Դավադրությո՞ւն, թե՞ հանձնարարական. ինչո՞վ է զբաղված Հովիկ Աբրահամյանը

Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելիս՝ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորեց կամ հրահանգեց առաջին հերթին՝ վերականգնել կառավարության վստահությունը: Սա կարելի է համարել նախագահի, իշխանության կողմից նորանշանակ վարչապետին ու դեռևս ամբողջությամբ չձևավորված կառավարությանը տրված քաղաքական պատվեր: Իսկ դա, իր հերթին՝ նշանակում է, որ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, խոստովանում են, որ հասարակության կողմից վստահություն չեն վայելում: Քանի որ վերականգնում են այն, ինչը խախլվել է, վնասվել է, կոտրվել է և այլն…

Կարելի է, իհարկե, կառավարության հանդեպ վստահությունն ամբողջությամբ բարդել Տիգրան Սարգսյանի սանրվածքի կամ ցինիզմի վրա, բայց դա մոտավորապես նույնն է թե՝ երեխայի կողմից ծնողի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելու համար դատապարտել երեխային՝ չանդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեքենայի բանալին հայտնվել երեխայի մոտ: Այսինքն՝ կառավարության հանդեպ վստահությունը կամ վստահության բացակայությունն ամբողջ իշխանության, բայց առաջին հերթին՝ նախագահի հանդեպ վստահությունն է և/կամ անվստահությունը: Ոչ միայն նախագահի սահմանադրական լիազորությունների ու պարտականությունների և դրանց շրջանակներում նաև ու առաջին հերթին՝ կառավարության գործունեության համար պատասխանատվության ֆորմալ ինստիտուտների, այլ նաև հայկական իրականության ոչ ֆորմալ այն իրողության պատճառով, որ Հայաստանում անգամ որևէ վարչության պետ չի կարող գործունեություն ծավալել՝ առանց վերադասի, վարչապետի դեպքում՝ նախագահի համաձայնության ու հանձնարարության:

Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի վեցամյա վարչապետությունն իշխանության, Սերժ Սարգսյանի, բոլոր ՀՀԿ-ականների վարչապետությունն էր՝ լայն իմաստով: Ու վստահության կորուստը բոլորի նկատմամբ վստահության կորուստն էր: Թեև գոյություն չունեցող որևէ սուբստանցիա անգամ վերանալու հատկություն չունի: Իսկ Հայաստանի իշխանության նկատմամբ վստահությունը հենց այդ սուբստանցիաների շարքից է: Ինչևէ:

Տիգրան Սարգսյանը կատարեց իր վրա դրված առաքելությունը՝ հասարակական ատելության թիրախ դառնալը (ինչին ոչ թե դիմադրեց, այլ անձնապես նպաստեց այնքան, որքան հնարավոր էր), և հեռացավ կամ հեռացվեց:
Ի՞նչ է անում նրանից հետո վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի կիսակառավարությունը: Կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգը՝ փորձում է վերականգնել անվերականգնելին: Իսկ դրա համար ընտրվել է Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից հանրային դժգոհություն առաջացրած տարբեր նախաձեռնությունները չեղյալ համարելու, իբրև թե հասարակության կողմից պահանջված նոր նախաձեռնություններով հանդես գալու մարտավարությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դրա լավագույն, բայց ոչ միակ օրինակն է: Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել նաև ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը նվազեցնելուն` ձեռքի հետ վերացնելով նաև «շքեղության հարկը», որն իշխանության փոքրաթիվ, բայց մեծահարուստ պաշտպանները կարող են ընդունել՝ որպես վարչապետի պաշտոնում նշանակվելու «մաղարիչ»: Հովիկ Աբրահամյանը գրեթե ամեն օր խոսում է նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, նրա կողքին կանգնելու մասին, խոսում է այնպիսի տոնայնությամբ, որ բոլորը հասկանան՝ ես անելու եմ այն, ինչ չի արել նախորդ կառավարությունը:

Այսինքն՝ իշխանությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների, գրեթե ամբողջությամբ զբաղված է նախորդ կառավարության քայլերը «cancel» անելով և հակառակ տրամաբանությամբ քայլեր կատարելով: Սա հակասում է ոչ միայն Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ նախորդ կառավարության մասին «կամ լավը, կամ ոչինչ», այլ նաև իշխանության պահպանման տրամաբանությանը: Այն, ինչ անում է այսօր Հովիկ Աբրահամյանը, գրեթե ուղղակիորեն նշանակում է՝ «սխալ հանել» Սերժ Սարգսյանին, քանի որ նորանշանակ վարչապետը դադարեցնում կամ վերափոխում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ժամանակին ներկայացնելիս՝ Տիգրան Սարգսյանը շեշտում էր՝ «բխում են նախագահի նախընտրական խոստումներից ու ծրագրից»:

Այսինքն՝ եթե Հովիկ Աբրահամյանի ներկայիս գործողությունները փորձենք բնութագրել նախընտրական կարգախոսների լեզվով, ապա ստացվում է, որ ըստ վարչապետի՝ Հայաստանը ոչ թե առաջ է գնացել, այլ հետ՝ ի հեճուկս 2008 թվականի Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսի, իսկ վերջին տարիներին էլ սլանում է դեպի անապահովության ճիրանները՝ ի հակադրություն Սերժ Սարգսյանի՝ արդեն 2013 թվականի խոստման՝ «Դեպի Ապահով Հայաստան»:

Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանն իր քայլերով ակնարկում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության անցած վեց տարիները ձախողվել են, դրա համար էլ հասարակությունը կորցրել է վստահությունը կառավարության նկատմամբ: Իսկ դրա տրամաբանական շարունակությունն այդ ծրագրի հեղինակի ու պատասխանատուի փոփոխությունն է:

Հնարավո՞ր է՝ Հովիկ Աբրահամյանն ու նրա թիմը չեն գիտակցում, որ նոր վարչապետի առաջին «ազդակները» նման ակնարկներ են պարունակում: Հազիվ թե: Անգամ, եթե նրա ողջ թիմը բաղկացած է մարդկանցից, ովքեր առաջնորդվում են քաղաքականության մեջ խելքի ոչ մեծ չափաբաժին ունենալու սկզբունքով:

Այսինքն՝ շատ ավելի հավանական է, որ սա մտածված, հաշվարկված մարտավարություն է: Հարցը՝ արդյո՞ք դա համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, առաջին հայացքից՝ անհեթեթ է հնչում, քանի որ խոսքը Սերժ Սարգսյանի դեմ ուղղված մարտավարության մասին է:

Բայց հաշվի առնելով հայաստանյան իրողությունները ու այս պահին անտեսանելի մի շարք գործոններ՝ պետք չէ բացառել, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե դավադրություն է իրականացնում Սերժ Սարգսյանի դեմ, այլ կատարում է վերջինիս հանձնարարականը: Այս պատասխանն ավելի անհեթեթ է հնչում, քանի որ ստացվում է՝ Սերժ Սարգսյանն ինքն է հրահրում իր դեմ ուղղված կառավարության գործունեությունը:

Այո, անհեթեթ է: Այնքան ժամանակ, քանի դեռ չենք հիշում, որ առնվազն 2008 թվականից Հայաստանում քաղաքական կյանքն ընթանում է վարունգի՝ հակառակ կողմից աճելու կամ սերտաճելու սկզբունքով: Այնպես որ, Հովիկ Աբրահամյանի ձեռնարկումներն իսկապես կարող են իշխանափոխության հանգեցնել: Ժամանակը ցույց կտա՝ իշխանության հատկապես ո՛ր թևի և իշխանությանը ձգտող հատկապես ո՛ր սուբյեկտների փոփոխության:

Տեսանյութեր

Լրահոս