
Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է հասունանում, որը կարծես դեռ ոչ բոլորն են գիտակցում (տեսանյութ). tert.am

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, գործում են նոր քաղաքական խաղի կանոններ, որոնք բխում են Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից: Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ի գիտություն բոլոր այն քաղաքական գործիչների, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, նա, ըստ tert.am-ի` զգուշացրել է՝ ապագա տասնամյակում դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ` միակը, ՀՀԿ-ն է: Նրա խոսքով՝ Հայաստանում հասունացած նոր քաղաքական իրավիճակը կարծես դեռևս ոչ բոլորն են գիտակցում: «Մասնավորապես՝ նախագահ Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չի վերցնելու, փաստացի նոր քաղաքական խաղի կանոնների հայտարարում էր, որը մինչև վերջ չի ընկալվել: Ի՞նչ է ասել Նախագահը. ասել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում լինի պառլամենտական կառավարման համակարգ, ապա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- հիշեցրել է նա: Ավելին, ըստ Է.Շարմազանովի` Ս. Սարգսյանը նաև նշել էր, որ իր համոզմունքն է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին ՀՀ-ում:
«Նաև նշեց, որ ինչպիսի կարգեր էլ ունենանք, ՀՀԿ-ն, որի ղեկավարն է նաև ինքը, շարունակելու է իր վճռորոշ դերակատարումը ՀՀ քաղաքական դաշտում: Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Այլևս մենք թևակոխել ենք ցանցային/հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ, և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը»,- ասել է նա: Է. Շարմազանովի խոսքով՝ այսքանից հետո կան մարդիկ, գործիչներ, որ այս քաղաքական իրականությունը մինչև վերջ չեն գիտակցում և «այս օրերին կաշվից դուրս են գալիս` իրենց ապագայի մեջ դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նա ընդգծել է.
«Պետության առաջնորդը հստակ ամրագրեց, որ այսօր և ապագա տասնամյակի համար որոշիչ է լինելու հենց Հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ մարդու, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ ՀՀԿ-ի ձայնը, որովհետև ՀՀԿ-ն` իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով` առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ եթե ապագա տասնամյակում որևէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ` միակը, ՀՀԿ-ն է: Ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկն ուզում է կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»,- ասել է նա: Իսկ թե ո՞րն է, ըստ նրա, պահի ամենաուշագրավ կողմը՝ Շարմազանովը բացատրել է.
«Դա հենց Ս.Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունն առաջին հերթին` տեղի է ունենալու հենց Հանրապետականի ներսում, և մենք համոզված ենք, որ ապագա տարիների ընթացքում ՀՀԿ-ն կապահովի որակական նոր թռիչք, նոր հզորություն, որը նաև ուղեցույց կհանդիսանա այլ քաղաքական ուժերի համար»: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սա առաջարկ է Առաջին և Երկրորդ նախագահներին, որ անդամագրվեն ՀՀԿ-ին, եթե ցանկանում են ստանձնել երկրի ղեկը, Է. Շարմազանովը պատասխանել է. «Սա իրականության ամրագրում է, որ ապագա տասնամյակում ՀՀԿ-ն է լինելու ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը»: