Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» մասշտաբային զորավարժությունները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Էստոնիայում մեկնարկում են «Գարնանային փոթորիկ» զորավարժությունները: Դրանք հանդիսանում են 1991 թվականին Էստոնիայի անկախության վերականգնումից հետո ՆԱՏՕ-ի հետ անցկացվող խոշորագույն միրջազգային զորավարժությունները:
Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանական ուժերի Գլխավոր շտաբը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ զորավարժություններին մասնակցում է մոտ 6000 զինծառայող, որոնք ներկայացնում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան ու Լատվիան:
Զորավարժություններում ներգրավվելու են նաև Դանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք կպաշտպանեն Բալթյան երկրների օդային տիրույթը: Լեհաստանից զորավարժություններին կմասնակցի «Սու-22» տիպի երեք կործանիչ, ինչպես նաև ՀՕՊ-ի ստորաբաժանում՝ զինված SA-8 հրթիռային համալիրով:
ՀՕՊ իրականացնելու են նաև Բելգիայի ներկայացուցիչները: Զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Ֆրանսիայից ժամանած կիբերպաշտպանության թիմը:
Ամենամյա «Գարնանային փոթորիկ» զորավարժություններն անցկացվում են 12-րդ անգամ: Դրանք կավարտվեն մայիսի 23-ին: Ընդգծվում է, որ զորավարժություններից հետո ամերիկացի դեսանտայինները մնալու են Էստոնիայի տարածքում՝ առնվազն մինչև ընթացիկ տարեվերջ: