պատասխանեց. «Մաքսային միությունը դիտարկում են որպես իրենց բիզնեսի համար լրացուցիչ մեծ շուկա: Նախագահ Օլանդն էլ իր խոսքում դա նշեց և ասաց, որ հարգում է մեր ընտրությունը: Չկա իրավիճակ, որտեղ հնարավոր չլինի շահել: Ներդրողն ընդհանրապես գնում է ավելի քիչ դիմադրության ուղղությամբ: Ինչքան ՀՀ-ում վարչարարական խոչընդոտները քիչ լինեն, ինչքան ՀՀ-ում բիզնես անելու, ներդրումներ անելու գրավչությունը բարձր լինի մյուս երկրների համեմատ, այնքան Հայաստանն այդ առումով ավելի գրավիչ կլինի: Ընդ որում՝ այնպիսի տարբերություն պետք է լինի, որ կոմպենսացի մեր լոգիստիկ դժվարությունները և շուկաների մատչելիությունը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Մինսկի համաժողովին, նախարարը նշեց, որ այնտեղ տնտեսական հարցեր չեն քննարկվել, այլ՝ քաղաքական:
Մանրամասները՝ տեսանյութում