«Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ չվիճել Պուտինի հետ ու ներդնել ֆիննական մոդելը». Բորիս Նեմցով. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական ճանաչվեց Ղրիմում անցկացված հանրաքվեն։ Բանաձևին կողմ էր քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում էր նաև Հայաստանը։

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն անդրադարձել էր քվեարկությանն ու ասել, որ այդ 11 երկրների ընկերակցությամբ էլ Ռուսաստանը կշարունակի ապրել ապագայում ևս՝ սրանով անուղղակիորեն կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։ «ժամանակը» հնարավորություն ունեցավ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության, եվրասիական ինտեգրացիոն նախագծերի և հետխորհրդային տարածքում ընթացող զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության շուրջ խոսել ՌԴ կառավարության նախկին անդամ, 1997–1998թթ. ՌԴ աոաջին փոխվարչապետ, ներկայում ոուսաստանյան ընդդիմության առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Բորիս Նեմցովի հետ։

-Պարոն Նեմցով, բավականին երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանում հաստատվել, է մի քաղաքական համակարգ և միջավայր, որտեղ ոչնչացվում է ցանկացած այլակարծություն, լռեցվում ընդդիմության ձայնը ցանկացած կերպով, սահմանափակվում խոսքի ազատությունը։ Սրա վառ ապացույցն էր նաև օրերս բլոգների կարգավիճակի հավասարեցումը ԶԼՄ-ների կարգավիճակին, որն ի վերջո՝ բերելու է այլ կարծիք ներկայացնող բլոգների փակմանը։ Ակնհայտ է, որ այս միտումը կործանում է Ռուսաստանն ու Ռուսաստանում առողջ հանրային կարծիքը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են զարգացման այս մոդելից ապահովագրված այն երկրները, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի և ռուսական ինտեգրացիոն նախագծերի հետ։ Ի վերջո՝ այս մոդելը չի՞պարտադրվելու եվրասիական տարածքին, որին մասնակցության ճանապարհին է նաև Հայաստանը։

– Բնականաբար, այն երկրները, որոնք գտնվում են պուտինզմի ուղեծրում, պետք է կրկնեն այն մոդելը, որն առաջ է մղվում նրա կողմից։ Այսինքն՝ դիկտատուրայի, թալանի, կոռուպցիոն մոդել։ Սա է Պուտինի այցեքարտը, նրա իշխանությունն ու նրա՝ երկիր ղեկավարելու ընկալումը։ Նրա խնդիրը Ռուսաստան երկրի զարգացումը չէ, նրա խնդիրների ցանկում չէ նաև Ռուսաստանի հաջողությունը, նրա խնդիրների ցանկում է հետևյալ հարցը՝ ինչպես պահել իշխանությունը, ինչպես պահպանել կապիտալները և միջոցները։ Ուստի Ռուսաստանում խոսքի ազատության և ընդդիմության ոչնչացումը, համատարած ճնշումները, երկաթե վարագույրը, ցանկացած կենդանի երևույթի դեմ ատելությունը և այլն կործանում են Ռուսաստանը և անխոս ամրապնդում նրա իշխանությունը։ Իրականում հենց իշխանության պահպանման համար է Պուտինն այս ամենն անում։

– Այսինքն՝ Հայաստանին, որը շարժվում է այս ուղղությամբ, և՞ս սպառնում է այս մոդելը։

-Անկասկած։ Հայաստանն աշխարհի այն փոքրաթիվ երկրների ցանկում էր, որոնք քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հօգուտ Ղրիմի բռնակցման։ Ես ամեն ինչ հասկանում եմ, հասկանում եմ նաև այն, որ Հայաստանը տնտեսապես խորը կախվածություն ունի Ռուսաստանից, բայց, այնուամենայնիվ, քվեարկությունը ցուցիչ է, քվեարկությունը նշանակում է, որ Պուտինի բոլոր հրահանգները ՀՀ ներկայիս ղեկավարությունն իրականացնում է առանց հակաճառելու։

– Հետխորհրդային երկրներում՝ բացառությամբ մի քանիսի, գործում են իշխանիկների ռեժիմներ, որոնք նույնիսկ ընդդիմադիր գործիչների համար քաղաքական դաշտն են դարձնում անհասանելի, որի արդյունքում այսօր Բելառուսում գոյություն չունի ընդդիմություն, Ղազախստանում՝ ևս, Ռուսաստանում այդ գործիչները կարծես ետ են մղված քաղաքական դաշտից։ Այս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մնացել են փոքրաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Միգուցե այս ռեժիմների դեմ պայքարում բոլոր այս երկրների փոքրաթիվ դեմքերը պետք է միավորվեն և միասնակա՞ն պայքարեն։

– Սկզբունքորեն համագործակցությունը և միասնական պայքարը օգտավետ են և միգուցե կառուցողական, բայց պետք է հասկանալ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները դիկտատորական երկրներում վերածվում են դիսիդենտների. այսինքն՝ դիսիդենտները պայքարում էին ազատության համար, նրանք պայքարում էին ժողովրդավարության համար, բայց նրանք որևէ կերպ ազդեցության չէին ունենում ընթացող քաղաքական գործընթացների վրա։ Այս իմաստով քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, և ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելառուսում, Հայաստանում և այլն, անկասկած, գործ է, որը բոլորին պետք է միավորի։ Բայց, բնականաբար, յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ունի, յուրաքանչյուր երկրում մարդիկ պայքարում են իրենց Պուտինի դեմ, յուրաքանչյուրը պայքարում է իր Լուկաշենկոյի դեմ, իր Նազարբաևի դեմ։ Ուստի այս դեպքում իրար խորհուրդ տալն ավելորդ է, բոլորն էլ գիտեն՝ ինչպես իրենց ղրսևորել։ Այլ հարց է, որ կարելի է պայքարել քաղբանտարկյալների ազատ արձակման համար։

– Հետխորհրդայրն երկրներում ընդդիմադիր գործիչները ի՚՞նչ կարող են անել իրավիճակ և արտաքին քաղաքական վեկտոր փոխելու համար։

– Ես ասացի՝ այն, ինչ անում են դիսիդենտները՝ զբաղվել լուսավորչությամբ, իրավապաշտպան գործունեությամբ, բողոքել, մասնակցել բողոքի ակցիաների, ոըևէ նոր բան չկա, այն, ինչ մեզ հայտնի է՝ որպես պայքարի գործիք։ Աշխարհը որևէ նոր բան չի հորինել։

– Հայաստանում հասարակության մի մեծ հատված ու ժողովրդավարական արժեքներին ձգտող գործիչներ ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը։ Սակայն տեսնելով Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում՝ շատերը սկսեցին մտածել, որ արդարացված էր այդ որոշումը և նվազագույնն էր, որ Հայաստանը պետք է ու կարող էր անել։ Եղավ նաև Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի ԳԱ–ում, որը Դուք քննադատեցիք։ Ի՞նչ կարող էր անել Հայսատանը, որպեսզի չարժանանար Ուկրաինայի ճակատագրին և պատվով ներկայանար աշխարհին, շարուակեր բանակցությունները ԵՄ հետ։

– Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի։ Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայսատանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել։ Գիտե՞ք, ինձ համար դժվար է խորհուրդներ տալ այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ավտորիտարիզմի ուղին ինքն իրենով որևէ երկրի չի կարող հաջողություն բերել, առավել ևս, երբ ռուսական դիկտատուրան ամենագարշելին է այստեղ բացառված է իշխանության փոփոխությունը, մի թալանչի խումբը պա հում է երկիրն այս վիճակում։ Այս ավտորիտարիզմը չի կարող համեմատվել նաև Չինաստանի ավտորիտարիզմի հետ։ Այստեղ իշխանություն չի փոխվում, որը զարգացման գրավականներից մեկն է։ Պուտինը ընտրել է երկրի կառավարման ամենավատ համավարգը, որն իրեն է հարմար, բայց երկիրը տանում է կործանման։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն այս իմաստով ընդամենը պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատևել շրջափակման պայմաններում։ Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում Եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան։ Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել և չվիճել Պուտինի հետ։ Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը։ Հիշո՞ւմ եք, նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը։ Զարգացման այս մոդելը կապահովի և ներքին զարգացումը, և կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները, ներխուժումները և նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս