Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է կուսակցությունների գրանցումը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցությունների գրանցման գործընթացը:
Գրանցում անցնելու համար հայտ է ներկայացրել 34 քաղաքական կուսակցություն ու միավորում: Դրանց թվում հայտնվել է նաև ընտրական երկու բլոկ՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքը և «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը»:
«Վրացական երազանք» բլոկում ներկայացված է 6 քաղաքական կուսակցություն՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան», «Վրաստանի պահպանողական կուսակցությունը», «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը», «Վրաստանի Հանրապետական կուսակցությունը», «Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում»:
«Ոչ խորհրդարանական ընդդիմությունը» ներկայացված է 2 քաղաքական կուսակցությամբ՝ «Ազատ Վրաստան» և «Նոր աջեր»: Այն ստեղծվել է ՏԻՄ ընտրություններում գրանցման գործընթացի սկսվելուց քիչ առաջ: Գրանցման հայտ է ներկայացրել նաև խորհրդարանում իշխող ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային միասնական շարժումը»:
Ներկա դրությամբ 34 հայտ ներկայացրած ընտրական սուբյեկտներից գրանցում անցել է միայն 26 կուսակցություն ու ընտրական բլոկ, այդ թվում նաև «Վրացական երազանքը», «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը», «Միասնական ազգային շարժումը»: Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին:



