Վրաստանի պետական կառույցներում ոչ որակյալ կադրերի խնդիրը մասամբ կլուծեն Կրթության միջազգային կենտրոնի ստեղծմամբ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ երկրում ստեղծվել է Կրթության միջազգային կենտրոն, որը հնարավորություն կտա գոնե մասամբ լուծել պետական կառույցներում ոչ որակյալ կադրերի խնդիրը:
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նինո Կոբախիձեն հայտարարել է, որ կենտրոնի նպատակը մի կողմից երկրի քաղաքացիների համար բարձրագույն կրթության մատչելիության մեծացումն է, իսկ մյուս կողմից՝ պետական ծառայությունում որակյալ կադրերի դեֆիցիտի լուծումը.
«Կրթության միջազգային կենտրոնը գործում է երեք ուղղությամբ: Առաջինն օտար, հեղինակավոր համալսարաններում ֆինանսական մագիստրատուրան է և դոկտորական ծրագրերը, երկրորդը՝ արտերկրից Վրաստան որակյալ մասնագետներ ներգրավելը, իսկ երրորդը՝ պետկառույցների աշխատակիցների որակավորման բարձրացումը:
Մագիստրատուրայի ու դոկտորական ծրագրերի ֆինանսավորում կարող է ստանալ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև օկուպացված տարածքներում ապրողները, հաշմանդամները և սոցիալապես անապահով քաղաքացիները:
Առաջնահերթ ուղղություններն են իրավունքը, գյուղատնտեսությունը, ինժեներիան, ճարտարապետությունը, ուրբանիզացումը, սոցիալական գիտությունները, պաշտպանությունը, անվտանգությունը:
Բացի այդ, ուսանողը կրթությունն ավարտելուց հետո պարտավոր կլինի վերադառնալ Վրաստան և առնվազն 3 տարի աշխատել պետական ծառայություններում և ստացած գիտելիքները ծառայեցնել հանուն պետության բարօրության»: Ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 7 միլիոն լարի:



