Մամուլի համար ամենակարևոր հանգամանքներից մեկը ֆինանսապես անկախ լինելն է
Մեդիա ոլորտում աշխատող որոշ փորձագետների կարծիքով` Հայաստանում խոսքի ազատությունը զարգացման փուլում է, սակայն այն դեռևս զարգացած չէ:
«Մամուլը պետք է ստեղծի հարթակ, որպեսզի տրամադրի տեսակետներ արտահայտող մարդկանց: Եվ այդ ճանապարհին ցանկացած մարդ որևէ խոչընդոտի չպետք է հանդիպի: 5 բալանոց սանդղակով Հայաստանի մամուլի ազատությունը կգնահատեմ 2 միավոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր իրանահայ լրագրող Ռուբիկ Միանասյանը:
Խոսելով առցանց լրատվամիջոցների խոսքի ազատության սահմանափակման պատճառների մասին` Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասել էր. «Դա ծանր ֆինանսատնտեսական վիճակն է: Եւ, առցանց լրատվամիջոցներն, ունենալով ավելի մեծ լսարան, միևնույն ժամանակ ստիպված են օգտվել տարբեր ռոտացիաներից (սպիտակ և սև): Դա, իհարկե, որոշ չափով կարող է կաշկանդել նաև լրատվամիջոցներում աշխատող լրագրողների ազատությունը»:
Ըստ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի` որպեսզի մամուլը դառնա ավելի ազատ, անհրաժեշտ են մի շարք հանգամանքներ. «Ե´վ օրենսդրական դաշտը պետք է լավը լինի, և՛ այդ օրենսդրությունը լավ կիրառվի, ինչպես նաև մամուլը պետք է արդեն ավանդույթներ ձևավորած լինի ու առաջնորդվի ինքնակարգավորման սկզբունքներով: Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ լինի ֆինանսապես անկախ, այսինքն՝ տնտեսությունն այնքան աշխատի, որ գովազդատուները շատ լինեն, և գովազդների եկամուտները շատ լինեն, ու դրանցից մամուլին շատ բաժին հասնի: Այսինքն` երբ ֆինանսապես անկախ լինի, չի միանա խմբերի, կուսակցությունների, չի լինի կախվածության մեջ նրանցից կամ պետությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Հարությունյանը:
Մեդիափորձագետի կարծիքով` դժվար է ասել, թե խոսքի ազատությունը Հայաստանում որքան է զարգացել. «Պարզապես պետք է ասեմ, որ օրենսդրական դաշտը խոսքի ազատության զարգացմանը նպաստում է, այլ հարց է, որ կան ուրիշ գործոններ, որոնք խոչընդոտում են: Դա հատկապես լրատվամիջոցների կախվածությունն է պետությունից կամ որոշ կուսակցական կամ օլիգարխիկ խմբերից: Եթե ասենք, որ շատ առաջ է գնում, դա այդպես չէ: Այսպես ասած՝ փորձում է զարգանալ»:
Մ. Հարությունյանը համաձայնեց, որ նոր տեխնոլոգիաներն օգնում են խոսքի ազատության զարգացմանը. «Ասպես ասեմ, առցանց լրատվամիջոցները մի քիչ ավելի ազատ են այս պահին, քան մնացածները, բայց վախենամ՝ ապագայում նրանք էլ ընկնեն ինչ-որ ազդեցությունների տակ, մանավանդ որ, այդ միտումներն արդեն նկատվում են»: