Մարդիկ հավատում ու վստահում են ինձ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային պլանում. Ռուբեն Վարդանյան
Ռուսական Ведомости թերթին տված հարցազրույցի ժամանակ «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր-գործընկեր, 45-ամյա հայ գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ռուսական բիզնեսի խնդիրներին և իր ունեցած հաջողություններին, ինչը և որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Ես կարծում եմ, որ ռուսական բիզնեսին մոտ ժամանակներս սպասվում են մեծ քանակությամբ սնանկություններ ու վերափոխումներ, քանի որ անհնար է անընդհատ գումարներ ներդնել կրախի շեմին հայտնված ընկերություններում և աջակցել սեփականատերերին:
Մենք վաղ թե ուշ սեփականատերերին փրկելու մոդելից պետք է անցում կատարենք բիզնեսը փրկելու մոդելին: Վերջապես պետք է իրագործվի արմատական այդ փոփոխությունը: Սեփականության վերաբաշխումն անխուսափելի գործընթաց է, քանի որ խոշորագույն ընկերությունները չեն կարող անվերջ արդյունավետ մնալ, այդ թվում նաև Ռուսաստանում:
Աշխարհի և ոչ մի երկրում գոյություն չունի այնպիսի բան, որ բիզնեսն անի այն ամենը, ինչ ցանկանում է: Մեր երկրում տեղի են ունենում վիթխարի քանակությամբ գործարքներ:
Կան այնպիսի ոլորտներ, որոնց 90 տոկոսը պատկանում է օտարազգիներին, և դա չի հարուցում որևէ խնդիր, որևէ քաղաքական կիրք: Մարդիկ հանգիստ աշխատում են և վաստակում են եթե ոչ միլիարդներ, ապա գոնե հարյուրավոր միլիոն դոլարներ: Մենք շատ երկար վախեցանք, որ մեզ մոտ ամեն ինչ կգնեն «կապիտալիստները»:
1990-ական թվականներին անցկացվել են գրավով աճուրդներ և միայն նրա համար, որպեսզի ակտիվները բաժին չընկնեն օտարազգիներին: Լավ, բայց արդեն անցել է 20 տարի, եկեք ղեկավարեք այն, ինչ ստացել ենք, իսկ եթե չեք կարող, ապա պետք է մշակել այդ բիզնեսի վերաբաշխման մեխանիզմ:
Մենք պետք է նախևառաջ սովորենք փրկել ոչ թե սեփականատիրոջը, այլ՝ բիզնեսը: Եվ երկրորդ՝ մենք պետք է սովորենք նրան, որ սնանկանալը դեռ պատմության ավարտ չէ: Եթե մարդն ամեն ինչ ճիշտ է արել, կատարել է իր պարտավորությունները, ապա նա կարող է փորձել նորից սկսել ամեն ինչ: Վաղ թե ուշ Ռուսաստանում նույնպես կլինի այդպես:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շատ նման են, սակայն ԱՄՆ-ում, ի տարբերություն Ռուսաստանի, ավելի քիչ են գաղափարական սահմանափակումները, հատկապես այն մասին, թե ինչը կարող է շահավետ լինել բիզնեսի համար:
Եթե կա պետական գումարներ ներդնելու կարիք, ապա անում են այդպես, եթե անհրաժեշտ է վաճառել օտարազգիներին, անում են այդպես: Ես վստահ եմ, որ Ռուսաստանում նույնպես անխուսափելի գործընթաց է սեփականության վերաբաշխումը: Փոփոխություններն անուսափելի են, հարցը դրանց արագության մեջ է:
Ես, ինչպես և ավելի վաղ, փորձում եմ անել տնտեսական ու սոցիալական միջավայրի փոփոխման հետ կապված նախագծեր, սակայն այժմ շարունակում եմ դրանով զբաղվել այլ մեխանիզմների միջոցով՝ ներդրումների միջոցով, ինձ հետաքրքրող ընկերությունների տնօրենների խորհուրդներում աշխատելու միջոցով, բարեգործական ու կրթական նախագծերի միջոցով:
Ռուսաստանում լիովին կարելի է կյանքի կոչել Rothschild-ի մոդելը, որը հենված է սերտ կապերի ու փոխադարձ վստահության վրա: Այն ժամանակ Եվրոպայում չկար միասնություն, ինչպես որ հիմա է, և եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների միջև շատ բարձր էր անվստահության մակարդակը:
Ռոտշիլդը Եվրոպայում ճանաչում էր բոլորին՝ սկսած գործարարից մինչև ֆինանսների նախարար և վարչապետ: Նա կարող էր գործեր վարել շատ տարբեր մարդկանց հետ: Դրանով իսկ նա, ի թիվս այլ բաների, նպաստեց նաև Եվրոպայի ցրված երկրների միջև կապերի ամրապնդմանը: Ռուսաստանում կարելի է իրագործել նրա մոդելը:
Մենք ապրում ենք անցումային շրջանում, երբ բազմաթիվ գործընթացներ դեռ ավարտված չեն՝ չնայած նրան, որ մեր երկրում փոփոխությունների սկսվելուց հետո անցել է արդեն ավելի քան 20 տարի: Հասարակության տարբեր խմբերի, բիզնեսի ու ներդրողների միջև անվստահության մակարդակը նախկինի նման շատ բարձր է:
Իմ մրցակցային մեծ առավելությունն այն է, որ ես գիտեմ շատերին և շատերը գիտեն ինձ՝ որպես բանկիր, և վստահում են ինձ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային պլանում: Հավանաբար, այդպիսի մոդելի հարցում ես ունեմ ավելի ուժեղ կողմեր, քան մեկ ուրիշը մեր երկրում: Ներկայումս ձևավորվում է մի կառույց, որն իմ բոլոր նախագծերը տանում է դեպի միասնական հարթակ:
Դրանք կարելի է բաժանել երեք խմբի: 1) Առաջին խումբը կոմերցիոն նախագծերն են, ինչպիսիք են Камаз-ը, Big Foot-ը, Joule Unlimited-ը և մյուսները, որոնցում ես մասնակցում եմ իմ հաճախորդների ու գործընկերների հետ միասին:
Սովորաբար այդպիսի նախագծերում ես ունենում եմ փոքրամասնական փաթեթ՝ զգալի ազդեցությամբ, սակայն ես ձգտում եմ երբեք չդառնալ հիմնական բաժնետեր: Տվյալ ուղղությամբ իմ առավելություններն են կուտակած փորձը, պրոֆեսիոնալիզմը և իմ հաճախորդների վստահությունը:
2) Երկրորդ խումբը family office-ն է, այսինքն ունևոր ընտանիքներին՝ իմ հաճախորդներին, ծառայությունների մատուցումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են family governance-ը (ֆինանսական ու իրավական հարցեր, գույք, փաստաթղթեր և այլն), family wealth-ը (ընտանեկան իրավիճակի ղեկավարում) և family lifestyle-ը (ժամանցային միջոցառումների, կրթական ու առողջապահական հարցերի կազմակերպում):
Մեր այս ծառայությունների նախագծերի հիմնական նպատակը ոչ թե ընկերության եկամուտների մաքսիմալացումն է, այլ՝ որակյալ ծառայություններ մատուցելը և սեփական ծախսերը ծածկելը: Իմ family office-ը գործում է արդեն 10 տարի, և այդ ոլորտում կուտակվել է մեծ փորձ: Բացի այդ, ես ինքս համարվում եմ դրա հաճախորդ:
3) Նախագծերի երրորդ տիպը կապված է Ռուսաստանում բարեգործական ինդուստրիայի ստեղծման, ԱՊՀ-ի տարածքում կրթական նախաձեռնությունների ու Հայաստանի զարգացման հետ: Մեզ համար կարևոր են, որ նախագծերն ունենան ֆինանսական կայունություն, և մենք փորձենք առաջ քաշել այնպիսի մոդելներ, որոնց դեպքում դրանք ավելի քիչ չափով կախված կլինեն դոնորներից:
Մենք նաև փորձում ենք հեռանալ «ես քիչ եմ ստանում, հետևաբար աշխատում եմ այնքան, որքան որ կարողանում եմ» բանաձևից և լուծում ենք մոտիվացման հարցերը, որպեսզի մեր նախագծերում աշխատեն լավագույն մարդիկ: Եվ այստեղ նույնպես մենք վստահության մասին խոսում ենք որպես մրցունակության առավելության հիմքի մասին:
Մարդիկ ինձ հավատում են, որովհետև տեսնում են, որ ես ոչ միայն գումարներ եմ հավաքում նախագծերի համար, այլև՝ անձամբ եմ ներդրումներ անում: Ես ունեմ հաջողությամբ իրագործած նախագծեր, մարդիկ տեսնում են դրանք և հասկանում են, թե ինչպես և ինչպիսի սկզբունքներով են արվում դրանք.
հավաքված ողջ գումարն ուղղվում է նախագծին, ոչ մի կոպեկ չի ուղղվում օպերացիոն ծախսերին, գումարը չի հափշտակվում, և ընդ որում՝ գործում է կոլեգիալության սկզբունքը. չեն ձեռնարկվում նախագիծը սեփական կողմ քաշելու փորձեր:
Շատերը կարծում են, թե Վարդանյանը վաճառել է ընկերությունը և զբաղվում է բարեգործությամբ: Դա այդպես չէ: Ես պատրաստվում եմ թե՛ ներդրումային նախագծերով, թե՛ սերվիսով, թե՛ բարեգործությամբ ծառայություններ մատուցել հաճախորդներին, որոնք կմիավորվեն իմ շուրջ և կստանան կոմերցիոն շահ, որակյալ ծառայություններ և իրենց կզգան հետաքրքիր, վառ ու մասշտաբային բարեգործական նախագծերի մասնակից:
Ես ստանձնում եմ շատ մեծ պարտավորություններ ու ռսիկեր, և այն ամենը, ինչը ես արել եմ նախկինում, անում եմ նաև այժմ՝ սակայն միայն թե ավելի համակարգված ու նպատակային ձևով: Ես իմ էությամբ լավատես եմ: Դու պարզապես չես կարող բիզնես անել մի երկրում, եթե չես հավատում, որ իրավիճակը բարելավելու է այնտեղ: Ռուսաստանը պետք է կտրուկ թռիչք իրագործի:
Մենք պետք է հաղթահարենք բնակչության մեկ շնչին բաժին ընկնող 15.000 դոլարի նշաձողը: Դա անելը շատ ավելի բարդ է, քան 3000 դոլարից մինչև 15.000 դոլար նախնական աճը: Եթե չկարողանանք հաղթահարել այդ նշաձողը, ապա հետ կգլորվենք: Մենք կարող ենք բավական երկար պայքարել այդ նշաձողի համար: Օրինակ, Արգենտինան վերջին 100 տարում չի կարողանում անել դա:
Սակայն կա նաև մեկ այլ օրինակ: 1950-ական թվականներին համաշխարհային փորձագետները Հարավային Կորեային դասել էին երրորդ աշխարհի երկրների թվում՝ առանց հաջողության հասնելու հնարավորության: Անցավ 50 տարի, և իրավիճակը փոխվեց արմատականորեն:
Պատճառներից մեկն այն էր, որ Հարավային Կորեայում իրագործվեցին կրթական ոլորտի ֆանտաստիկ բարեփոխումներ, որոնք երկրին հնարավորություն տվեցին ձևավորել կատարելապես այլ, կրթված ազգ: Այսօր այդ երկիրն իր դպրոցական կրթական համակարգով մտնում է լավագույն եռյակի մեջ, իսկ Samsung-ը ոչ միայն հասույթի ցուցանիշով, այլև՝ արտոնագրերի քանակով գերազանցել է Sony-ին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Forbes պարբերականը հրապարակել էր «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները – 2014» վարկանիշային աղյուսակը, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանի կարողությունն աճել է 0.35 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ նա առաջադիմել է միանգամից 69 հորիզոնականով:
2008 թվականին Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1.3 միլիարդ դոլար (85-րդ տեղ), 2011 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (180-րդ տեղ), 2012 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (180-րդ տեղ), 2013 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (193-րդ տեղ):