Իրանի 28-ամյա քաղաքացին մեղադրվում է Հայաստան թմրամիջոց ներկրելու մեջ
Իրանի 28-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, իր հեշտոցում մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի ՀՀ է ներկրել 23,67 գրամ ընդհանուր քաշով, ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ մաքուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, ընդհանուր 0,43 գրամ քաշով, «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր: Ըստ մեղադրանքի՝ Իրանի քաղաքացին դրանք տեղափոխել է Երևան՝ իր ծանոթին իրացնելու նպատակով, սակայն վերջինս չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելով, բերման են ենթարկել նրանց:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Իրանի քաղաքացու անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են. նրա մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, ընդհանուր 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել իր կողմից օգտագործելու նպատակով:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 30-ամյա հայ երիտասարդի. նա ծանոթանալով Իրանի քաղաքացու հետ և տեղեկանալով, որ վերջինս զբաղվում է Իրանից Հայաստան ներկված թմրամիջոցների իրացմամբ, ցանկացել է նրանից ապօրինի ձեռք բերել «մեթադոն» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, երկու մեղադրյալներն էլ կալանավորված են: