Բելառուսը կարող է չստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկը չի պատրաստվում մայիսի 29-ին Աստանայում ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը՝ ի վնաս իր շահերի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այսօր մենք երկխոսում ենք նախևառաջ Ռուսաստանի հետ, թե ինչպես լուծենք խնդիրները: Դրանք լուծում կստանան մոտ ժամանակներս, որովհետև մայիսի վերջին մենք պետք է ստորագրենք տնտեսական միության կազմավորման մասին պայմանագիրը, ինչի համար էլ պետք է հարթել բոլոր հարցերը: Հակառակ դեպքում մենք չենք կարող ի վնաս մեզ, անհավասար պայմաններով մտնել տնտեսական այդ միության մեջ»:
Ապրիլի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Նուրսուլթան Նազարբաևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի կնքման հարցը:
Այն ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Եվրասիական միությունը պետք է կազմավորվի փոխադարձ առևտրում (այդ թվում նաև նավթով) սահմանափակումների բացակայության սկզբունքի հիման վրա:



