Մինսկի նիստին Հայաստանի չմասնակցելը տակտիկական ու ռազմավարական քայլ է. ռուս քաղաքագետ
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին.
«Ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին Հայաստանի չմասնակցելը հանդիսանում է տակտիկական ու ռազմավարական քայլ, որը կոչված է ուկրաինական իրադարձությունների ֆոնին եվրասիական ինտեգրման հակառակորդներին ավելորդ անգամ չզայրացնելուն:
Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պաշտոնական Երևանի ընդունած որոշումներին ոչինչ չի սպառնում, սակայն հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները՝ ի հայտ է եկել «կոսմետիկ» փոփոխությունների անհրաժեշտություն:
Եվրասիական միությանը միանալու ռազմավարությունը, Մաքսային միության շրջանակներում ակտիվացումը մնում են օրակարգում: Սակայն Ուկրաինայի շուրջ անհասկանալի իրավիճակի ֆոնին որոշվել է չզայրացնել եվրասիական ինտեգրման հակառակորդներին: Վերոնշյալ նիստին Հայաստանի չմասնակցելը մեծ հաշվով չի ազդի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակության վրա»:
Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Մաքսային միության երկրների ու Հայաստանի միջև հարաբերություններում ընկած հիմնական խոչընդոտը ԼՂ-ի խնդիրն է՝ Տրոֆիմչուկն ընդունել է, որ գոյություն ունի այդպիսի խնդիր. «Ղարաբաղի շուրջ անհրաժեշտ են ոչ միայն քննարկումներ, այլև՝ կոնկրետ որոշումներ:
ԼՂ-ն այսօր հույսով նայում է Հայաստանի գործողություններին՝ ակնկալելով, որ Մաքսային միությանը երկրի անդամակցելը կլուծի իր բազում խնդիրները, որոնք առաջին հերթին առնչվում են սոցիալական ու տնտեսական ոլորտներին: Սակայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ցույց տվեց, որ որոշումը դեռ չի գտնվել:
ԼՂ-ի հարցը զգալիորեն առնչվում է աշխարհաքաղաքականությանը, այստեղ անհրաժեշտ է ստեղծագործ որոշում: Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո շատ բարդ կլինի լուծել ԼՂ-ի ճակատագիրը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ընդհանրապես:
ԼՂ-ի հարցը տեսության մեջ ունի կարգավորման առնվազն 5-6 գործնական տարբերակ: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ դա անհնար է անել մաքուր տնտեսական մակարդակում, որոշումը պետք է լինի ավելի բարձր՝ քաղաքական, մակարդակում»:
Տրոֆիմչուկը հերքել է այն խոսակցությունները, թե Ռուսաստանը տվյալ համատեքստում շանտաժի է ենթարկում Ադրբեջանին՝ փորձելով հարկադրել նրան՝ հարելու եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: