Գիտությունների թեկնածուն իրեն մեղավոր չճանաչեց. Պաշտպանի խոսքով՝ նրան առևանգել են, խլել բիզնեսը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խոշոր չափերով յուրացման և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Դատարանում ամբաստանյալն ասաց, որ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չի եղել, մինչև ձերբակալվելն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

Այսօր դատական նիստի ընթացքում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո Արտակ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկում իրեն մեղավոր չճանաչեց: Ա. Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանն ասաց, որ ծանոթացել է քրեական գործի նյութերին, և իր համար ակնհայտ է, որ նախաքննությունն իրականացվել, իսկ մեղադրական եզրակացությունը կազմվել է միակողմանի՝ ի վնաս Ա. Ղուկասյանի:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ընթերցելիս մեղադրողը նշեց, որ իր պաշտպանյալը տարբեր քաղաքացիներից գումարներ է վերցրել նաև տոկոսով, սակայն որևէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել վաշխառության համար:

«Այդ անձնավորությունները, ովքեր մի քանի հարյուր հազար դոլար տոկոսով գումարներ են տրամադրել, այսօր կա´մ հայտնվել են վկայի կարգավիճակում, կա´մ հայտնվել են տուժողի կարգավիճակում: Նույն քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ կատարվել է առևանգում: Առևանգել են իմ պաշտպանյալին, արդյունքում՝ խլել են բիզնեսը, իրեն պատկանող գույքը, ոսկեղենը:

Բայց արդեն նորից նշված անձնավորությունները, նաև կազմակերպիչները հայտնվել են կա´մ տուժողի կարգավիճակում, կամ վկայի կարգավիճակում, կա´մ ընդհանրապես գործում նրանց վերաբերյալ որևէ դիրքորոշում, այսպես ասած, արտահայտված չէ:

Արտահայտվեց, որ իմ պաշտպանյալը կատարել է իրավունք վերապահող փաստաթղթի օգտագործում, բայց իրականում քրեական գործի նյութերով ապացուցվել և հիմնավորվել է, թե ով է կատարել այդ կեղծիքը, և տվյալ անձը գտնվում է ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում:

Այսինքն՝ ակնհայտ է, որ նախաքննական մարմինը, նաև այսօր տուժող կամ վկա ճանաչված անձանց հետ համագործակցելով, միակողմանի մեղադրանք է առաջադրել իմ պաշտպանյալին, և իմ պաշտպանյալը ճիշտ է, որ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, և ես համոզված եմ, որ սույն դատաքննության ընթացքում կբացահայտվի իրականությունը, կպարզվի, որ նախաքննական մարմինը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, մասնավորապես՝ կարող եմ ասել՝ տուժողներից մեկը, շատ արագ դարձել է պատգամավոր, մեղադրանք է առաջադրել, այն էլ՝ չարած հանցագործությունների հետ կապված, իմ պաշտպանյալին»,- ասաց Ա. Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Արտակ Ղուկասյանն էլ հայտարարեց. «Երբ գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում, գործը Միրզոյանի ժամանակ քննում էր Սարդարյան Հեկտորը: Ու իր քննության ընթացքում ինձ կասկածյալի կարգավիճակով քննեցին, հետո դարձա վկա, հետո դարձա տուժող: Երբ որ այնտեղ տեղափոխություն տեղի ունեցավ, հանեցին, նոր պետ բերեցին, նոր քննիչ եկավ Հատուկ քննչականում, իհարկե, չէի ասի՝ Հատուկ քննչականի կարգավիճակ ունեցող քննիչ էր, ավելի շատ քաղմասի քննիչ էր, ու ես դարձա կալանավոր: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞նց եղավ, որ մի քննիչը քննում է գործը…»: Ամբաստանյալի խոսքերն ընդհատեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ նշելով, որ դատարանն այդ հարցերի պատասխանը կտա վերջնական դատական ակտում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը որոշեց նախ՝ հարցաքննել գործով տուժողներին, ապա՝ վկաներին, հետազոտել քրեական գործի նյութերը, այնուհետև հարցաքննել ամբաստանյալին: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031