Էշթոնն ու Ֆյուլեն դատապարտել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա ահագնացող ճնշումները:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերն առաջին հերթին ուղղված են մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու հիմնարար ազատությունների համար պայքարող ակտիվիստների և ժողովրդական դիվանագիտության դեմ.

«Մենք մտահոգ ենք ապրիլի 19-ին լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման և ապրիլի 29-ին հայտնի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների ձերբակալման ու հարցաքննման մասին հաղորդումների կապակցությամբ»:

Էշթոնն ու Ֆյուլեն Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել պահպանել մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս