ԱՄՆ-ը պատրաստվում է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային. Մաքքեյն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորների բավական մեծ խումբը պատրաստում է մի օրենք, որի համաձայն, ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:
Նա ընդգծել է, որ խոսքը չի գնում Ուկրաինային միայն ֆինանսական օգնություն տրամադրելու մասին. «Մենք ցանկանում ենք միջոցներ հատկացնել ռուսական ագրեսիային հակազդելու համար, որպեսզի Պուտինին հասկացնել տանք, որ նա կվճարի բարձր գին, եթե ցանկանա զավթել Ուկրաինայի արևելքը կամ էլ անգամ հարավը»:
Նշելով, որ օրինագծի ընդունումը կարող է ձգձգվել, իսկ ժամանակն աշխատում է իրենց դեմ՝ Մաքքեյնը հայտարարել է, որ փորձելու է համոզել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկի ավելի վաղ:



