
Սլավյանսկում գործող ուժերը հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի երեք ուղղաթիռ կործանելու մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սլավյանսկում գործող տեղի ինքնապաշտպանական ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է նռնականետի օգնությամբ կործանել «Մի-24» ուղղաթիռ: Նրանց խոսքերով՝ ինքնաթիռը պայթել է օդում: Օդաչուն սակայն փրկվել է՝ թեև լրջորեն վիրավորվել է:
Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ կործանել էին երկու ուղղաթիռ: Կիևը դեռ չի մեկնաբանել այդ հայտարարությունները: Այսօր վաղ առավոտյան Սլավյանսկի մատույցներում մեկնարկել է Ուկրաինայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իրենց հաջողվել է Սլավյանսկի շրջանում տիրել 9 ամրակետի և օղակել քաղաքը: Ավակովը հավելել է, որ իշխանությունները մտադիր են Սլավյանսկի շրջանում կասեցնել երկաթուղային հաղորդակցությունը և սահմանափակել ավտոտրանսպորտի շարժը: Ավակովն ընդգծել է, որ իրենք մարտեր են մղում պրոֆեսիոնալ վարձկանների հետ: