«Մենք հրաշալի չենք, մոռացե՛ք». Աղվան Վարդանյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

– Մենք բավականին հարափոփոխ ժամանակներ ենք ապրում, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է այն, թե Դաշնակցության առաջադրած 7 կետերը, որոնց շուրջ անհամաձայնություններ առաջացան իշխանության ուժերի հետ, և արդյունքում կուսակցությունը կոալիցիա չկազմեց Հանրապետականի հետ, այդ 7 կետերը որևէ ձևով համաձայնեցվե՞լ են Ձեր ընդդիմադիր ընկերների հետ, օրինակ՝ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի: Այդ կետերի շուրջ ես գիտեմ, որ կոնցեպտուալ մոտեցումներ կան:

– Այդ 7 կետերը փաստորեն նոր չեն, և 7 կետեր ասելով մի տեսակ տպավորություն է ստեղծվում, թե դրանք ուղղակի կետեր են, սակայն յուրաքանչյուր պարբերության տակ իսկապես մեծ ծավալ կա, խորություն և բովանդակություն: Եվ սրանք Դաշնակցության համար նորություններ չեն: Եթե հիշում եք՝ 2012 թվականի աշնանը Դաշնակցությունն իր համար արձանագրեց այդ առաջնահերթությունը, թե ինչ է անհրաժեշտ ամփոփված 7 առաջնահերթություններից, որպեսզի մեր երկրում որակական բարեփոխումներ տեղի ունենան:

Այն ժամանակ արդեն սկսեցին քննարկումներ քաղաքական դաշտի տարբեր խաղացողների հետ: Եթե հիշում եք՝ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ ինքը ևս կողմնակից է խորհրդարանական համակարգին և հարյուր տոկոս համամասնական ընտրություններին, և քանի որ նախընտրական շրջան էր, հիմնականում հավանություն էին տալիս այդ թեզերին:
Բայց իսկապես ժամանակները փոխվում են, քանի որ մեր հիմնական սկզբունքը հետևյալն է՝ եկեք քաղաքական օրակարգը հստակեցնենք, համաձայնության գանք դրա շուրջ, իսկ մեր պատկերացրած օրակարգը այս 7 հարցերն են:

Դրանից հետո կկարողանանք քննարկել, համախմբվել և միասնական թեկնածու առաջադրել: Ցավոք, այս գործընթացը կիսատ մնաց, բայց Դաշնակցությունը կիսատ չի թողնում, Դաշնակցությունը հետևողական է իր գործունեության մեջ, և այս վերջին շրջանում անհրաժեշտ եղավ ևս մեկ անգամ թարմացնել, հղկել, վերամշակել և ավելի ամբողջական դարձնել մեր 7 առաջարկությունները:

Եթե նկատել եք, այնտեղ կան և պետական կառավարման համակարգի, և ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, և սոցիալ-տնտեսական ոլորտի և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ: Սրանք բաց օրակարգեր են, և սրանցից տեղյակ են նաև մեր գործընկերները, քաղաքական ուժերը՝ որքան իշխանությունը, այնքան էլ ընդդիմությունը: Այո, ընդդիմության դաշտում մենք ունենք գոնե հստակ արտահայտված տարբերություն ՀԱԿ-ի պարագայում: ՀԱԿ-ը, օրինակ, գոնե մինչ այսօր…

– Ղարաբաղի մասով և հայ-թուրքականի մասով…

– Ղարաբաղը, հայ-թուրքականը, գուցե ձևակերպումները տեսնենք հետագայում, բայց խորհրդարանական համակարգին իրենք դեմ են, սա՝ մեկ, համամասնականի հետ կարծես խնդիրներ չունեն, սոցիալ-տնտեսականը կարծես նորմալ է, հիմնական կետերն են Ղարաբաղի և հայ թուրքականի մասով: ԲՀԿ-ի պարագայում կարծես թե մոտեցումները պետք է ավելի մոտ լինեին այդ հայտարարություններից հետո: Բայց հիմա, երբ կա այդ սովորական բարեփոխումների այս հնարավորությունը, նրանց դիրքորոշումը փոխվել է թերևս այս մասով:

– Դաշնակցությունը փաստորեն շարունակում է պաշտպանել փոփոխությունը:

– Մեզ համար ակնհայտ է մեր մոտեցումը: Մյուսներն ի՞նչ են ասում: Մյուսներն ասում են, որ այսօր երկրում կան բազում խնդիրներ, դժվար խնդիրներ` տնտեսական, սոցիալական և այլն, և Սահմանադրության բարեփոխումն առաջնահերթ չէ, մարդկանց հոգսը դա չէ: Բայց սա այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է կիսանախագահական արդի գործող համակարգը բարեփոխելուն…

ԲՀԿ-ի հետ կարծես թե Դուք պետք է արտաքին քաղաքական հարցերում էլ ունենաք անհամաձայնություն այն առումով, որ 2009 թվականին, երբ Դուք լքում էիք կոալիցիան, իրենք շարունակեցին մնալ այնտեղ և շարունակեցին պաշտպանել Հանրապետականի…

– Եկեք մեկ բան հստակեցնենք։ Հիմա առնվազն խոսենք քառյակի կուսակցությունների, մասին։ Սա դաշինք չէ, սա կուսակցություն չէ, ընդհակառակը, սրանք յուրաքանչյուրը առանձին քաղաքական ուժեր են իրենց սկզբունքներով, մոտեցումներով, իրենց տարբերություններվ, հակասություններով։

Այս հակասությունները, տարբերությունները չե՞ն խանգարում, օրինակ, քառյակի շրջանակներում համագործակցել, ինչը խանգարեց օրինակ, որ Դուք նույն ինքնուրույնությամբ շարունակեք…

– Այս առումով նման զուգահեռները ճիշտ չեն, որովհետև ժամանակին հստակ էր մեզ համար, մենք հայտարարեցինք և դուրս եկանք, ԲՀԿ-ն այդ խնդրում հարց չուներ թերևս։

Ո՞րն է տարբերությունը։ Քանի որ մենք լրիվ տարբեր քաղաքական ուժեր ենք մեր կենսագրությամբ, մեր տարբերություններով, հակասություններով և անձնական տարբեր խնդիրներով, և դա, կարծում եմ, նաև Դաշնակցության ներդրումն է, ամենասկզբից մենք առաջարկեցինք աշխատել հետևյալ ձևաչափով, մենք հանդիպում ենք, օրակարգի հարցեր ենք քննարկում, յուրաքանչյուրն ազատ է օրակարգ առաջարկելու, հարց առաջարկելու, և այն հարցի շուրջ, որտեղ քաղաքական 4 ուժերը գալիս են համաձայնության, սա դառնում է մեր գործունեության համար հայտարարելի և հետապնդելի թեմա։ Այն հարցի շուրջ, որի շուրջ մենք ընդհանրություններ չունենք, օրինակ 3-ը մեկ բան են մտածում, մեկն՝ այլ, սա քառյակի գործունեության հարց չի կարող լինել։

Երբ դնում ես կոնկրետ խնդիր, և նպատակը համախմբումն է, պատկերացնենք, որ մենք դնում էինք տասը հարցից բաղկացած օրակարգ, ակնհայտ է, որ նաև ձեր թվարկած այդ տարբերությունները անմիջապես ջրի երես դուրս կգային, և հնարավոր չէր լինի պայմանավորվել։ Եվ դա միանգամից կձախողեր որևէ համախմբում։ Բայց երբ մենք առաջարկեցինք օրակարգի այս սկզբունքը՝ կոնկրետ խնդրի, փոխհամաձայնության, եթե դա կա, ապա առաջ ենք գնում։ Այս փորձը գոնե մինչև այսօր երևաց։

– Դաշնակցությունը, երբ որ համաձայնություն չէր տալիս կոալիցիա կազմել Հանրապետականի հետ, հասկանում էր, որ մենակ է թողնում Հանրապետականին։ Դրանով հստակ քաղաքական նպատակ էր դնում դրա տակ, ինչը Դաշնակցությանը նման չէ, Դաշնակցությունը միշտ էլ պետության կողքին է եղել։ Հանրապետականը այն աստիճան մենակ է այսօր, որ անգամ Հանրապետականի շատ ներկայացուցիչներ…

-Չեմ կարծում, որ Հանրապետականին անհրաժեշտ է ցավակցել։ Շատ ողբերգական մի ներկայացրեք Հանրապետականի ներկայիս վիճակը…

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս