
Շվեյցարիայում սառեցրել են Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի բանկային ակտիվները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի դաշնային դատախազի երեկվա հրամանով սառեցվել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա մերձավորների բանկային ակտիվները:
Շվեյցարական դատախազությունը հարուցել է 5 քրեական գործ այն անձանց նկատմամբ, որոնց կասկածում են «փողեր լվանալու» մեջ: Հետաքննության շրջանակներում սառեցված ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 170 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 140 միլիոն եվրո):
ԶԼՄ-ների տվյալներով՝ սառեցված ակտիվների մեծ մասը համընկնում է բանկային այն հաշվեհամարների հետ, որոնք Շվեյցարիայի կառավարության կողմից արգելափակվել էին 2014 թվականի փետրվարին: Դա առնչվել էր Վիկտոր Յանուկովիչի ու նրա 20 մերձավորների, այդ թվում նաև որդու՝ Ալեքսանդրի ակտիվներին: