Վրաստանում ուղղումներ են կատարվել «Քաղաքացիության մասին» օրենքում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը նախորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ հաստատել է «Քաղաքացիության մասին» օրենքում ուղղումներ կատարելը: Դրանց օգտին քվեարկել է 83 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Ուղղումների համաձայն, որոշակի փոփոխման են ենթարկվում Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու և դրանից զրկելու կանոնները: Մասնավորապես, այսուհետ Վրաստանի տարածքում փոխնակ մորից ծնված երեխան կստանա Վրաստանի քաղաքացիություն, եթե այն պետությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում նրա գենետիկ ծնողները, նրան չի համարում իր քաղաքացի:
Ուղղումներն առնչվել են նաև չափահասների ու անչափահասների կողմից քաղաքացիություն ստանալու ընթացակարգերին: Այժմ անաչափահասներից այլևս չի պահանջվում երկրում հնգամյա բնակություն ու լեզվի և իրավական նորմերի իմացության թեստ, ինչպես նաև Վրաստանի տարածքում անշարժ գույքի առկայություն:



