Բաժիններ՝

Ալինա Կիրակոսյան. «Շատ ավելի կարևոր են ճշմարիտ արվեստը, ներքին խիղճն ու պատիվը» (լուսանկարներ, տեսանյութ)

Երիտասարդ երգչուհի Ալինա Կիրակոսյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանից: Նա ներկայանում է ջազ, սոուլ, փոփ ոճերում: Ո՞րն է պատճառը, որ երգչուհին քիչ է երևում եթերում՝ այն դեպքում, երբ նույնիսկ տեսահոլովակ ունի: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար զրուցեցինք նրա հետ:

– Դուք ունեք տեսահոլովակ, մասնակցում եք տարբեր համերգների, սակայն ի՞նչն է պատճառը, որ Ձեզ քչերն են ճանաչում:

– Պատճառն այն է, որ ես այդքան էլ կոմերցիոն երգչուհի չեմ: Այսօր մարդիկ ավելի շատ լսում են երգեր, որոնք արվեստի հետ գրեթե կապ չունեն, այդ պատճառով ես շատ քիչ եմ երևում: Ես ունեմ իմ լսարանը, ինձ լսող մարդիկ գալիս են «Մալխաս» ջազ ակումբ, որտեղ ես ունեմ իմ ելույթի օրերը, և լսում են ինձ: Լսարանս շատ մեծ չէ, բայց կիրթ է:

– Հեռուստատեսությամբ Ձեր տեսահոլովակը շատ քիչ ցուցադրվեց, այն էլ՝ ընդամենը մի քանի հեռուստաընկերություններով:

Կարդացեք նաև

– Շնորհակալ եմ այն բոլոր հեռուստաընկերություններին, որոնք տեսահոլովակս ցուցադրեցին անվճար, մասնավորապես` «Դար 21», «Լայմ», Հ2 և «Արմենիա» հեռուստաընկերություններին: Եթե ճաշակով երգ ես ներկայացնում՝ ցույց չեն տալիս, իսկ հետո բողոքում են, թե եթերը ողողված է անճաշակ երաժշտությամբ: Ես չեմ պատրաստվում որևէ հեռուստաընկերության վճարել որակով աշխատանք ներկայացնելու համար:10173191_536619583114974_93971070_n– Սկսնակ շատ երգիչներ բողոքում են, որ Հայաստանում դժվար է առաջ գնալը, ճի՞շտ է:– Դժվար է, երբ չունես գումար, որպեսզի նկարահանես տեսահոլովակներ, իսկ այն, ինչ ես եմ երգում` շատ ավելի դժվար է հասկանալ հայ հանդիսատեսին, որովհետև անգամ իմ աշխատավայրում, երբ օտար ազգի հյուրեր են գալիս` լրիվ ուրիշ մթնոլորտ է տիրում: Բայց, միևնույն ժամանակ, ես շատ հայրենասեր մարդ եմ և Հայաստանից դուրս չեմ կարողանում երկար ապրել: Եթե լինի սովորելու կամ աշխատելու առաջարկ՝ կարճ ժամանակով գուցե գնամ:

10253204_536619509781648_1069698660_n

– Ձեր ոճի ընտրությունը պատահակա՞ն էր:

– Ես ծնվել եմ դասական երաժիշտների ընտանիքում, պապիկս շեփորահար է եղել Օպերային թատրոնում, և ինձ 4 տարեկանից տարել են այդ համերգներին: 5 տարեկանից դաշնամուրի գնացի. բակ չէի իջնում, չէի խաղում, այլ ժամերով պարապում էի, այս առումով միշտ հումորով ասում եմ, որ դառը մանկություն եմ ունեցել: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարան՝ որպես դաշնակահարուհի: 16 տարեկան էի, երբ ուսումնարանում երգի մրցույթ հայտարարվեց: Որոշեցի մասնակցել, լուրջ պատրաստվեցի դասախոսի մոտ և ներկայացա Առնո Բաբաջանյանի «Верни мне музыку» երգով: Բավական հաջողություններ ունեցա մրցույթում և հասկացա, որ երգելն ինձ մոտ լավ է ստացվում, կարելի է խորանալ, կրթվել այդ ուղղությամբ: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ:

10178277_536619783114954_1980258805_n

– Երկրորդ մասնագիտություն էլ ունեք, ո՞րն է պատճառը:

– Քանի որ մարդկային տեսակով փնտրող եմ, մաքսիմալիստ, ինձ միշտ ինչ-որ մի բան պակասում է, ես ուզում եմ անընդհատ փնտրել և գտնել: Երբ արդեն երգելն էլ որոշ չափով ստացվում էր, որոշեցի դրան ավելացնել դերասանի վարպետությունը և ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

– Իսկ ինչո՞ւ հենց դերասանի վարպետություն:

Copy of 10178277_536619363114996_1131822833_n – Այդ ֆակուլտետում անցնում են նաև վոկալ, պար, ընդհանուր կրթվում են, իսկ երգչի համար բոլորն էլ շատ կարևոր է: Բեմում երրորդ, չորրորդ երգից արդեն երևում է, թե տվյալ երգիչը կյանքում քանի գիրք է կարդացել: Այդ պատճառով ես ավարտեցի նաև Թատերական ինստիտուտը:

– Դերասանի մասնագիտությամբ ինչո՞ւ չշարունակեցիք:

– Խաղացել եմ թատրոնում, ունեցել եմ շատ հետաքրքիր դերեր: «Բյուռլեսք» կոմերցիոն մյուզիքլում, որը բեմադրվեց այստեղ, խաղացել եմ գլխավոր դեր: Երգելիս դերասանի վարպետությունն ինձ շատ է օգնում, էներգետիկ դաշտի առումով կարողանում եմ ավելի հետաքրքիր ազդել հանդիսատեսի վրա: Բայց քանի որ թատրոնը և, առհասարակ, դերասանի գործը շատ ժամանակատար է, ես չեմ կարող «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել»՝ լինելով և՛ թատրոնում, և՛ երգարվեստում: Երգելն ինձ համար շատ լուրջ աշխատանք է, կարող է՝ վերցնեմ ջազային ստանդարտ և ժամերով աշխատեմ վրան, իսկ եթե զուգահեռ գնամ թատրոնի փորձերին` երկու գործն էլ թերի կանեմ:

– Ունեցե՞լ եք հիասթափություններ երգարվեստում:

– Կարելի է ասել` ամեն վայրկյան: Սա այնպիսի բարդ ճանապարհ է, որ դու կարող ես մեկ՝ շատ ոգևորվել, մեկ՝ շատ հիասթափվել: Պատճառն այն է, որ զգում ես` դու ինչ-որ գործ ես անում, աշխատում ես, բայց ավելի շատ երևում են այն մարդիկ, որոնք աշխատում են շուկայի պայմաններին համարժեք: Շատ-շատ երգիչ-երգչուհիներ խոսում են նույն բանի մասին, բայց արդյունքում ոչինչ չի փոխվում. անում են այն, ինչ հարկավոր է շուկային: Կարելի է անել ճաշակով բաներ և հանդիսատեսին իրենց հետևից տանել, ոչ թե իրենք գնան հանդիսատեսի հետևից:

– Երիտասարդ երգչուհու համար ամենամեծ փորձությունը ո՞րն է:

– Երբ հայտնվում ես մի վայրում, որտեղ զգում ես, որ կարող ես առաջ գնալ, հասնել փառքի, բայց մտածում ես` ընտրել հանգիստ, մաքուր ճանապա՞րհը, թե՞ ռիսկի գնալով՝ հասնել փառքի: Ցանկացած երգչուհու մոտ սա կա: Ես էլ եմ անցել այդ ամենի միջով, բայց, փա՛ռք Աստծո, ժամանակին հետ եմ կանգնել ու հասկացել եմ, որ շատ ավելի կարևոր են ճշմարիտ արվեստը, ներքին խիղճն ու պատիվը:

– Ի՞նչ պլաններ ունեք ապագայում:

Ապագայի մասին խոսել չեմ սիրում: Ունեմ կոնկրետ երազանք` ունենալ հրաշալի ընտրյալ, ով նույնպես կապ կունենա երգարվեստի հետ, և մենք միասին կստեղծագործենք:

10276302_536623139781285_769733426_n

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս