
Լյուդմիլա Սարգսյան. Հանրապետականները վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց գործած բոլոր չարիքների համար

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Նրա համոզմամբ` գալիք տարիրներին Հայաստանում որոշիչ է լինելու Հանրապետականի ձայնը, և պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է, ավելի կոնկրետ` Մելիք Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակը:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան (ՎՍԴՀԿ) կուսակցության ատենապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
– Տիկին Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:
– Նախ` երբ Սերժ Սարգսյանն ասում է` այլևս չեմ առաջադրվելու, նաև շատ լավ հասկանում է, որ այլևս իրավունք չունի առաջադրվելու` համենայն դեպս 2018 թվականին: Մյուս կողմից, եթե նա հայտարարում է, որ չի էլ հավակնելու որևիցէ լուրջ պաշտոնի, դրանից կարելի է երկու հետևություն անել: Առաջինը` դա ընդամենը խաղ է, որով այս պահին փորձում է չեզոքացնել իր նկատմամբ կուտակված և փաստարկված անհանդուրժողական վերաբերմունքը, և միգուցե հետագայում Հանրապետականի շատ համառ խնդրանքի արդյունքում և, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների միջոցով նորից ստեղծի հնարավորություն իշխանություն վերադառնալու` վարչապետի կամ մեկ այլ պաշտոնի տեսքով:
Երկրորդ տարբերակն այն է, որ, հավանաբար, սկսել է հասկանալ, որ իր ժամանակն անցել է, և այն ժամանակը, որն իրեն տրված էր, համենայն դեպս, որն ինքն իր համար վերցրել էր, որևէ կերպ չարդարացվեց, և չի հավակնում, որ հաջորդ անգամ նույնիսկ փողի գործոնն օգտագործելով` հնարավորություն կունենա լուրջ աջակցություն ստանալու:
Ինչ վերաբերում է Շարմազանովի հայտարարությանը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ, կարծես, նախընտրական փուլում ենք, և իրենք արդեն իսկ գիտեն` ինչպես են կազմակերպելու ընտրությունները և ինչպես են կեղծելու դրանք, որ ասում են, թե «որոշիչը մենք ենք լինելու»:
Թող բարի լինեն` մեկ անգամ այդ իրավունքը թողնեն ժողովրդին, և այն ժամանակ կտեսնենք` իրենք որոշիչ լինելու են, թե ոչ: Եվ ամենակարևորը` հանրապետականների մոտ թյուր կարծիք կա, որ իրենք հավերժ իշխանություն են լինելու: Կգա այն օրը, որ նաև կզրկվեն դրանից, բայց այդ դեպքում թող մտածեն, թե Հանրապետական կուսակցությունում քանի՞ անդամ կմնա:
– Այսինքն` այս հայտարարությունը հենց դա՞ էր նշանակում, որ հանրապետականների կարծիքով` իրենք հավե՞րժ են իշխելու:
– Դա այն հոգեբանությունն է, որով նրանք ապրում են վերջին 15 տարիներին: Իրենք իրենց են փորձում համոզել, որ իրենք հավերժ իշխանություն են լինելու: Եվ դա է մեր երկրի ամենամեծ չարիքը, որ իշխանությունները չեն գիտակցում` ոչինչ հավերժ չէ, և բոլոր ձախողումները` թե´ երկրի տնտեսության ձախողումը, թե´ մարդկանց արտագաղթը, թե´ աղքատության ավելացումը, նրանց չի վախեցնում, քանի որ մտածում են, թե միշտ կլինեն իշխանություն և մշտապես կկարողանան այդ դիրքերից խոսելով` արդարացնել իրենց պահվածքը:
Բայց այդպիսին չէ կյանքը, և կգա ժամանակ, իրենք էլ կհասկանան, որ վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց գործած բոլոր չարիքների համար: Իհարկե, ՀՀԿ-ում չեն կարող չլինել նաև առողջ մարդիկ, որովհետև հայեր են, ովքեր, ինչ-որ ակնկալինքներից ելնելով, ինչ-որ փուլում անդամագրվել են ՀՀԿ-ին, բայց չէ՞ որ կույր չեն և տեսնում են` ինչ է կատարվում: Եվ թող չփորձեն այդ կերպ ժողովրդին գցել վերջնական հուսախաբության և խուճապի մեջ:
Ժողովուրդը հասկանում է, որ վաղ թե ուշ Հանրապետական կուսակցությունը պատասխան է տալու բոլոր արարքների համար:
– Իսկ գուցե ՀՀԿ-ն ունի՞ հիմք` այդպիսի հայտարարություն անելու համար:
– Գիտեք, ես չեմ դասվում այն մարդկանց շարքին, ով չցանկանար, որ Հանրապետականն առողջանա: Այո´, շատ կարևոր է, որ իշխող քաղաքական ուժն ավելի առողջ լինի: Եվ միգուցե դրա արդյունքում հասկանան, որ մեկ անգամ ժողովրդին պիտի հնարավորություն տալ ազատ կամարտահայտվելու:
– Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ապագայում հայտ ներկայացնի` ստեղծել միակուսակցական համակարգ:
– Դա իրենց ցանկությունն է, երևի կարոտախտով են հիշում սովետական շրջանը, երբ միակուսակցական համակարգ էր: Բայց չեմ կարծում, որ հնարավոր է վերադարձ անցյալին: Ավելի, քան վստահ եմ, որ մեր երկիրը, միևնույն է, ապագայի ճանապարհով է գնալու, և այդ ապագան մեր ժողովրդից ոչ մի հանրապետական չի կարող խլել:
– Միգուցե այս գործընթացը տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների՞ տրամաբանության մեջ: Հիմա Հայաստանն ավելի շատ շփվում է նրանց հետ, ովքեր ավելի շատ անցյալին են նայում, քան թե ապագային:
– Չեմ բացառում, որ կան նաև այդ տրամադրությունները, քանի որ այն համաձայնությունները, որ ձեռք բերվեցին 2013 թ. սեպտեմբերին, ուղիղ խոսում են այն մասին, որ իշխանությունը դիմադրելու ոչ մի կարողություն չունի և չի արժևորում մեր անկախության գաղափարն ու այն ձեռքբերումները, որ մենք ունեցանք այդ տարիներին:
Սա ասում եմ անկախ նրանից, որ ես կողմ եմ եղել Մաքսային միության անդամակցությանը` գիտակցելով, որ այս շրջանում այլընտրանք չկար, և, այսպես, թե այնպես, պիտի անցնեինք այդ ճանապարհը, սակայն անցնեինք արժանապատիվ, հավասար գործընկերային հարաբերություններով` չբացառելով Եվրամիության հետ հարաբերությունները: Սակայն մենք ունենք իշխանություն, որը կամազուրկ է և ունակ չէ մտնելու բանակցային գործընթացների մեջ, որովհետև նրան այդ հնարավորությունը չի տրվում: Իսկ դրա պատճառը դարձյալ և դարձյալ մեկն է` իշխանության լեգիտիմության բացակայությունը: