Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ տարածաշրջանի երկրների միջև խաղաղություն ու բարեկամություն հաստատվելու գործընթացներում.
«Իրանը հուսով է, որ տարածաշրջանի բոլոր երկրների միջև կհաստատվի խաղաղություն, բարեկամություն ու համագործակցություն: Տարածաշրջանը կարիք չունի հակամարտությունների ու լարվածության:
Հայաստանի ու Իրանի միջև կապերը կառուցվում են երկու երկրների շահերի հիման վրա: Տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հարցերի շուրջ մոտ են երկու երկրների դիրքորոշումները»:
Հանդիպման ժամանակ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը, ինչը վերաբերում է նաև միջխորհրդարանական կապերի և տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում Իրանի հետ փոխադարձ համագործակցության: Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանն ու Իրանը կարող են ավելին անել երկու երկրների միջև բեռնափոխադրումների, էներգետիկ, կրթական ու մշակութային ոլորտներում:
Նալբանդյանը նաև ողջունել է Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն է, որ ողջունել է ժնևյան բանակցությունները: Նալբանդյանը հույս է հայտնել, որ դա դրական ազդեցություն կունենա կողմերի վրա:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը:



