Մայիսի 6-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Грузия Online-ի փոխանցմամբ` մայիսի 6-ին Վրաստանի Ազգային գրադարանում անցկացվելու է «Թբիլիսյան գագաթաժողով 2014» անվանմամբ միջազգային ֆորում: Միջոցառումը բացելու են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անձամբ է ընդունելու իր գործընկերներ Աբդուլլահ Գյուլին ու Իլհամ Ալիևին: Գագաթաժողովում քննարկվելու են վերջին 20 տարում տնտեսական, առևտրային, տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության արդյունքները:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկելու են ընթացիկ և ապագայում պլանավորված նախագծերը: Գագաթաժողովի շրջանակներում պլանավորված են նախագահների երկկողմ ու եռակողմ հանդիպումները:
«Թբիլիսյան գագաթաժողով 2014-ի» անցկացումը պլանավորվել էր Բաքու ու Անկարա Մարգվելաշվիլիի այցերի ժամանակ: