Տիգրան Սարգսյանի ու Արմեն Մովսիսյանի ծանր ժառանգությունը
2011 թ. վերջին տեղեկություններ տարածվեցին, որ ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունը հետաքրրքված է «Նաիրիտ» գործարանով: Չենք մոռանում, որ ռուսներից առաջ լեհերն էին, հնդիկներն ու այլոք: Ինչևէ: Սկսվեց ուսումնասիրությունների, հաշվարկների, վերագործարկման ծրագիր կազմելու երկարատև շրջանը: Մոտ 1 տարի առաջ վերագործակման «էստաֆետը» փոխանցվեց «Ռոսնեֆտ» ընկերությանը, և «Նաիրիտի» կյանքում սկսվեց տեխնիկական ու տնտեսական զանազան հիմնավորումների նոր շրջան, պատվիրակությունների այցելություններ, իշխանավորների խոստումներ ու հավաստիացումներ, որ գործարանը կվերագործարկվի՝ շուտով:
Իր պաշտոնավարության վերջին օրերին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չվարանեց կրկին հավաստիացնել՝ «Նաիրիտը» վերագործարկվելու է, մայիսի սկզբին սպասվում է ռուսական պատվիրակության այց: Իսկ դեռ փետրվարին վարչապետի պաշտոնից իր հրաժարականի դիմումը գրած Տիգրան Սարգսյանը նույն ամսվա վերջերին խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում շտապել էր հերքել իր և իր հարազատների որևէ առնչությունը «Նաիրիտի» թալանին: Տիգրան Սարգսյանը կրկնել էր, թե «Ռոսնեֆտի» հետ բանակցությունները շարունակվում են:
Այսօր մայիսի 9-ն է, բայց Ա.Մովսիսյանի խոստացած ռուսական պատվիրակության մասին ոչ մի խոսք չկա: «Ռոսնեֆտի» կայքում «Նաիրիտի» մասին որևէ տեղեկատվություն չկա: Ռուսական մամուլը ևս լռում է սպասվող «պատմական» գործարքի մասին և «Նաիրիտը» վերջին անգամ այնտեղ հիշատակվել է Միջպետական բանկին ունեցած պարտքերի և դրա հետ կապված Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կրած պարտության կապակցությամբ:
Իսկ «Նաիրիտ» գործարանում բողոքի հերթական ալիքն է հասունանում: Աշխատակիցները կրկին պատրաստվում են ցույցեր անցկացնել՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Վերջին անգամ, ավանդական դարձած բողոքի ակցիաներից հետո, նրանց աշխատավարձ է վճարվել ապրիլի 11-ին, սակայն 14-15 ամսվա կուտակված պարտքի մասին խոսք չկա:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա երկուշաբթի օրը գործարանի աշխատակիցները մտադիր են հանդիպել Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանի հետ: Եթե հանդիպումն անարդյունք ավարտվի, նաիրիտցիները կրկին կգնան Բաղրամյան 26: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի, որովհետև, մեր աղբյուրների հավաստմամբ, ազատ միջոցներ չկան, իսկ Զախարյանն էլ դրդապատճառ չունի, որ անորոշ ճակատագիր ունեցող և օրեցօր պարտքերի բեռն ավելացնող գործարանի համար համակարգից գումար դուրս բերի: Ըստ էության, «Նաիրիտը» վերածվել է կոտրած բռնակով ճամպրուկի, որը ո´չ շալակելու, ո´չ էլ դեն նետելու է: