Անկասկած է, որ նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի հիմնական թեկնածուն Էրդողանն է. Բյուլենթ Արընչ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը երեկ հայտարարել է, որ անկասկած է, որ առաջիկա նախագահական ընտրություններում (իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնական թեկնածուն վարչապետ Ռեջեփ Էրդողանն է:
Արընչի խոսքերով՝ 12-ամյա հաջող աշխատանքից հետո վարչապետն արժանի է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար. «Վարչապետն ու գործող նախագահն իրենք կորոշեն, թե իրենցից ով կառաջադրվի: Թուրքիայի նախագահ կդառնա ԱԶԿ-ի թեկնածուն, քանի որ մյուս կուսակցությունների թեկնածուները չեն վայելում ժողովրդի լայն աջակցությունը»:
Արընչը հիշեցրել է, որ օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ը Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերի 3-ին անցկացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:



