Բաժիններ՝

Հարավային Կորեան թռուցիկներով ու DVD-ներով օդապարիկներ է գործուղել ԿԺԴՀ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեայի իրավապաշտպանները երեկ ԿԺԴՀ-ի ուղղությամբ արձակել են օդապարիկներ, որոնցում եղել են հյուսիսկորեական վարչակարգին քննադատող քարոզչական նյութեր: Թռուցիկները վերնագրված են հետևյալ կերպ. «Ո´չ ասեք Կիմ Չեն Ինի ժառանգական բռնապետությանը»:

200.000 թռուցիկից բացի, օդապարիկների միջոցով ԿԺԴՀ են ուղարկվել 2000 հատ ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամ, 400 DVD` Փհենյանի կողմից մարդու իրավունքների խախտման մասին տեղեկատվությամբ և 300 գրքույկ, որոնցում պատմվում է Հարավային Կորեայի տնտեսական բարեկեցության մասին:

Ակցիան կազմակերպել է «Հանուն ազատ Կորեայի» իրավապաշտպան շարժումը, որը միավորում է ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա տեղափոխվածներին: 2005 թվականից ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա տարեկան տեղափոխվել է 2000-3000 մարդ: 2012 թվականին նրանց հոսքը դանդաղել է` մինչև 1500 փախստականի:

Ընդգծվում է, որ նմանատիպ նախորդ ակցիան կազմակերպվել է այս տարվա հունվարի 15-ին: Այն ժամանակ դարձյալ օդապարիկների միջոցով ԿԺԴՀ էին ուղարկվել ոչ միայն խտասկավառակներ ու թռուցիկներ, այլև` կրիչներ` «Վիկիպեդիայի» կորեական տարբերակով: ԿԺԴՀ-ը կասկածում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը մասնակից է այդ ամենին, սակայն վերջինս հերքել է դա:

Ի պատասխան նման ակցիաների` ԿԺԴՀ-ի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից սկսել է տարածել իր թռուցիկները, որոնցում սպառնում է ոչնչացնել հարավկորեական Փեննյոնդո կղզում կենտրոնացած ծովային հետևակի 6-րդ բրիգադը: Փհենյանը վիճարկում է այդ կղզու պատկանելության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս