
Բողոքի ակցիաների շարունակման դեպքում Ուկրաինային դեֆոլթ է սպառնում. Standard & Poor’s

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը կարծում է, որ Ուկրաինայում անխուսափելի է դեֆոլթը, եթե քաղաքական հակամարտությունն ունենա հետագա զարգացում: Այդ մասին հայտարարել է Standard & Poor’s-ի ինքնիշխան վարկանիշների կոմիտեի նախագահ Ջոն Չամբերսը.
«Ուկրաինան ճգնաժամի մեջ մտավ պետական չափավոր պարտքով` գոյություն ունեցած փոխարժեքով: Սակայն ակնհայտ է, որ եթե փոխարժեքն անկում ապրի, և նրանք կորցնեն նոր տարածքներ, ապա դա սպառնալիքի տակ կդնեի սեփական պարտքերը մարելու նրանց կարողությունը»:
Ղրիմի կորստից հետո այժմ էլ Ուկրաինային սպառնում է արևելյան մի շարք մարզերի կորուստը: Մայիսի 11-ին հանրաքվե է նշանակված Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մոտ 20 օր առաջ հայտարարեց, որ զավթելով Ղրիմը՝ Ռուսաստանն Ուկրաինային զրկեց տնտեսական հեռանկարի 25 տոկոսից: Սաակաշվիլին հավելել է, որ ինդուստրիալ Արևելքի կորստյան դեպքում Ուկրաինան կկորցնի իր տնտեսական հզորության ևս 40 տոկոսը: