Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է Ուկրաինայի շուրջ անցկացնել «Ժնև 2»
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առաջարկել է Ուկրաինայի շուրջ Ժնևում անցկացնել երկրորդ կոնֆերանսը:
Նա ընդգծել է, որ ապրիլի 17-ն Ժնևում անցկացրած քառակողմ (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Ուկրաինա) բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները ցայժմ չեն իրագործվել.
«Դրա համար էլ անհրաժեշտ է, որ ժնևյան առաջին հանդիպումից հետո անցկացվի նաև երկրորդը, որի ժամանակ վերջնականապես ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված քաղաքական միջոցներով հակամարտության կարգավորմանը»:
Շտայնմայերն անհրաժեշտ է համարել ԵԱՀԿ-ի դերակատարության մեծացումը և բոլոր կողմերի պատրաստակամությունը:



